Ռաֆթինգից մինչեւ թեյեր. «Նուռիկ»-ն Ախթալա է ձգում զբոսաշրջիկներին

14.09.2018 | 10:36 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Նուռիկ #Ախթալա #ՀԵԿԱ
Արդեն երկու տարի Ախթալայի բարձրադիր հատվածում՝ եկեղեցու հարեւանությամբ, գործում է զբոսաշրջության եւ համայնքի զարգացման «Նուռիկ» կենտրոնը:

Այն Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) սոցիալական ձեռնարկությունն է, որը հիմնադրվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ՝ Ախթալայի եւ տարածաշրջանի համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումը խթանելու նպատակով:

«Նուռիկ»-ի հյուրընկալ դռներն ամբողջ տարի բաց են, բայց այցելուների մեծ հոսք, բնականաբար, ամռանն է լինում. Ախթալայի եկեղեցին տեսնելու եկած զբոսաշրջիկներն անպայման այցելում են «Նուռիկ»՝ հայկականը խորհրդանշող ինչ-որ բան գնելու: Կենտրոնի առաջին հարկում ցուցասրահն է, որտեղ կանանց ձեռքի աշխատանքներ են ներկայացված:


«Հուշանվերների մի մասը պատրաստվում է Ալավերդիի տարածաշրջանում, մի մասն էլ՝ Հայաստանի տարբեր գյուղական ու քաղաքային բնակավայրերում՝ կանանց ձեռքով: Մենք աջակցում ենք կանանց նաեւ ՀՀ Կին ձեռներեցների ցանցի միջոցով եւ օգնում ենք, որպեսզի նրանք կարողանան ավելի լայն շուկաներ գտնել իրենց ապրանքը վաճառելու համար: Այդ շուկաներից մեկն էլ «Նուռիկ»-ի վաճառասրահն է»,- պատմում է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, «Նուռիկ» կենտրոնի հիմնադիր Լիլիթ Ասատրյանը:

«Նուռիկ»-ում կարելի է համտեսել նաեւ հայկական ավանդական խոհանոցի տարբեր ուտեստներ, լսել հայկական լավ երաժշտություն, դաշնամուր նվագել, տարբեր հանդիպումներ ու միջոցառումներ անցկացնել: Միջավայրը հանգիստ է, տրամադրող: Բայց սա դեռ ամենը չէ:

«Մենք աջակցում ենք նաեւ տարբեր արժեշղթաների զարգացմանը: Օրինակ, խրախուսել ենք, որպեսզի որոշ ընտանիքներ զբաղվեն անասնապահությամբ, ֆերմերային տնտեսությամբ, հողագործությամբ, էկոլոգիապես մաքուր սննդի վերամշակմամբ: Ու մենք էլ դարձել ենք այդ սննդի առաջին սպառողները: Բացի այդ, մեր կենտրոնում վարպետաց դասեր ենք կազմակերպում մեր այցելուների եւ բոլոր ցանկացողների համար՝ ձեռարվեստի (ասեղնագործություն, գորգագործություն, թաղիքագործություն, տիկնիկագործություն, փայտամշակում) ոլորտից սկսած մինչեւ խոհարարություն (արիշտա, ղափամա պատրաստել, փռի մեջ հաց եւ ավանդական գաթա թխել, խորովածի պատրաստման հմտություններ եւ այլն): Վարպետության դասերը վճարովի են, գնային համակարգը բավական ճկուն է մեզ մոտ՝ կախված մասնակիցների քանակից»,- սոցիալական ձեռնարկության գործունեությունն է ներկայացնում հիմնադիրը:


«Նուռիկ»-ն իր երկամյա գործունեության ընթացքում աշխատանքով է ապահովել խոցելի խմբերին, մասնավորապես՝ հաշմանդամություն  ունեցող կանանց: Ախթալայից եւ հարակից համայնքներից շուրջ 200 կին ներգրավված է թեյերի արտադրության գործում: Լոռիում աճող բուժիչ խոտաբույսները նախ հավաքվում, ապա չորացվում ու փաթեթավորվում են՝ «Լավ թեյ/Love Tea» ապրանքանիշի ներքո: Վաճառքն իրականացվում է «Նուռիկ»-ում, նաեւ՝ Երեւանում:

2018թ. հունիսին ՀԵԿԱ-ի սոցիալական ձեռնարկության բաղադրիչներին ավելացավ եւս մեկը՝ rafting.am Armenia ծրագիրը: Այն իրականացվում է Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի եւ իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ համատեղ:


«Արկածային տուրիզմի այս բաղադրիչով Դեբեդի վրա ռաֆթինգի (էքստրեմալ թիավարություն) ծառայություն ենք իրականացնում՝ փորձելով այս կերպ ավելի շատ զբոսաշրջիկների բերել Լոռի: Իսկ տեղացիների համար ռաֆթինգը բոլորովին նոր երեւույթ է: Դա է պատճառը, որ հետաքրքրվողներ շատ կան: Տարբեր բարդության 5 երթուղի ենք մշակել: Ունենք նաեւ երեխաների համար նախատեսված երթուղի: Նվազագույն գինը մեկ անձի համար 12 000 դրամ ենք սահմանել, իսկ 7-16 տարեկանների համար՝ 8000 դրամ: Հատուկ օրերի դեպքում, ինչպես, օրինակ, ռաֆթինգի փառատոնին, ունենում ենք զեղչեր»,- պատմում է Լիլիթ Ասատրյանն ու հավելում, որ ռաֆթինգի սիրահարներն այստեղ են գալիս տարբեր խմբերով՝ կոլեկտիվներով, ընկերներով ու ընտանիքներով:

Մասնակիցներն ապահովվում են անհրաժեշտ գույքով՝ ռետինե նավակ, բաճկոններ, գլխարկներ ու թիեր: Նրանց ուղեկցում են վերապատրաստված հրահանգիչները:


«Հիանալի զգացողություններ ունեմ, աննկարագրելի: Արդեն երկրորդ անգամն ենք գալիս այստեղ՝ Դեբեդի վրա ռաֆթելու նպատակով»,- իր տպավորություններով կիսվում է Մարինե Սանդոյանը, որն ընտանիքի հետ Երեւանից է եկել Ախթալա՝ ծննդյան օրն էքստրեմալ պայմաններում անցկացնելու նպատակով:

Rafting.am Armenia ծրագիրը միտված է նաեւ բնության ու շրջակա միջավայրի պահպանությանը: Ծրագրի հիմնադիրները կարծում են, որ Դեբեդը պետք է ճանաչեն ոչ թե որպես թափոններով հարուստ գետ, այլ որպես այլընտրանքային տնտեսական զարգացման հնարավորություն:

Ռաֆթինգից ստացված եկամտի 20%-ն ուղղվում է շրջակա միջավայրի պահպանությանը: Իսկ ընդհանրապես «Նուռիկ»-ի բոլոր ծրագրերի արդյունքում գոյացած գումարները ծախսվում են Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի տարբեր ծրագրերի իրականացման համար, որոնք միտված են ամբողջ Հայաստանում կանանց համար աշխատատեղերի ստեղծմանը, նրանց առաջնորդության զարգացմանն ու տնտեսապես հզորացմանը:

Տաթեւիկ Ճուղուրյան
Լուսանկարները՝ հեղինակի եւ «Նուռիկ»-ի ֆեյսբուքյան էջից
Դիտում՝ 10974
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai