«ԹեՅան»-ը մտադիր է հայկական բրենդը ճանաչելի դարձնել աշխարհում

22.05.2019 | 09:17 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#ԹեՅան #Աստղիկ Գալստյան #թեյ
Եթե նախկինում լսում էինք, թե լավագույն թեյը չինականն է, հնդկականը կամ էլ պարսկականը, ապա այսօր հայաստանյան շուկայում արդեն կա «ՅԱՆ» վերջավորությամբ թեյի տեսականին, որն իր որակով փորձում է չզիջել դրսի թեյերին:  

Banks.am-ի թղթակիցն այցելել է Էջմիածին, զրուցել «ԹեՅան» թեյերի արտադրության հիմնադիր Աստղիկ Գալստյանի հետ, ծանոթացել արտադրամասին եւ թեյերի պատրաստման գործընթացին։

Դեղագիտությունից դեպի բիզնես

Երկար տարիներ դեղագործություն ուսումնասիրելուց հետո Աստղիկ Գալստյանը որոշում է՝ պետք է փոխել ապրելակերպն ու գիտելիքներն էլ ավելի օգտակար գործի ծառայեցնել։ Դեղագործի համար այդքան էլ բարդ չէր տարանջատել բույսերի տեսակներն ու հասկանալ օգտակարությունը։


Դեռ վաղ տարիքում ապագա գործարարը դեղագետ եւ բուսաբույժ հոր միջոցով ծանոթանում էր բույսերի տեսակներին, օգտակարությանն ու ազդեցությանը: Բույսերի միջոցով գումար աշխատելն ընտանեկան փոքրիկ գաղտնիքներից մեկն է: Հոր համար բույսեր հավաքելու դիմաց երեխաները կլորիկ գումար էին ստանում ու ավելի ոգեւորվում բույսերը ճանաչելու գործում:

Դեղագիտության եւ թեյագործության ոլորտների միջեւ ընտրության հարցում, տարիներ անց, հաղթում է վերջինը: Թեյագործությունն ավելի գրավիչ ու խոստումնալից էր, իսկ կյանքի ընկերը՝ ամուսինը, պատրաստ էր նրան օգնել: Այդպիսով սկիզբ է դրվում ընտանեկան բիզնեսին:

Աստղիկը, թեյերի բիզնես սկսելու համար, առաջարկում է նախատեսել ամենաքիչը $200. սա այն դեպքում, եթե ինքնուրույն եք հավաքելու բույսերը եւ ինքներդ եք մտածելու բիզնեսը զարգացնելու մասին:

Թեյի մշակումը

Ի տարբերություն գործարաններում մշակվող թեյերի՝ «ԹեՅան» ընկերության թեյերն ամբողջությամբ ձեռքով են պատրաստվում։


«Ի սկզբանե որոշել ենք զերծ մնալ ավտոմատացումից։ Մեր թեյն ամբողջովին ձեռքի աշխատանք է՝ սկսած հումքի մշակումից մինչեւ փաթեթավորում, յուրաքանչյուր փաթեթի մեջ հատ առ հատ չափաբաժիններով թեյ ենք ավելացնում»,- նշում է Աստղիկ Գալստյանը։

Նոր աշխատատեղեր

Սա ոչ միայն ընտանեկան բիզնես է, այլեւ խոստացված հայրենանվեր աշխատանքի մի մասը։ Պարզվում է, որ թիմն ընդլայնելիս «ԹեՅան»-ի արտադրողները մեծ ուշադրություն են դարձնում հատկապես սահմանամերձ գյուղերի բնակիչներին։


Սկզբնական շրջանում «ԹեՅան»-ն Աստղիկի եւ իր ամուսնու աճեցրած, մշակած արտադրանքն էր, իսկ հիմա ամեն բան այլ է, քանի որ պահանջարկի հետ կրճատվել է ազատ ժամանակը:

«Փաթեթավորում ենք թեյն այնպես, որ մարդուն ե՛ւ հարմար լինի, ե՛ւ վստահորեն տեսնի՝ ինչ է խմում։ Թեյի ամեն փաթեթում պարզ երեւում է, թե ինչ բույսեր կան մեջը։ Այս աշխատանքում մեզ օգնելու են հատկապես սահմանամերձ գյուղերի պատանիները, կանայք»,- ասում է Աստղիկ Գալստյանը։

Աստղիկ Գալստյանը

Որակի հետքերով

Հայկական թեյը ներսի եւ դրսի սպառողներին ներկայացնելիս արտադրողներն ուշադրություն են դարձրել շուկայի մրցակցությանը։

«Ներկայացնում ենք 4 տեսակի թեյ, որոնք ամբողջովին բնական են, առանց արհեստական բուրավետիչների եւ կոֆեինի: Համը ստանում ենք հատուկ կշռված չափաբաժիններով։ Կիրառում ենք ոչ միայն բույսեր, այլեւ բնական համեմունքներ, մրգեր, դարչին, կիտրոն, չիչխան եւ այլն»:


Գնային ծանոթություն

Չնայած հումքի համար պահանջվող գնային տարբերությանը՝ արտադրանքը գնողին հասնում է ոչ մեծ գնային տարբերությամբ։

«Ունենք 4 տեսակի թեյ: Ամեն թեյի տուփի մեջ 10 փաթեթ է, իսկ տուփերի չափերը տարբեր են՝ 10 գ, 35 գ, ինչպես նաեւ կախված պատվերներից եւ համեմունքներից: Մեկ տուփի շուկայական գինը մինչեւ 3000 դրամ է»,- նշում է «ԹեՅան»-ի հիմնադիրը։

Դեպի երազանք

Այժմ «ԹեՅան»-ը հասանելի է Երեւան եւ Էջմիածին քաղաքների 10 խանութներում։

Ընկերությունում վստահեցնում են, որ ապագա արտադրամասը ոչ միայն թեյերի արտադրության միջավայր է լինելու, այլեւ տուրիզմի զարգացման նոր խթան:


Չակերտները չբացելով՝ Աստղիկ Գալստյանը նշում է, որ միջազգային համագործակցություններ եւս սպասվում են։

Վերջին շրջանում տարբեր մայրցամաքներից հետաքրքրվում են հենց «յան» վերջավորությամբ թեյերն արտահանելու գաղափարով։ Իսկ առաջին երկիրը, որը կունենա հայկական արտադրանքի բուսական թեյ, ԱՄՆ-ն է։

Տեքստն ու լուսանկարները՝ Շուշանիկ Ասատրյանի
Դիտում՝ 13198
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai