Apaga-ն կերտում է առանց պլաստիկ թափոնների «ապագա»

02.04.2019 | 11:27 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Apaga #Սեդրիկ Սոլմզ #Միխային Զամսկոյ
Մոտ երեք տարի առաջ UWC Դիլիջան միջազգային դպրոցում ուսանելու համար Հայաստան ժամանեցին Սեդրիկ Սոլմզը՝ Գերմանիայից եւ Միխային Զամսկոյը՝ Ռուսաստանից։ Նրանք սիրեցին Հայաստանը, մարդկանց եւ բնությունը։ Զարմանալի ու տարօրինակ թվաց միայն մի բան՝ շրջակա միջավայրն աղտոտված է թափոններով։ Երիտասարդները որոշեցին անձամբ քայլեր ձեռնարկել՝ միտված բնության պահպանությանը, իսկ թե ինչպես՝ պատմել են Banks.am-ի հետ զրույցում։

Մաքուր միջավայր՝ անկախ բնակության վայրից

Սեդրիկը եւ Միխայիլը, տարված լինելով լեռնագնացությամբ եւ արշավներով, հաճախ էին լինում տարբեր վայրերում, որտեղ թափոններով աղտոտված շրջակայքը փչացնում էր տպավորությունը։  


«Ես Գերմանիայում նման երեւույթի գրեթե չեմ առնչվել։ Սկզբում ինձ թվում էր, թե գերմանացիներն ավելի շատ են մտահոգվում շրջակա միջավայրի մասին, քան հայաստանցիները։ Որոշ ժամանակ անց հասկացա, որ շատ վայրերում պարզապես մաքրման աշխատանքները լիարժեք չեն իրականացվում։ Կարծում եմ՝ մարդկանց մտածելակերպը համանման է, պարզապես Գերմանիայում կան համապատասխան ենթակառուցվածքներ եւ բավարար գումար՝ մաքրման աշխատանքներ իրականացնելու համար, իսկ Հայաստանում՝ ոչ»,- պատմում է Սեդրիկ Սոլմզը։

Սեդրիկ Սոլմզը

Նրա խոսքով՝ թափոնների վերամշակումը կարող է մեծ թվով մարդկանց ներգրավել եւ աշխատանքով ապահովել։ Սա եւս մեկ պատճառ էր՝ այս ոլորտում գործունեություն սկսելու համար:

   
Զրոյական բյուջեն՝ ստեղծարար մտքի խթան

Սովորելու տարիներին ընկերացած ու նույն խնդրով մտահոգված Սեդրիկն ու Միխայիլը 2016-ի հոկտեմբերին ստեղծեցին Re-apaga բարեգործական հիմնադրամը, որին կատարած նվիրատվությունների շնորհիվ հնարավոր դարձավ Դիլիջանում շահագործել «Իմպուլս» վերամշակման գործարանը։

Շուտով ի հայտ եկավ նոր հանգամանք.

«Որոշ ժամանակ վերամշակում իրականացնելուց հետո հասկացանք հետեւյալը․ խնդիրն ամենեւին էլ այն չէ, որ Հայաստանում չկան բավարար քանակով վերամշակման գործարաններ, այլ պարզապես տեղափոխման ծախսերը հաճախ գերազանցում են թափոնի արժեքը»։

Սեդրիկ Սոլմզը

Միջոցները սպառված էին, գործարանի աշխատանքը՝ անարդյունավետ։ Ծրագիրը ժամանակավորապես դադարեցվեց՝ ճանապարհ բացելով բոլորովին նոր գաղափարի իրագործման համար։ 2018-ի մայիսին ստեղծվեց Apaga կանաչ համայնքը՝ հարթակ, որ միավորում է վերամշակման գործընթացի բոլոր մասնակիցներին։


«Մենք որոշեցինք ստեղծել համայնք, որում վերամշակումից կշահեն բոլորը։ Մարդիկ, որ ցանկանում են պլաստիկ թափոնները հանձնել վերամշակման, դառնում են մեր բաժանորդը, վճարում մեզ տարեկան $16 եւ մենք ամսական մեկ անգամ իրականացնում ենք պլաստիկի տեղափոխում դեպի վերամշակման գործարաններ»,-մանրամասնում է գերմանացի երիտասարդը՝ հավելելով, որ հանձնած թափոնների դիմաց տրամադրում են զեղչի կտրոններ՝ 23 գործընկեր կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար։


Apaga-ի ապագան

Այս պահին Apaga-ին միացել է 270 ընտանիք եւ 12 բիզնես ընկերություն։ Բաժանորդագրումը սկսել են 2018-ի հոկտեմբերից եւ այդ պահից ի վեր վերամշակման են ուղղել մոտ 4 տոննա պլաստիկ։

Թափոնների հանձնումն ավելի գրավիչ դարձնելու եւ համայնքն ընդարձակելու համար նախատեսում են ստեղծել «խելացի» արկղեր։ Գցելով թափոնը սարքավորման մեջ՝ մարդիկ կկարողանան միավորներ կուտակել՝ հետագայում դրանցով գնումներ կատարելու կամ զեղչեր ստանալու նպատակով։

Նման սարքավորումները Հայաստանում արտադրելու համար այժմ բանակցում են մի քանի ընկերությունների հետ։

«Խելացի» արկղի օրինակ Եվրոպայում

Նախատեսում են գործարկել նաեւ հավելված, որը կհեշտացնի բաժանորդագրումը, հնարավորություն կտա օնլայն տարբերակով վճարում կատարել եւ թափոնների մասին տեղեկատվություն ստանալ։


«Մենք ցանկանում ենք Հայաստանում ներդրած մոդելը ծառայեցնել որպես օրինակ այլ երկրների համար՝ հետագայում ընդլայնելով ծրագրի աշխարհագրությունը։ Մասնակի ուսումնասիրել ենք իրավիճակը Վրաստանում եւ, հավանաբար, այնտեղ եւս կստեղծենք նման համակարգ»,- ապագայի ծրագրերն է ներկայացնում Սեդրիկ Սոլմզը։

Տղաները նշում են, որ որոշ ժամանակ անց մեկնելու են Հայաստանից, սակայն խոստանում են վերադառնալ Հայաստան եւ կյանքի կոչել նախանշած ծրագրերը:

Գայանե Ենոքյան
Դիտում՝ 8209
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai