Բիոէներգիան՝ բնական գազին մատչելի այլընտրանք

07.11.2018 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Բիոէներգիա #«Բարվա» #սինթեզ գազ
Հայաստանում ջերմոցային տնտեսություններ վարողների շրջանում աստիճանաբար ավելանում է բնական գազին այլընտրանք փնտրողների թիվը։ «Բարվա» ինովացիոն կենտրոնն ինժեներական հատուկ լուծումների արդյունքում ստեղծել է կաթսա, որի շնորհիվ բիոզանգվածից (գյուղատնտեսական թափոններ, չորացած տերեւներ, խոտ) հնարավոր է ավելի էժան եւ էկոլոգիապես մաքուր էներգիա ստանալ։

Եռակի խնայողություն

«Բարվա» ինովացիոն կենտրոնի փոխտնօրեն Արման Վարդանյանը Banks.am-ի հետ զրույցում նշում է, որ բիէոներգիան նախընտրողների մեծ թիվը պայմանավորված է նրանով, որ ներկայում՝ հատկապես տարվա ցուրտ ամիսներին, հնարավոր է շուրջ երեք անգամ ավելի մատչելի տարբերակով ապահովել ջերմոցային բույսերին անհրաժեշտ ջերմությունը։

Արման Վարդանյանը

Կաթսաներն ունեն երկու խցիկ: Բիոզանգվածն այրվում է առաջին խցիկում, իսկ առաջացած սինթեզ գազը՝ երկրորդում:

«Մեր կատարած հետազոտությունների արդյունքներով՝ բնական գազի համեմատ առնվազն 3-3,5 անգամ խնայողություն է լինում»,- ասում է Արման Վարդանյանը։

Կաթսայի օգտակար գործողության գործակիցը 90% է։

«Բեռնման խցիկն ամբողջությամբ բիոզանգվածով լցնելուց հետո, այն այրվում է 4-6 ժամ։ Կաթսան ունի ավտոմատացված համակարգ, որի շնորհիվ հնարավոր է կարգավորել ջերմաստիճանը եւ կառավարել վառելիքի այրման ժամանակահատվածը,- նշում է «Բարվա»-ի փոխտնօրենը։ -Ներկայում արտադրում ենք երկու մոդելի կաթսա։ Մինչեւ 200 քմ ջեռուցման համար, որը կարելի է օգտագործել նաեւ առանձնատներում, եւ մինչեւ 1000 քմ տարածքի համար, որը հիմնականում նախատեսված է ջերմոցային տնտեսությունների համար»:


Կաթսաների գները տատանվում են 200-800 հազ. դրամի սահմաններում։

ԵՄ աջակցությամբ

«Բարվա» ինովացիոն կենտրոնը հանդիսանում է 2015-2017 թթ. Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Գյուղական համայնքներում բիոզանգվածով ջեռուցման լուծումներ – BioRuralHeating» ծրագրի գլխավոր արդյունաբերական գործընկերը:


Այս ծրագրի շրջանակում փորձնական ուսումնասիրություններ է իրականացրել, որի արդյունքում, Արման Վարդանյանի խոսքով՝ այսօր ավելի գործնական քայլեր են կատարում։

«Հիմա էֆեկտիվության առումով ավելի կատարելագործված կաթսաների տարբերակներ ենք արտադրում, եւ բավական մեծ հետաքրքրություն կա»,- նկատում է նա։

«Մեր օգուտը խնայված վառելիքի հաշվին է»

Արագածոտնի մարզի Թալին քաղաքում բնակվող գյուղատնտես Արթուր Գասպարյանն առաջիկա օրերին իր ջերմոցում պատրաստվում է լոլիկ եւ վարունգ աճեցնել։ Արդեն իսկ պատրաստել է անհրաժեշտ վառելիքի պաշարը ձմռան ամիսներին ջերմոցը տաքացնելու համար։ Նախքան դա՝ ձեռք է բերել բիովառելիքի ջեռուցման համակարգը։

Արթուր Գասպարյանը

«Նախորդ տարիներին գազով եմ տաքացրել, ու ամիսներ են եղել, որ ծախսը կազմել է 300 հազ. դրամ, իսկ այս դեպքում կկազմի մոտ 100-150 հազ. դրամ,- նշում է գյուղատնտեսը։ -Փայտից բացի, ունենք չորացրած տերեւներ, խոտ, ծառի ճյուղեր եւ ոչ շատ ցուրտ օրերին դրանք կվառենք։ Ամենածայրահեղ դեպքում՝ ցանկացած բան կարող ենք վառել եւ ապահովել անհրաժեշտ ջերմաստիճանը»:

Այս դեպքում, սակայն, կաթսայի աշխատանքը վերահսկելու առումով ավելի մեծ ուշադրություն է պահանջվում։


«Բայց դա այդքան էլ էական չէ, քանի որ մեր օգուտը խնայված վառելիքի հաշվին կլինի: Հիմնականում առավոտյան լավ կվառենք, կեսօրից հետո արդեն՝ ըստ եղանակային պայմանների։ Մեծ հույսեր ենք կապում ջեռուցման այս տեսակի հետ»,- ամփոփում է Արթուր Գասպարյանը:

Թագուհի Հովհաննիսյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 6728
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai