Տրամադրության հովանավորը՝ մեկ գավաթ գինի

06.05.2019 | 14:42 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#գինու օրեր #գինի #Սալոմե Հովսեփյան
Անցած շաբաթվա ավարտը Երեւանում առանձնացավ մայրաքաղաքի բնակիչների եւ հյուրերի բարձր տրամադրությամբ. մայիսի 3-ին եւ 4-ին արդեն երրորդ անգամ անցկացվեց «Երեւանի գինու օրեր» միջոցառումը։

Banks.am-ի թղթակիցը եղել է Սարյան փողոցում, լուսանկարել ժպտացող մասնակիցներին եւ փորձել պարզել գինու ազդեցության «գաղտնիքները»։

Ամերիկյան համալսարանի ուսանող Ռուզաննան ամեն տարի մասնակցում է «Երեւանի գինու օրերին»։ Այստեղ էր եկել նաեւ միջոցառման երկրորդ օրը՝ անտեսելով անձրեւը։

«Գինին տրամադրությունս միշտ բարձրացնում է։ Ընդհանրապես շատ ծանր ազդեցություն չի թողնում ինձ վրա, որովհետեւ սովոր եմ գինի խմել։ Երեւի թե 4-5 գավաթից հետո սկսում եմ ավելի շատ խոսել»,- պատմում է նա՝ հավելելով, որ ամեն տարի անհամբեր սպասում է այս միջոցառմանը, քանի որ մթնոլորտը հրաշալի է։

Ռուզաննա Խուդավերդյանը

Սոմելյե Կարեն Զուրաբյանի խոսքով՝ գինու ստեղծած տրամադրությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ միջավայրում ես այն խմում։ Յուրաքանչյուր տրամադրություն եւ եղանակ իր գինին ունի։

«Բարձր տրամադրության համար խորհուրդ կտամ հիմա կենտրոնանալ ավելի թեթեւ գինիների վրա։ Գարնանը մարդուն թարմեցնող գինի է պետք, ինչպես օրինակ նորզելանդական «Սովինյոն բլանը» կամ բորդոյան սպիտակ գինին, նաեւ հայկական փրփրուն գինիներ, որոնք անշուշտ կառույգացնեն եւ լավ տրամադրություն կհաղորդեն»,- մանրամասնում է սոմելյեն։

Կարեն Զուրաբյանը

Գինին համտեսելիս սոմելյե Սալոմե Հովսեփյանը կարեւորում է խմիչքի ներկայացումը հաճախորդին։


«Գինին հոգեբանություն է, փիլիսոփայություն, տրամադրություն եւ արվեստ։ Դրա թե՛ ճիշտ ներկայացումը, թե՛ վատ ներկայացումն ազդում է ինչպես գինու, այնպես է մարդու վրա։ Բաց համտեսների ժամանակ հաճախորդին գինին պետք է ներկայացնել ոչ թե բարդ տերմինաբանությամբ, այլ մատչելի լեզվով։ Սովորական սպառողի համար կարեւոր չեն բերքահավաքի մանրամասները, եւ պետք է ներկայացնել, թե խմելիս ինչ համ կամ ետնահամ կզգա, ինչ ուտելիքի հետ համադրի, որ առավել հաճույք ստանա»,- նշում է սոմելյեն։

Սալոմե Հովսեփյանը

Սալոմե Հովսեփյանը հավելում է, որ գինու եւ ճաշատեսակների համադրման համար գոյություն ունեն դասական մեթոդ եւ իմպրովիզներ։

«Դասական մեթոդի դեպքում սպիտակ գինին համադրվում է պանիրների, ծովամթերքի եւ սպիտակ մսի հետ։ Եթե վարդագույն գինին դեսերտային է, ապա կարելի է համադրել մրգերի հետ, եթե չոր է՝ ձկան։ Իսկ կարմիր գինիները՝ չոր եւ մարմնեղ, ճիշտ է համտեսել կարմիր մսի հետ»,- պարզաբանում է նա։

Տեքստն ու լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
Դիտում՝ 8269
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai