Մովսեսում երեխաները ճագարաբուծությունը բիզնեսի են վերածում

28.03.2019 | 09:35 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Անդրանիկ Մանուկյան #Մովսես #ճագար
«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Մովսես գյուղում ֆիզկուլտուրա դասավանդող Անդրանիկ Մանուկյանը որոշել է օգնել գյուղի երեխաներին՝ զբաղվելու ճագարաբուծությամբ։ Banks.am-ը պարզել է ծրագրի մանրամասները։

Ֆերմերային տնտեսություններ ստեղծելու գաղափարը

Մովսեսում զարգացման ակումբ է գործում, որը համատեղում է գյուղի ակտիվ երիտասարդներին։ Ակումբի հերթական կանոնավոր քննարկումներից մեկի ժամանակ էլ առաջարկ է եղել՝ համագործակցել Երեւանում բնակվող ֆերմեր Դավիթ Դավթյանի հետ, որը 2010-ից զբաղվում է ճագարաբուծությամբ։

«Այս պահին ճագարաբուծությամբ զբաղվելու ծրագրում ընդգրկված է 7 երեխա՝ 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ և 11-րդ դասարաններից։ Նախապես ընտրել ենք նրանց, ովքեր ավելի լուրջ են մոտենում այս ամենին։ Նրանց համար ճագարներ եւ բներ ենք բերելու, որ կարողանան սկսել իրենց բիզնեսը՝ բազմացնել եւ վաճառել ճագարներ։ Երեխաները փետրվարին նաեւ այցելել են Երեւանում գտնվող ճագարաբուծական ֆերմա»,- պատմում է Անդրանիկը։

Անդրանիկ Մանուկյանը

Ծրագրի մեկնարկը՝ դրամահավաքով

Ճագարաբուծության ծրագրի մեկնարկի համար կազմակերպվել է դրամահավաք՝ «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության միջոցով, որի շնորհիվ գոյացել է շուրջ €80։  

Որոշ ժամանակ անց Անդրանիկը եւ թիմակիցներն իրենք են դրամահավաք կազմակերպել եւ հավաքել մոտ 100 000 դրամ։

«Այդ ժամանակ մեզ նկատեց նաեւ «Օրրան» բարեգործական ՀԿ-ն եւ պատրաստակամություն հայտնեց որոշ չափով օգնել մեզ՝ HSBC Հայաստանի հովանավորությամբ։ Մեզ տվեցին 5 երեխայի համար ընդհանուր 100 000 դրամ, որ ամեն մեկի համար ճագար բերենք եւ հավելյալ գումար՝ երեխաների համար դասընթաց կազմակերպելու նպատակով»,- ասում է Անդրանիկը։

Դավիթ Դավթյանն ու Մովսեսի երեխաները

Նրա խոսքով՝ Դավիթն իրենց նաեւ ոչ տոհմային տեսակի ճագարներ է նվիրել։ Այս պահին ունեն մոտ 300 000 դրամ, որով կարող են 2-3 երեխայի ապահովել ճագարներով եւ բներով։ Իսկ մնացածի համար շարունակում են դրամահավաքը.

«4 ճագարը գնում ենք յուրաքանչյուրը 5000 դրամով, երկու որձ ճագարը՝ անվճար։ Որոշել ենք անհրաժեշտ պարագաները գնել եւ հենց տեղում սարքել ճագարաբները՝ համայնքապետարանի աջակցությամբ»։

Ի դեպ, Մովսեսի համայնքապետարանը խոստացել է օժանդակել ծրագրի իրականացմանը։ Անդրանիկին օգնում է նաեւ Մովսեսի քահանա Տեր Աբել Քարտաշյանը։

Մեկ երեխայի հաշվով ֆերմերային տնտեսության պայմանները

Ծրագրում ընդգրկված մեկ երեխային միանվագ տրամադրվում է 27 000 դրամի կեր եւ 20 000 դրամի ճագար։ Յուրաքանչյուր երեխայի տալիս են նաև 12 ճագարաբուն, դե իսկ մնացածը կախված է հենց բիզնեսն իրականացնող երեխայից։ Անդրանիկն ասում է՝ իրենք վերահսկելու են, որպեսզի ռեսուրսի կորուստ չունենան։ Իսկ երեխաները մատյան են պահելու, որում ներկայացնելու են իրենց կատարած աշխատանքը։


14 տարեկան Անտոնը ճագարների խնամքի հարցում սկսնակ չէ։ Ընտանիքը նախկինում էլ ճագարներ պահել է, բայց սեփական ֆերման ունենալու գաղափարով ընկեր Մանուկյանն է վարակել։

«Մարդիկ կան՝ որպես միս են ճագարը գնում, մարդիկ էլ կան, որ իրենց երեխաներին փոքր ձագեր են առնում։ Ճագարի միսը խոլեստերին չի պարունակում, շատ օգտակար է։ Կան հիվանդություններ, որոնց դեպքում խոզի միս ուտելն արգելված է, ճագարի միսը ոչ մի հիվանդության դեպքում արգելված չէ, հակառակը՝ խորհուրդ է տրվում։ Համեղ միս եւ հեշտ պահվող կենդանի»,- իր ապագա բիզնեսն է գովազդում Անտոնը։


Ճագարների խնամքի համար անհրաժեշտ պատվաստանյութերը եւս երեխաներն են ձեռք բերելու։ Անդրանիկն ասում է, որ Երեւանում ճագարների վաճառքը ծրագրում են իրականացնել այն երեխաների ծնողների միջոցով, որոնք հաճախ են մայրաքաղաք գնում։

Սահմանամերձ Մովսեսում Անդրանիկն ու իր թիմը ապագայում մեծ ֆերմա ստեղծելու նպատակ ունեն, որի իրագործումը մեծապես կախված է փոքր ֆերմերային տնտեսությունների ծրագրի հաջող ընթացքից։

Նելլի Պետրոսյան
Լուսանկարները՝  Մեդիամաքսի եւ անձնական արխիվից
Դիտում՝ 10163
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai