Հիպոթեկի շուկայում սպասելիքները չեն արդարանում

20.10.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

"Հայոց Աշխարհ", Հոկտեմբեր 20, 2007 թ.

Սպասելիքները, որ բնակարանի ձեռքբերման կամ վերանորոգման համար տրամադրվող հիպոթեկային վարկերի պայմաններն աստիճանաբար կբարելավվեն, առայժմ չեն արդարանում: Ավելին` բանկերը կարծես չեն պատրաստվում թեթեւացնել հաճախորդներին ներկայացվող պահանջները:
Չի բացառվում, որ այս միտումների վրա որոշակի ազդեցություն են ունեցել ամերիկյան եւ եվրոպական հիպոթեկի շուկաներում տեղի ունեցած վերջին ճգնաժամային երեւույթները: Թեեւ պետական միջամտությամբ հաջողվեց որոշ չափով բարելավել կացությունը, այնուհանդերձ դեռ վաղ է խոսել ճգնաժամը լիովին հաղթահարելու մասին:

Հիպոթեկային շուկայում այսօր աշխատում է Հայաստանում գործող առեւտրային բանկերի գերակշիռ մասը` 21-ից 15-ը: Եւ դա միանգամայն հասկանալի է. խնդիրն այն է, որ նման վարկերի պահանջարկը Հայաստանում մեծ է: Պատահական չէ, որ բանկերն իրենց ֆինանսական ռեսուրսների հիմնական մասը կենտրոնացրել են գերազանցապես երկու` հիպոթեկային եւ սպառողական շուկաներում: Սակայն անգամ այդ պայմաններում չեն կարողանում բավարարել պահանջարկը, որն անհամեմատ մեծ է բանկային համակարգի վարկային պոտենցիալից: Թերեւս այս հանգամանքն էլ մեծ մասամբ խոչընդոտում է հիպոթեկային վարկերի պայմանների բարելավմանը:

Վերջին մեկ տարվա ընթացքում, բացի մեկ-երկու բանկից, մյուսների հիպոթեկային վարկերի պայմանները մնացել են նույնը: Փոփոխությունները վերաբերում են հիմնականում ժամկետներին: Թեեւ դրանք առանձին դեպքերում պարզապես ունեն հաճախորդ գրավելու նպատակ եւ գործնականում գրեթե չեն կիրառվում:

Բանկերի գերակշիռ մասի կողմից առաջարկվող հիպոթեկային վարկերի ժամկետայնությունը տատանվում է 10 տարվա սահմաններում: Շուկայի զարգացման եւ խրախուսման նպատակով ներգրավված գերմանական վարկի գումարները բանկերը պարտադրված են տրամադրել առնվազն 10 տարով: Այս գումարներից դուրս հիպոթեկային վարկերը տրամադրվում են մեծ մասամբ մինչեւ 10 տարի ժամկետով: Կան մեկ-երկու բանկեր, որոնք իրենց պորտֆելում սահմանել են նաեւ մինչեւ 20 տարվա ժամկետայնության վարկեր: Բայց սովորաբար նման վարկեր չեն տրամադրվում կամ հատուկենտ են:

Փոփոխություններ չեն նկատվում հատկապես վարկային տոկոսադրույքների մեջ: Ընդհակառակը, տպավորություն է ստեղծվում, որ դրանք ունեն թանկացման միտում: Առաջարկվող փողի արժեքն այստեղ տատանվում է 15-16 տոկոսի սահմաններում: Հատուկենտ բանկեր առաջարկում են մի փոքր ավելի ցածր տոկոսադրույքներ: Սակայն կա նաեւ հակառակը, երբ տոկոսադրույքները հասնում են 18-20-ի:

Տոկոսադրույքների շուկայի վիճակը, անշուշտ, պայմանավորված է առաջին հերթին բանկերի ֆինանսական հնարավորություններով: Որքան էլ Հայաստանում բանկային համակարգը բավական ամուր է, այնուհանդերձ, ունի ֆինանսական ռեսուրսների սղության լուրջ խնդիր: Բանկային կապիտալը Հայաստանում չափազանց փոքր է: Այդ բացը լրացնելու հիմնական ճանապարհը ֆինանսական, այսպես ասած, չաշխատող ռեսուրսների ներգրավումն է` ավանդների տեսքով, ինչը փորձում են անել առեւտրային բանկերը: Բայց դա բարդանում է` կապված դրամի թանկացման հետ:

Պատահական չէ, որ ֆինանսական շուկայում նկատվում է ավանդների տոկոսադրույքների բարձրացման միտում: Առանձին բանկեր պատրաստակամություն են հայտնում այսօր ներգրավել գումարներ` ընդհուպ մինչեւ 10 տոկոսով: Այնինչ երկու տարի առաջ դրանք տատանվում էին 7 տոկոսի սահմաններում: Սա նշանակում է, որ, ներգրավելով թանկ փողեր, բանկերը պարտադրված են տրամադրել թանկ վարկեր կամ ուղղակի չնվազեցնել տոկոսադրույքները: Որքան բարձր է ավանդի տոկոսադրույքը, այնքան բարձրանում է նաեւ տրամադրվող վարկի արժեքը:

Որոշ նորամուծություններ հիպոթեկային շուկայում այնուհանդերձ նշմարվում են: Մասնավորապես առաջարկվում են, այսպես ասած, խրախուսական վարկեր` պոտենցիալ հաճախորդների այս կամ այն խմբերի համար:

Ասենք` "Արարատբանկն" առաջարկում է "Նոր կյանք` նոր բնակարանում" նորապսակներին տրամադրվող վարկը, որի պայմաններն անհամեմատ լավ են, քան սովորական հիպոթեկի դեպքում: Նորապսակներին բանկը հիպոթեկ է առաջարկում 11 տոկոս տոկոսադրույքով եւ 15 տարի մարման ժամկետով: Համեմատության համար ասենք, որ այլ պայմաններում հիպոթեկի արժեքը տատանվում է 12-16 տոկոսի սահմաններում:

Ակնհայտ է, որ հիպոթեկի շուկան դոփում է տեղում. տրամադրվող վարկերի պայմանների բարելավման ուղղությամբ քիչ թե շատ լուրջ տեղաշարժեր չեն նշմարվում:

ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Դիտում՝ 7267
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai