Գյումրիի զբոսաշրջային հեռանկարը՝ կավագործությունից մինչեւ քանդակագործություն

11.09.2018 | 09:21 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Գյումրի #«Իմ Հայաստան»
Փորձելով զարգացնել զբոսաշրջությունը Հայաստանի ամենակոլորիտային քաղաքներից մեկում՝ Գյումրիում, «Իմ Հայաստան» մշակութային ժառանգության եւ զբոսաշրջության ծրագիրը,  որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության եւ իրականացվում Սմիթսոնյան Ինստիտուտի կողմից, մշակել է տուրիստական նոր փորձառություններ եւ հայեցակարգեր։

Banks.am-ի թղթակիցը մասնակցել է լրագրողների համար կազմակերպված այցին եւ ներկայացնում է իրականացված աշխատանքն ու հեռանկարները։

Տուրիստական գրավչությունների հետքերով

Ծրագրի առաջին փուլում «Իմ Հայաստանը» համագործակցում է Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հետազոտողների հետ, որոնք թիրախային մարզերում կատարում են ուսումնասիրություններ՝ տեղի լեգենդների, հետաքրքիր վայրերի մասին տեղեկությունների, նաեւ արվեստով եւ արհեստով զբաղվող մարդկանց տվյալների հավաքագրման համար։

«Հետազոտողներից ստանալով համապատասխան տվյալները՝ կապ ենք հաստատում վարպետների հետ եւ փնտրում համագործակցության եզրեր։ Առաջնահերթ կարեւորում ենք նրանց ցանկությունը դառնալու ծրագրի մի մասը։ Տուրիստական փորձառությունների մշակման դեպքում հաշվի ենք առնում նաեւ համապատասխան տարածքի եւ հնարավորությունների առկայությունը»,- նշում է «Իմ Հայաստան» ծրագրի տուրիստական պրոդուկտների մշակման մասնագետ Ավետ Պեպանյանը։

Նա հավելում է, որ որպես օժանդակություն՝ ծրագիրն իրականացնում է դասընթացներ գնագոյացման, ճիշտ կապերի հաստատման, ծառայության փաթեթավորման եւ բիզնեսի կառավարման համար անհրաժեշտ այլ թեմաների վերաբերյալ։

Ավետ Պեպանյանը

Շրջայց Գյումրիով

«Իմ Հայաստան» ծրագիրը, համագործակցելով Քաղաքային հետազոտության կենտրոնի հետ, մշակել է քաղաքային տուր, որն անցկացնում են տեղի երիտասարդներից ընտրված եւ վերապատրաստում անցած զբոսավարները։ Դասական տուրի տեւողությունը 90 րոպե է, որի ընթացքում զբոսավարները ներկայացնում են Գյումրիի առավել հետաքրքրական շինությունները, պատմում դրանց հետ կապված յուրօրինակ դրվագներ։

«Կան տուրիստական ընկերություններ, որոնք խրախուսում են կայուն զբոսաշրջությունը, այսինքն՝ ցանկանում են ունենալ անմիջական ներդրում մարզի զարգացման մեջ եւ այդ պատճառով ընտրում են զբոսավարներ հենց տեղի բնակիչներից։ Բացի այդ, Հայաստան են այցելում զբոսաշրջիկներ, որոնք չեն օգտվում տուրիստական ծառայություններից եւ անձամբ են ուղեկցողներ փնտրում։ Ահա այս երկու թիրախային խմբերի հետ էլ պետք է աշխատենք մեր զբոսավարների հետագա գործունեությունն ապահովելու համար»,- նկատում է Ավետ Պեպանյանը։


Նոր տուրիստական փորձառություն

Գյումրիի Աբովյան 242 հասցեում գտնվող «Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում» զբոսաշրջիկներն այսուհետ ոչ միայն կծանոթանան Ասլամազյան քույրերի գեղանկարչական, գրաֆիկական, խեցեգործական աշխատանքների ամբողջական հավաքածուին, այլեւ կկարողանան անձամբ աշխատել կավի հետ։

«Ասլամազյան քույրերը, բացի հայտնի գեղանկարչուհիներ լինելուց, աշխարհում ճանաչում ունեն նաեւ իրենց խեցեգործական աշխատանքներով։ «Իմ Հայաստան» ծրագրի հետ համատեղ, պատկերասրահը ստեղծեց տուրիստական նոր փորձառություն, որի ընթացքում զբոսաշրջիկն անցնում է խեցեգործության վարպետության դաս, իր ձեռքով պատրաստում հուշանվեր եւ վերցնում այն իր հետ»,- պատմում է պատկերասրահի տնօրեն Վահագն Ղուկասյանը։

Վահագն Ղուկասյանը

Զբոսաշրջիկին ներկայացվում է փաթեթ, որը ներառում է ճանաչողական էքսկուրսիա պատկերասրահի տարածքով, վարպետության դաս եւ հյուրասիրություն։ Պատկերասրահի բակում շուտով կստեղծվի նաեւ ազատ արվեստանոց, որտեղ տեղադրված պտուտակով եւ անհրաժեշտ հումքով փորձառությամբ հետաքրքրվածները կկարողանան աշխատել։

Քանի որ կավը պետք է թրծել, իսկ դա խլում է մեկ օր, պատկերասրահում կան արդեն պատրաստի կավե իրեր, որոնց վրա զբոսաշրջիկները կկարողանան ներկերով աշխատել, աշխատակիցների օգնությամբ ֆոտոթղթից դրանց վրա փոխադրել նաեւ Ասլամազյան քույրերի կտավները։

Թեեւ փորձառությունը նոր է, սակայն Վահագն Ղուկասյանը վստահեցնում է՝ հետաքրքրությունն արդեն իսկ նկատելի է թե´ մեծահասակների, եւ թե´ երեխաների շրջանում։  

Հանդիպում վարպետի հետ

Քանդակագործ Ալբերտ Վարդանյանի որդին՝ Ավետիք Վարդանյանը, որը տիրապետում է ռուսերեն, անգլերեն եւ գերմաներեն լեզուների, ճարտարապետությամբ եւ քանդակագործությամբ հետաքրքրված զբոսաշրջիկներին ներկայացնում է Գյումրիի քաղաքային արվեստը, ծանոթացնում քանդակների եւ հուշարձանների պատմությանը, այդ թվում՝ Ալբերտ Վարդանյանի աշխատանքներին։

Ավետիք Վարդանյանը

Արվեստասեր զբոսաշրջիկներն Ավետիքի ուղեկցությամբ կարող են այցելել քանդակագործական ստուդիա, տեղում ծանոթանալ քանդակների պատրաստման ընթացքին, զրուցել հեղինակների հետ։

Միմյանց չկրկնող աշխատանքների մեջ առանձնահատուկ ուշադրության է արժանանում կնոջ մարմին պատկերող «Կոբրա» քանդակի գիպսե տարբերակը։  

«Քանդակի մտահղացումը ենթադրում է ստեղծել 10 նման քանդակ՝ տարբեր նյութերից, որոնք պետք է միեւնույն վայրում միաժամանակ ցուցադրվեն։ Ինչպես պոդիումի մոդելները կարող են հարթակով անցնել սկզբում մի հագուստով, այնուհետեւ հանդես գալ նոր կերպարով՝ փոխելով մարդկանց տեսողական ընկալումն իրենց նկատմամբ, այնպես էլ 10 քանդակներից յուրաքանչյուրը դիտողի մոտ կառաջացնի տարբեր տպավորություններ»,- ասում է քանդակագործ Ալբերտ Վարդանյանը:


Նախագծի իրականացման համար անհրաժեշտ ներդրումն առայժմ բացակայում է, եւ այն կյանքի կոչելու համար քանդակագործը պատրաստ է համագործակցության։

Գյումրին մեկն է «Իմ Հայաստանի» կողմից որպես թիրախ ընտրված քաղաքներից։ Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանը ներկայացնել զբոսաշրջիկների համար գրավիչ կողմերով, աջակցել տեղական տնտեսությունների զարգացմանն ու օգնել տեղացի վարպետներին արդյունավետ աշխատել շուկայում։

Գայանե Ենոքյան
Լուսանկարները՝ Մեդիամաքսի
Դիտում՝ 3075
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai