Ենոքավանի «տեսիլքը»՝ իրականություն դառնալու ճանապարհին

29.03.2019 | 10:15 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Ենոքավան #Տիգրան Չիբուխչյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 24-ին այցելել էր Տավուշի մարզի Ենոքավան համայնք, որտեղ ծանոթացել էր «Ենոքավանի զարգացման ռազմավարություն 2025» նախագծին։

Banks.am-ի թղթակիցը զրուցել է ռազմավարության իրականացման կոորդինատոր, «Յելլ էքստրիմ պարկ»-ի հիմնադիր Տիգրան Չիբուխչյանի հետ, պարզել հանդիպման մանրամասները եւ խոսել Ենոքավանի զարգացման հեռանկարների մասին։

Հոնի այգին՝ որպես սկիզբ

2001-ին Չիբուխչյանների ընտանիքը հայրենի Ենոքավանում հոնի այգի տնկեց։ Սա այն բուսատեսակն է, որին բերքատվության հասնելու համար 15-20 տարի է անհրաժեշտ։ Չիբուխչյանների համար այգին դարձավ համայնքի հետ կապված երկարաժամկետ ծրագրերի խորհրդանիշը։ Նպատակը մեկն էր՝ այնպես անել, որ մարդիկ գյուղում ապագա տեսնեն։


«2001-ին Հայաստանում արտաքին բավարար լուսավորություն չկար, Սեւան-Դիլիջան թունելը դեռեւս չէր կառուցվել, իսկ ճանապարհներն էլ այնպիսի վիճակում էին, ասես համաշխարհային պատերազմը հենց նոր էր ավարտվել։ Հենց այսպիսի պայմաններում էլ մենք սկսեցինք զբոսաշրջիկներ բերել Ենոքավան»,- պատմում է Տիգրան Չիբուխչյանը։


Նա վստահ է՝ ինչպես 15 տարվա ընթացքում կարողացել են այցելուների թիվը 0-ից հասցնել տարեկան 50 000-ի, այնպես էլ մինչեւ 2025-ը կհաջողեն ցուցանիշը հնգապատկել։

Երազանքի հստակ ճանապարհը

Մինչեւ 2014-2015-ը համայնքում ներդրումներ կատարել է բացառապես Չիբուխչյանների ընտանիքը՝ շուրջ $8-9 մլն, իսկ 2016-ից ի հայտ են եկել այլ ներդրողներ, այնուհետ որոշվել է նոր ռազմավարություն մշակել։

Եթե առաջին փուլում հիմնական նպատակն այն էր, որ մարդիկ իրենց ապագան կապեն Ենոքավանի հետ, ապա այժմ անհրաժեշտ է հստակ հասկանալ՝ ինչպես պետք է զարգանա համայնքը։

2015-ին համայնքում տեղի ունեցած քննարկումների շնորհիվ ստեղծվել է զարգացման ռազմավարությունը, նաեւ ձեւակերպվել Ենոքավանի «տեսիլքը»՝ այն պետք է լինի հայկական արժեքներով համայնք, որտեղ ցանկանում է ըստ արժանվույն ապրել յուրաքանչյուր ավանդական ընտանիք։


Համայնքն օրինակ է ծառայում

Առաջնահերթ պետք էր ունենալ համայնքի master plan-ը, որը Ենոքավանի զարգացման հիմնադրամի աշխատակիցները սեփական ուժերով թարգմանել են հետեւյալ կերպ՝ «Ենոքավան համայնքի հողօգտագործման գլխավոր հատակագծի մշակում, քաղաքաշինական կանոնադրություն եւ կառուցապատման կանոնակարգման պլան»։

«Օրինակ՝ Էստոնիան, որ այսօր ամենաարագ զարգացող պետություններից է, ամբողջ հանրապետության համար ունի master plan, որում մանրակրկիտ նշված է, թե ինչ է իրենից ներկայացնում տվյալ տարածքը, եւ հետաքրքրված անձիք հեշտությամբ կարող են տեսնել՝ որտեղ ինչ կարելի է կառուցել»,- նշում է Տիգրանը Չիբուխչյանը՝ հավելելով, որ փորձում են Ենոքավանի օրինակով ցույց տալ դրա նշանակությունը։

Master plan-ի օրինակ

2018-ի դեկտեմբերին master plan-ը կազմելու համար հայտարարած միջազգային մրցույթում շահած վրացական ընկերությունն այս տարվա ապրիլի 4-ին կներկայացնի քարտեզի նախնական տարբերակը, իսկ այն լիարժեքորեն պատրաստ կլինի մայիսի վերջից մինչեւ հունիսի կեսն ընկած ժամանակահատվածում։

Տիգրան Չիբուխչյանի խոսքով՝ դրանից հետո հնարավոր կլինի հստակ քննարկումներ ունենալ ներդրողների հետ։ Հույս ունեն հետաքրքրել նաեւ Վրաստանից ներդրողների եւ հասնել միջազգային համագործակցության։

Շատ այցելուներ՝ ավելի շատ բիզնես ծրագրեր

Համայնք այցելող զբոսաշրջիկների հոսքի կանխատեսումներում հաշվի են առնվել ինչպես ներկա ձեռքբերումները եւ զարգացման դինամիկան, այնպես էլ հեռանկարային ներդրումները զբոսաշրջային ակտիվներում եւ ենթակառուցվածքներում:


Ըստ ռազմավարության՝ «Յելլ էքստրիմ պարկ»-ում կընդլայնվեն արկածային զբոսաշրջային ծառայությունները՝ աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցում (2800 մ երկարությամբ), արտաճանապարհային տուրերի կազմակերպում (kamaz truck), պարսատիկով թռիչք (slingshotride), էքստրեմալ ճոճանակ (extremeswing), երկաթուղային ատրակցիոն (railway ride)։


Զբոսաշրջիկների թվի աճի հետ սպասարկման ոլորտում կառաջանա նոր բիզնես նախագծերի անհրաժեշտություն՝ հուշանվերների արտադրություն, կաթնամթերքի գործարան, բանջարեղենի արտադրության ջերմոց, սպանդանոց, մսամթերքի մշակում եւ այն։

Օդով դեպի Ենոքավան

Համայնքում հնարավոր են համարում Երեւանի հետ օդային կապի հաստատումը՝ փոքր ավիացիայի զարգացմամբ։

«Եթե մենք տարեկան ապահովենք 250 000 այցելու, նրանց առնվազն 1%-ը կցանկանան ավիացիայից օգտվել, այդպիսով կունենանք 2500 ուղեւոր, եւ ծրագիրը կաշխատի։ Սա առայժմ միայն ենթադրություն է, բայց չէ՞ որ բոլոր բիզնես գաղափարները սկսվում են ենթադրություններից»,- համոզված է երիտասարդ գործարարը։


Նրա կարծիքով՝ երկարաժամկետ հեռանկարում իրագործելի եւ գրավիչ բիզնես նախագիծ կարող է հանդիսանալ նաեւ Իջեւան-Ենոքավան, Ենոքավան-լեռնային բարձրունք ճոպանուղու կառուցումը:

«Մենք ճոպանուղուն վերաբերվում ենք միայն որպես ժամանցի միջոցի, բայց այն նաեւ տրանսպորտ է, իսկ Հայաստանի լեռնային մակերեւույթը թույլ է տալիս ճոպանուղիներ կառուցել։ Պարզապես անհրաժեշտ է, որ տվյալ լեռան գագաթին տուրիստական գրավչություն լինի, եւ այն շահույթով կգործի»,- պարզաբանում է Տիգրանը։

Նախնական հաշվարկով՝ ծրագրի համար անհրաժեշտ ներդրումը շուրջ $30-50 մլն է։

Հարկերից՝ ճանապարհ ու լուսավորություն

Ենթակառուցվածքները, որոնց բարելավման կամ ստեղծման անհրաժեշտությունն այսօր էլ կա, համայնքում քիչ չեն։

Ըստ «Ենոքավանի զարգացման ռազմավարություն 2025»-ի՝ տուրիստական կենտրոնների եւ համայնքի համար անհրաժեշտ է կառուցել նոր ջրագիծ՝ 10 կմ երկարությամբ՝ ապահովելու բավարար եւ որակյալ ջրամատակարարում համայնքի բնակիչների եւ նոր ստեղծվելիք զբոսաշրջային հանգույցների համար։

Բացի այդ, բարեկարգման կարիք ունեն Ենոքավանից դեպի զբոսաշրջային կենտրոններ տանող եւ դաշտամիջյան դժվարանցանելի ճանապարհները՝ 35 կմ երկարությամբ:

Արտաքին լուսավորությունը հանրային վայրերում եւ գյուղամիջյան հիմնական ճանապարհներին եւս առաջնահերթ խնդիրներից է։ Նշվում է նաեւ աղբահանության կազմակերպման, զբոսաշրջային եւ տեղեկատվական ցուցանակների տեղադրման, գյուղի դպրոցի պայմանների եւ կրթական ծրագրերի բարելավման, ինչպես նաեւ մանկապարտեզի կառուցման մասին։

«Մենք հստակ ասում ենք, որ ապահովելու ենք տարեկան նվազագույնը $13 մլն-ի շարժ միայն զբոսաշրջության ոլորտում, որը պետությանը կտա տարեկան մոտ $1,3 մլն։ Մենք առաջարկում ենք, որ այն մեզ վերադարձվի պետական նպաստի տեսքով։ Սա այն հարցի պատասխանն է, թե որտեղից պետությանը գումար՝ համայնքի ենթակառուցվածքների բարելավման համար»,- նշում է մեր զրուցակիցը։


Խաղում ենք նույն կանոններով

Վարչապետի հետ հանդիպման ժամանակ Տիգրան Չիբուխչյանը ներկայացրել է Ենոքավանի զարգացման ընդհանուր ռազմավարությունը, խոսել նաեւ խոչընդոտներից։

«Զարգացման համար, բացի արդեն իսկ նշված master plan-ից, անհրաժեշտ է նաեւ հստակ եւ հասկանալի հարկային օրենսգիրք։ Գործող օրենսգիրքը բիզնեսի համար բացարձակապես մոտիվացնող չէ, այսօր բարեփոխումների շուրջ ընթացող քննարկումները՝ եւս։ Վարչապետին ներկայացրինք մեր մտահոգությունները եւ մտքեր փոխանակեցինք։ Բիզնեսին հավասար եւ կանխատեսելի պայմաններ են անհրաժեշտ։ Խաղի կանոնները բոլորի համար պետք է լինեն նույնը, այսինքն՝ քաղաքաշինության տեսանկյունից՝ ինչը որտեղ կարող է կառուցվել, որտեղ՝ ոչ, եւ հարկային օրենսգրքի՝ կա՛մ բոլորս հարկվում ենք շրջանառության հարկով, կա՛մ ԱԱՀ-ով»,- մանրամասնում է Տիգրան Չիբուխչյանը։

Սեղմ ժամկետներում Ենոքավանի զարգացման հիմնադրամի անձնակազմը փոխվարչապետ Տիգրան Ավինյանին մանրամասն կներկայացնի Ենոքավանի զարգացման ռազմավարությունը, ինչպես նաեւ առկա խնդիրները՝ առաջարկելով հնարավոր լուծումների տարբերակներ։

Գայանե Ենոքյան
Լուսանկարները՝ «Յելլ էքստրիմ պարկ»-ի եւ «Ապագա Ռեսորթ»-ի ֆեյսբուքյան էջերից
Դիտում՝ 17734
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai