«Տրինիտի»-ն առաջարկում է Հայաստանում առաջին օրգանական գինիները

31.10.2018 | 15:13 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Տրինիտի #գինի #Պյոտր Սվիտալսկի
«Տրինիտի»-ն առաջին օրգանական գինեգործական ընկերությունն է Հայաստանում, որը 2016-ից, Եվրամիության աջակցությամբ, փորձում է երկրում զարգացնել օրգանական գյուղատնտեսությունը: Ընկերության հիմնադիրների խոսքով՝ առաջինն են, բայց հույս ունեն, որ գինեգործական այս մշակույթին կհետեւեն նաեւ մյուսները, եւ Հայաստանն աշխարհին հայտնի կդառնա օրգանական գինիների արտադրությամբ:

«Օրգանական գինի արտադրելը մեզ համար ոչ թե մարկետինգային քայլ է, այլ մտածելակերպ ու փիլիսոփայություն,- Հայաստանի առաջին օրգանական գինիներ արտադրող գործարանի մասին այս առանձնահատկությունն է շեշտում գինեգործ Արտեմ Բարսեղյանն ու հավելում. -Մենք փորձում ենք խաղողի հետ վարվել այնպես, ինչպես կվարվես երեխայի հետ՝ չենք թունավորում, որովհետեւ մեր ստացած արտադրանքն առաջին հերթին մենք ենք խմում ու մեր երեխաները»։

Վայոց ձորի Աղավնաձոր գյուղի մուտքի մոտ է տեղակայված «Տրինիտի» գինու գործարանը, որը կենտրոնացած է բնական գինու արտադրության վրա: Այն պարբերաբար միախառնում է ինչպես էնդեմիկ, այնպես էլ օտարերկրյա խաղողի սորտեր՝ եզակի գինիների խմբաքանակներ ստեղծելու համար։

Գործարանը մեծ չէ, իսկ 4,5 հա այգիները գտնվում են 7 կմ գործարանից վերեւ, արտադրությունն էլ մեծ քանակների չի հասնում. ըստ հիմնադիրների՝ այստեղ աշխատում են ոչ թե քանակի, այլ որակի վրա:

Տարեկան 30 000 շիշ են արտադրում, որի մեծ մասն արտահանվում է, իսկ Հայաստանում վաճառվում է մասնագիտացված խանութներում։


«Օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանի ապագան է. մենք վերադառնում ենք մեր պատմությանը, քանի որ օրգանական խաղողագործությունը եղել է մեր նախնիների ճանապարհը։ Հայկական 6100 տարվա գինեգործության մշակույթին հիմա մենք նոր տարիներ ենք ավելացնում ու մեր արտադրանքը նաեւ աշխարհով մեկ ենք վաճառում։ Արտահանում ենք Շվեյցարիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա, ԵՄ այլ երկրներ, ԱՄՆ»,- ասում է «Տրինիտի» ընկերության հիմնադիր տնօրեն Հովակիմ Սաղաթելյանը։

Վաճառքում առկա է «Տրինիտի» գինիների 9 տեսակ։

Գործարանն այցելուներին առաջարկում է գինու համտես, սնունդ, ինչպես նաեւ կազմակերպում է խաղողի այգու այցելություններ ու միջոցառումներ։

Ընկերության գինեգործ Արտեմի խոսքով՝ հիմնականում աշխատում են տեղական խաղողի տեսակների հետ, ունեն նաեւ 4 ֆրանսիական խաղողի տեսակ, որոնք միակն են Վայոց ձորում ու օգտագործվում են հայկականի հետ խառնելու եւ հետաքրքիր համային լուծումներ ստանալու համար։

Ֆրանսիայում ու Գերմանիայում գինեգործություն սովորելուց ու մասնագիտանալուց հետո Արտեմը 2013-ին վերադարձել է Հայաստան ու աշխատում է գինեգործության ոլորտում: «Տրինիտի»-ում հիմնականում աշխատում են տնօրենը, գինեգործ Արտեմն ու Կոմիտաս անունով օգնականը, իսկ սեզոնին՝ 10 հոգի:  

«Տրինիտի» օրգանական գինու արտադրամասը մեկն է այն 44 ֆերմերային տնտեսություններից, որոնք աջակցություն են ստացել Եվրոպական միության Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի կողմից: Գինու արտադրությունն ընդլայնելու համար «Տրինիտի»-ն ԵՄ-ից ստացել է մոտ 29 941 եվրո դրամաշնորհ: ՕԳԱՆ ծրագիրը վերջին տարիներին տեխնիկական աջակցություն է տրամադրել 27 փոքր ֆերմերային խմբերի, իսկ 18 ֆերմերային տնտեսություն ստացել է դրամաշնորհային աջակցություն, տրամադրվել է նաեւ տեխնիկական եւ մարքեթինգային աջակցություն:

2015-ին սկսած ՕԳԱՆ ծրագիրն արդեն մոտենում է ավարտին, մի քանի տարվա աշխատանքներին ծանոթանալու ու ծրագիրը լրագրողների հետ ամփոփելու համար հոկտեմբերի 30-ին Վայոց ձոր էր այցելել Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, վերջինս համտեսեց հայկական արտադրության առաջին օրգանական գինիները ու զրույցում ընդգծեց, որ շարունակելու են աջակցել գյուղատնտեսության օրգանականացմանը, քանի որ Հայաստանը, ըստ Սվիտալսկիի, տարբեր առումներով օրգանական երկիր է:

«ԵՄ-ն հանդիսանում է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ամենամեծ դոնորը, եւ մենք հանձն ենք առնում շարունակել մեր աջակցությունը։ Հավատում ենք, որ Հայաստանի գյուղատնտեսության մեջ օրգանական ոլորտը կարող է մեծ առաջընթաց ունենալ, ու հայկական ապրանքները կարող են տարբեր երկրների շուկաներ մուտք գործել: Գյուղատնտեսությանն աջակցող մեր ծրագրերը մոտենում են ավարտին, բայց մենք ապագայում եւս կշարունակենք ճանապարհներ փնտրել, որ աջակցենք Հայաստանի գյուղատնտեսությանը։ Կփորձենք աջակցել ամբողջովին նոր ծրագրերի, կենտրոնանալու ենք հյուսիսային 3 մարզերի վրա՝ Շիրակ, Լոռի եւ Տավուշ: Հիմա այդ ծրագրերը ՀՀ կառավարության հետ քննարկումների փուլում են»,- ասում է ԵՄ դեսպանը:



«Տրինիտի» ընկերության տնօրենը, ԵՄ դեսպանին աշխատանքները ներկայացնելիս, նշում է, որ օրգանական սերտիֆիկացում ձեռք բերելը հեշտ գործընթաց չէ, ու այդ է պատճառը, որ մարզում շատերը երբեւէ դրան չեն էլ դիմում, որովհետեւ այն նաեւ թանկ է, ու ոչ ոք նրանց չի աջակցում այդ հարցում: Ընկերության այգիները միակն են Հայաստանում, որ ունեն օրգանական սերտիֆիկացում, ավելի ճիշտ՝ գտնվում են սերտիֆիկացման վերջին փուլում:

Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ ԵՄ-ի եւ «Տրինիտ»-ի ֆեյսբուքյան էջից
Դիտում՝ 1956
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo