UNCTAD-ի փորձագետները Հայաստանի ներդրումային այցեքարտն են մշակում

06.04.2019 | 11:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#UNCTAD #Հայկ Հովհաննիսյան
Այսօր ամփոփվում է ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) փաստահավաք փորձագիտական խմբի այցը Հայաստան: Նրանք, նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով, մարտի 27-ից Հայաստանում առաքելություն են իրականացնում՝ երկրի ներդրումային քաղաքականության զեկույցի նախապատրաստման աշխատանքների ուղղությամբ:

UNCTAD-ը նմանատիպ զեկույցներ է պատրաստել աշխարհի շուրջ 50 երկրի համար։

Երկշաբաթյա այցի շրջանակում փորձագիտական խումբը, Շվեյցարիայում Հայաստանի առեւտրական ներկայացուցիչ Հայկ Հովhաննիսյանի ուղեկցությամբ, հանդիպումներ եւ քննարկումներ է ունեցել 50-ից ավելի ձեռնարկատերերի, բիզնես ասոցիացիաների, միջազգային ու դոնոր կազմակերպությունների եւ պետական կառույցների ներկայացուցիչների հետ։

UNCTAD-ի փորձագետներն ու Հայկ Հովհաննիսյանը Banks.am-ին պատմել են զեկույցի պատրաստման ընթացքի եւ ակնկալվող արդյունքների մասին։



Մասիմո Մելոնի, UNCTAD, տնտեսական հարցերով պատասխանատու

UNCTAD-ի ներդրումային քաղաքականության զեկույցի նպատակներից է օգնել երկրներին բարելավել իր ներդրումային քաղաքականությունը՝ աշխարհի տարբեր կառավարություններին ու միջազգային մասնավոր հատվածին ծանոթացնելով տվյալ երկրի ներդրումային միջավայրին։

Շահագրգիռ բոլոր կողմերի հետ հանդիպումների ընթացքում մենք փորձում ենք պարզել ոլորտային բացերն ու խոչընդոտները։ Բացահայտելու ենք նաեւ այն ներուժը, որը կբարձրացնի ՀՀ ներդրումային մթնոլորտի գրավչությունը։

Մեր զրույցներում մտահոգությունները մեծ մասամբ վերաբերել են ոչ այնքան օրենսդրական կարգավորումներին, որքան խնդիրներին՝ կապված բիզնեսի գործելակերպին, մրցակցությանը, շուկայի համակենտրոնացմանը եւ կայունությանը։

Մեր զեկույցում կոնկրետ առաջարկություններ ենք ներկայացնելու, թե ինչպես կարելի է ակտիվացնել օտարերկրյա ներդրումների հոսքը երկիր եւ ինչպես լավագույնս օգուտներ քաղել ներդրումներից՝ երկրի կայուն զարգացման համար։

Զեկույցի նախնական տարբերակը նախատեսում ենք ավարտել մինչեւ հունիս, որից հետո շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ Երեւանում համաժողով կանցկացվի։

Վերջնական զեկույցը ներկայացնելու ենք Ժնեւում մեր միջկառավարական մակարդակով հանդիպմանը։

Արիել Իվանիեր, UNCTAD, փորձագետ

Մեր վերջնական նպատակն է Հայաստանին տրամադրել առաջարկությունների փաթեթ, որը կօգնի բարելավել երկրի դիրքերը տարածաշրջանային եւ համաշխարհային փոփոխությունների համատեքստում։ Մեր առաջարկած ռազմավարությունն ընդգրկելու է տնտեսության առանձին ճյուղեր։

Եթե Հայաստանն ընտրի հատուկ ոլորտներ, որոնք կընդգծեն երկրի առանձնահատկությունները՝ ոչ միայն միջոցների, այլեւ հմտությունների տեսանկյունից, ապա հնարավոր է, որ այդ անհատական գործողությունները հաջողեն։


Բիզնեսին աջակցությունը, երկրի իմիջի ձեւավորումը, մարքեթինգը, ներդրողների թիրախավորումը շատ կարեւոր գործոններ են։ Կառավարության եւ բիզնես հատվածի հաղորդակցությունը պետք է լինի դյուրին, արագ եւ արդյունավետ։ Այս ամենն ու ուժեղ ինստիտուտների առկայությունը կարեւոր են ներդրումային քաղաքականության հաջողությունը ապահովելու համար։

Հայաստանում ՏՏ-ն, գինեգործությունը բարգավաճող ոլորտներ են։

Դիտարկվում է նաեւ Հայաստանը ծառայությունների տարածաշրջանային հաբ դարձնելու հնարավորությունը։

Հայկ Հովhաննիսյան, Շվեյցարիայում Հայաստանի առեւտրական ներկայացուցիչ

UNCTAD-ի ծրագիրը չի սահամանափակվում միայն մեկ զեկույցի հրապարակմամբ, այլեւ ուսումնասիրում է բարեփոխումների կիրարկումը եւ դրա վերաբերյալ հրապարակում լրացուցիչ զեկույց:

Վիճակագրական հետազոտությունը ցույց է տալիս, որ այն երկրները, որտեղ պատշաճ մակարդակի կիրարկվել են UNCTAD-ի զեկույցի առաջարկությունները, հաջորդող 5 տարիների ընթացքում գրանցել են օտարերկրյա ներդրումների մինչեւ եռապատիկ աճ (206%-ով): 2016-2017-ին, երբ գլոբալ անդրսահմանային ներդրումային հոսքերը գրանցել են 23%-անոց անկում, այդ երկրներն ունեցել են օտարերկրյա ներդրումների 29%-անոց աճ:


Կարեւոր է նաեւ, որ UNCTAD-ի փորձագիտական առաքելությունը չի ներկայացնում պետական կամ մասնավոր հատվածի շահեր, չի կրում որեւէ քաղաքական երանգ:

Հատկանշական է, որ շատ մեծ պետություններ, այլ երկրների տնտեսական ու ներդրումային միջավայրի վերաբերյալ իրենց զեկույցներում հիմնվում են հենց UNCTAD-ի այս աշխատությունների վրա:

Ներդրումային քաղաքականության զեկույցն առեւտրական դիվանագետի ձեռքում դառնում է երկիրը ներկայացնելու նշանակալի այցեքարտ, մասնավորապես, եթե բարեփոխումների կիրարկման մասով դրական արդյունքներ ներկայացնենք:

Պատրաստեց Թագուհի Հովհաննիսյանը
Դիտում՝ 34538
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai