Գյումրիի միակ լուսավոր բիզնես «Տնակը»

07.06.2019 | 09:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Տնակ #Հասմիկ Խաչատրյան #Գյումրի
Գյումրիում վաղեմության ժամկետն անցած տնակներից բացի՝ ծնվել է մի նոր «Տնակ», որը տարբերվում է իր ամրությամբ, լուսավորությամբ, ստեղծագործական մտքով ու հյուրերի քանակով: Այն լցված է գույներով, տարբեր լայնության ու երկարության նախշազարդ կտորներով, աքսեսուրարներով, կոճակներով ու թելերով:

«Տնակ բուտիկ ատելյե»-ն չորս տարի առաջ հիմնել է Հասմիկ Խաչատրյանը՝ վարկով ձեռք բերելով մեկ կարող ու մեկ եզրակարող մեքենա:

Տարիների ընթացքում «Տնակը» գյումրեցի կարող-ձեւող, վառ երեւակայությամբ մարդկանց համար դարձել է վայր, որտեղ կարելի փնտրել, փորձել, չգնել ու նորից վերադառնալ ցանկալի կտորի ու ձեւածքի հետեւից:

Մանկության «Զինգեր» մեքենան

«Կար, ձեւ, ոճ, դիզայն, էդ ամեն ինչը բոլոր փոքր աղջիկների առաջին հետարքրքություն է: Ես հիշում եմ՝ ունեցել ենք հին «Զինգեր» մեքենա, բոյըս կարճ էր, տիկնիկներին կդնեի ոտնակին, ճոճանակ կխաղայի, քիչմ մեծացա, սկսեցի տիկնիկների համար կարել, հետո ընձի համար կկարեի ու, իմիջայլոց, շատ լավ կարող էդպես էլ չդարձա»,- պատմում է Հասմիկն ու ներկայացնում իր մասնագիտական փնտրտուքները:

Հասմիկ Խաչատրյանը

Ավարտել է Պոլիտեխնիկ ինստիտուտի կարի տեխնոլոգիա բաժինը, ուսանողության տարիներն անցել են դժվարություններով լի 1990-1995-ին: Ապա՝ տուն-տեղ, ընտանիք, աշխատել է ինչպես ինքն է ասում՝ լավ տեղերում: ՓՄՁ ԶԱԿ մարզային մասնաճյուղի հիմքերում կանգնածներից է եղել, այնուհետ աշխատել է բանկային համակարգում.

«Ու տարիների ընթացքում էդ ամեն ինչը էփվավ-էփվավ, ու որոշեցի իմ բիզնեսը հիմնել, իսկ ամենամոտիկը ինձ՝ կարն էր»:


Կարի արմատներն ու շուկայի ուսումնասիրությունը

Պարզվում է՝ թել ու ասեղի նկատմամբ Հասմիկի հետաքրքրությունը պատահական չէ: Նրանց ընտանիքում սուրբ մասունքի պես պահում են տատիկի մոր ալբոմը:

1909-ին թվագրվող ալբոմն ասեղնագործության յուրօրինակ հավաքածու է, որտեղ կարելի է թավշյա, մետաքսյա կտորների վրա գտնել կարի տարբեր տեսակները՝ ոսկե ու արծաթե թելերով կարված: Այնքան նուրբ ու համաչափ է, որ զգուշությամբ ես հպվում, որ հանկարծ որեւէ թել չվնասվի:


Ամեն մի նմուշի վրա գրված է կարի տեսակը: Իսկ պատմության մասին վկայում է ընդամենը երկու վկայական, որոնք հարուստ տեղեկություն են, այն մասին, թե ազգագրության ինչ մեծ հարստություն է ամբարված այս թերթերի արանքում:

Վկայականում նշված է, որ Երանուհի Ափոյան-Կասաբովան 1910-ին մասնակցել է մադամ Թեոդորի փարիզյան կարի հմտություններ դասին, ապա՝ Թիֆլիսում կազմակերպված մասնագիտական դասերին:


Երանուհի տատիկի ժառանգներից միայն նրա ծոռնուհին՝ Հասմիկն է ժառանգել կարի ու ձեւածքի նկատմամբ հետաքրքրությունը: Սակայն միայն հետաքրքրությունը բավական չէ Գյումրիում բիզնես սկսելու համար: Նա ուսումնասիրեց շուկան ու նոր առաջարկ ուներ:

«2015-ին Գյումրիում կար մեկ կենտրոն, որտեղ միայն կարում էին, ու մեկ-երկու գործվածքի փոքր խանութ՝ շատ քիչ տեսականիով: Մենք մի քիչ այլ բան առաջարկեցինք: Մեզ մոտ կա խորհրդատվություն, կա կտոր, կա ծառայություն (դերձակ): Մենք միայն չենք վաճառում, մենք խնդիր կլուծենք: Մարդը գուկա 10 սմ կտորի համար, մենք չենք զլանա, ժամերով կարող է խոսանք, ցույց տանք, փորձենք, ու կարող է ոչինչ չգնել ու գնալ: Այնպես ենք անում, որ իրանք էլ իրանց վատ չզգան, մենք էլ վատ չզգանք, որովհետեւ բոլորս էլ հաճախորդ ենք: Իհարկե, կատարյալ չենք, բայց փորձում ենք»,- նկատում է Հասմիկ Խաչատրյանն ու պատմում բիզնեսի այս տեսակի առանձնահատկությունների մասին:

Հասմիկ Խաչատրյանը

Առաջին խանութն ու «թեւ ու թիկունք» ընտանիքը

«4 տարի առաջ ընտանյոք հանդերձ էինք՝ ես, քույրս, ամուսինս ու աղջիկներս: Խանութն էլ որոշեցինք, որ Գյումրիի կենտրոնում պետք է լինի: Սկզբից մե քիչմ ներս ընկած տեղ էր խանութը, բայց հետո կարողացանք ընդլայնվել ու հիմա կենտրոնական փողոցի վրա ենք. բոլորը գիտեն մեր տեղը»,- 4 տարեկան «Տնակ»-ի մասին է պատմում Հասմիկն ու հրավիրում իրենց առաջին մշտական բնակչին՝ Մարիամին:

Մարիամ Մուրադյանը մասնագիտությամբ դիզայներ է, գործազուրկների տեղավորման ծառայության հորդորով եկել է «Տնակ բուտիկ ատելյե» ու դարձել առաջին աշխատողը: Նա օգնել է կարել, խորհուրդներ տալ հաճախորդներին ու հիմա էլ հպարտանում է, որ հաճախ գալիս են իր կարծիքն իմանալու, ինչը վկայում է, որ վստահություն են շահել եւ ոչ միայն:

Մարիամ Մուրադյանը

«Սկզբից գալիս ասում էին, «Ինչ լավ է, էլ չենք հասնի Երեւան»: Գյումրիում կան մարդիկ, որ շոր կարել կուդան ու կհասնեին Երեւան, բայց գալով մեր խանութ կգտնեին այնպիսի բան, որ իրանց մտքով չէր էլ անցնի, օր կարող է գտնին: Բացի այդ գնային առումով էլ էժան է մեզ մոտ, հմի ավելի շատ գալիս են մեզ մոտ»,- պատմում է Մարիամը:

Հարցին, թե ինչպիսի հագուստ են կարում գյումրեցիները ու ինչպես սովորեցին ավելի շատ վստահել դերձակներին, պատասխանում է «Տնակ»-ի տիրուհին.

«Կան մարդիկ, որոնց մոտ կարած հագուստը որակ, յուրօրինակություն ու շուկայականից թանկ զգեստ է նշանակում, կա եւ հակառակը՝ մարդ էլ կա, որ գալիս ասում է կիսաշրջազգեստը քանիսով կկարեք, կըսենք 3000 դրամ, կպատասխանեն՝ կտորն էլ հե՞տը: Աստիճանաբար մտածելակերպը փոխում ենք, բայց դեռ մեզ զարմացնող հաճախորդներ ունենք»:

Ընկեր Նելլին

Այս մասին նաեւ դերձակներն են նշում: Իսկ ընկեր Նելլին, որ 50 տարվա դերձակության փորձ ունի եւ հետեւում է որակին, կարելու ու ձեւելու նուրբ արվեստը փոխանցում սկսնակներին, տարիների ընթացքում մի հետեւություն է արել.

«Գյումրեցիները ավելի շատ ավանդական շորեր կսիրեն, աչքի չընկնող: Բայց վերջին տարիներին ջահելները գալիս են նկարներով ու հետաքրքրիր զգեստներ են պատվիրում»:

«Շապխաներ», տարազներ ու մանեկեններ

Կտորների բազմազան տեսականիից ու դերձակի ծառայությունից բացի, «Տնակ բուտիկ ատելյե»-ն պարբերաբար նոր նախաձեռնություններ է իրականացնում, փորձում գտնել նոր գնորդներ ու նաեւ ոճ թելադրել:

Հին ու նոր նորաձեւության միտումները համատեղելով՝ սկսել են կարել գյումրվա գլխարկներ՝ «շապխաներ»: 1900-ականներից սկսած՝ Ալեքսանդրապոլի արհեստավորական խավի մեջ լայն տարածում գտած գլխարկը՝ «շապխան», կիրառական գործածությունից զատ, միաժամանակ տղամարդու պատիվն էր, նրա արժանապատվության, «տղամարդկության» ցուցիչը:


«Տնակ»-ում կարելի է գտնել նման գլխարկների լայն տեսականի, բայց եթե նախկինում այս գլխարկները կրում էին տղամարդիկ, հիմա նորաձեւությունը դրանք կանանց գլխի զարդն է դարձել: Զբոսաշրջիկներին հետաքրքրում է հին գլխարկների նոր շունչը, նորաձեւության հետեւողներին՝ դիորյան գլխարկից զգեստապահարանում ունենալու ցանկությունը:

Շարունակելով հնի ու նորի համադրությունը՝ սկսել են տարազներ պատրաստել: Ճիշտ ու գրագետ կարելու համար օգտվում են տարազագիտության տարբեր գրքերից, երբեմն զուգորդում են տարբեր նախշազարդեր ու տարրեր:

Վարձույթով վերցնելու պայմանով ոչ միայն պարի խմբերի համար կլինի այս հավաքածուն, այլեւ բոլոր նրանց համար, ովքեր կուզենան տարազ կրել, նկարվել կամ, օրինակ, հարսանիքի օրը ներկայանալ սպիտակ տարազով:


«Հուշանվերներ էլ ենք պատրաստում, ինչպես Պատմության թանգարանում են ներկայացված տարազները, նույնն էլ մենք ենք պատրաստում: Ոչ թե տիկնիկներ, այլ մանեկեն-մինատյուրաներ ենք սարքել: Դեռեւս վերջնական տեսք չունի, պետք է փաթեթավորենք, գրենք, որ տարածաշրջանի ու դարաշրջանի տարազն է: Ահագին չարչարվեցինք, 3D պրինտով ստացանք մանեկենները, ամբողջությամբ ձեռքի աշխատանք է»,- ներկայացնում է Հասմիկ Խաչատրյանն ու շունչ քաշելով հավելում.

«Հլը լիքը զարգանալու տեղ ունինք, հիմա «Տնակ բուտիկ ատելյեն» ունի 5 աշխատող: Դեռ պետք է շատ բան անել, որ հասնենք եկամտաբերության շեմին: Ես բիզնես օր կդնեի մեծ եկամուտներ չէի սպասե, ավելի շատ աշխատատեղ կստեղծես քեզի ու մյուսների համար»:


Հասմիկը նաեւ մի կարեւոր հանգամանք է նշում. կնոջ համար բիզնես սկսելը ու բիզնեսով զբաղվելը դժվար չէ, կինն ավելի ճկուն գործարար է, եթե տնեցիները կանգնած են թիկունքին.

«Եթե տնեցիներս դեմ լինեին, ես բիզնես չէի սկսե: Երեխաներս սովորում են Երեւանում, բանմ պետք կէղնի, կերթան ման գուկան կգտնին: Ամուսինս է շատ պատրաստակամ, բժիշկ լինելով լրիվ մտել է մեր կարուձեւի մշակույթի մեջ: Արդեն հարսանիք կէրթանք, կսե ըսիկ կարած շոր է, ընիկ պատրաստի շոր է»:

«Տնակ բուտի ատելյե»-ի ծնունդով Գյումրիում սկսեցին մեկը մյուսի հետեւից բացվել նորաձեւության ու դերձակի ծառայության տարբեր սրահներ, ինչն ուրախացնում է Հասմիկին, քանի որ իր լուման այս գործում ունեցել է: Իսկ նոր սրահները Գյումրիի փոքր շուկայում ապահովում են մրցակցություն, հետեւաբար՝ որակ:

Անահիտ Հարությունյան
Լուսանկարները՝ Գեւորգ Ղազարյանի
Դիտում՝ 10600
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai