Հայկական առաջին գինու ուղին պատրաստ է ներկայանալ զբոսաշրջիկներին

11.08.2018 | 10:35 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#«Իմ Հայաստան» #wine route
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում մշակվել է հայկական առաջին wine route-ը` գինու ուղին։ Այն միավորում է Վայոց Ձորի մարզի 5 գինեգործարաններ՝  «Արենի», «Գետնատուն», «Հին Արենի», «Հին Կամուրջ» եւ «Տրինիտի կանյոն այգիներ»։ Լրագրողների համար կազմակերպված շրջայցի ընթացքում Banks.am-ի թղթակիցը զրուցել է գինեգործարանների հիմնադիրների ու «Իմ Հայաստան» ծրագրի ղեկավար Սիսակ Մխիթարյանի հետ եւ փորձել պարզել հայեցակարգի հիմնական առանձնահատկությունները:

Տարածաշրջանի ներկայացումը միջազգային շուկայում

Wine route-ը կամ գինու ուղին աշխարհում տարածված մարքեթինգային հայեցակարգ է, որը միտված է  տարածաշրջանային գինեգործարանների միավորմանն ու միջազգային շուկայում միասնական բրենդով հանդես գալուն։ Banks.am-ի հետ զրույցում «Իմ Հայաստան» ծրագրի ղեկավար Սիսակ Մխիթարյանը նշեց, որ գինու ուղին ստեղծում է համագործակցային դաշտ տեղական արտադրողների համար եւ հեշտացնում միջազգային հանրությանը ճանաչելի դառնալու գործընթացը։

Հայկական առաջին wine route-ը մասնակից գինեգործարանների ղեկավարների հետ քննարկումների արդյունքում ստացավ «Վայոց Ձորի գինու ուղի» անվանումը եւ արդեն պատրաստ է ներկայանալ միջազգային շուկայում։

Սիսակ Մխիթարյանը նշեց, որ գինու ուղուն կարող են միանալ բոլորը։ Նա նաեւ հույս հայտնեց, որ մի օր հնարավոր կլինի աշխարհին ներկայանալ ընդհանուր հայաստանյան գինու ուղով։

Ինչ են առաջարկում տեղական արտադրողները զբոսաշրջիկներին

«Վայոց Ձորի գինու ուղու» անդամ հանդիսացող «Գետնատուն» գինեգործարանի հիմնադիրները նպատակ ունեն զարգացնելու ագրոտուրիզմը։ «Զբոսաշրջիկները մեր այգիներում կարող են մասնակցել բերքահավաքին, համտեսել իրենց քաղած մրգերը։ Նախատեսում ենք կառուցել մեծ սրահ, որտեղ կկարողանանք գինու համտես կազմակերպել ավելի մեծ թվով այցելուների համար։ Այժմ տարածքը փոքր է եւ նախատեսված է մոտ 20 հյուրի համար»,- լրագրողների հետ զրույցում նշեց գործարանի մենեջեր Նարինե Բաղդասարյանը։


«Հին Կամուրջ» գինեգործարանն այս տարի նշում է ստեղծման 20-ամյակը։ Ընկերության հիմնադիրներից Արմեն Խալաթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք շատ են կարեւորում խաղողի որակը։

 «Լավ գինի արտադրելու համար պետք է ունենալ որակյալ խաղող, որի հնարավորությունը ստեղծվում է միայն սեփական այգի հիմնելով։ Մենք որդեգրել ենք այս մոտեցումը եւ ստեղծում ենք հեղինակային գինի՝ անձամբ զբաղվելով ամբողջ գործընթացով՝ սկսած խաղողի տեսակի ընտրությունից մինչեւ գինու ստացում եւ վաճառք»,- մանրամասնում է Արմեն Խալաթյանը։


 «Հին կամուրջ» ընկերության այգիներում աճում է Արենի տեսակի խաղող, որից պատրաստվում է կարմիր գինի։ 3 տարի առաջ տնկվել է նաեւ Ոսկեհատ տեսակը, որից գալիք տարում կպատրաստեն սպիտակ գինի։

«Հին Արենի»-ում զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ ֆրանսիական եւ իտալական նորագույն սարքավորումներով կահավորված գործարանին։ Լրագրողների հետ զրույցում գինեգործարանի տնօրեն Վարդան Մկրտչյանը նշեց, որ գինու վրա աշխատում է գինեգործը եւ ընդամենը երկու բանվոր․ գործընթացը մեծապես ավտոմատացված է։


«Արենի» գինու գործարանի հիմնադիր Ռաֆիկ Սիմոնյանը կարծում է, որ հայկական գինու մշակույթի զարգացման համար գինին պետք է վերադառնա մարդկանց կենցաղ, ինչի համար այն պետք է լինի որակյալ եւ մատչելի։ Մեզ հետ զրույցում նա հայտնեց իր մտահոգությունն այն մասին, որ հայկական գինիները բավական թանկ են։ Գինեգործի կարծիքով՝ պատճառն այն է, որ հայերը ցանկանում են շատ արագ հարստանալ։


 «Արենի» գինու գործարանի արտադրանքի արժեքը տատանվում է 1500-2000 դրամի սահմաններում։

Դեպի օրգանական խաղողագործություն

 «Աշխատեք բարի տրամադրվել եւ դրսում թողնել բոլոր վատ մտքերը։ Գինին կենդանի օրգանիզմ է, բացասական զգացողությունները նրա վրա կարող են վատ անդրադառնալ»,- գինու լաբորատորիա մտնելուց առաջ այցելուներին հորդորում է «Տրինիտի կանյոն այգիներ» ընկերության հիմնադիր Հովակիմ Սաղաթելյանը։


2009-ին հիմնված գործարանը Հայաստանում առաջինն է, որ ավանդական գինեգործությամբ զբաղվելուց զատ՝ գնում է օրգանական խաղողագործության ճանապարհով։ Հովակիմը խոստովանում է՝ գործընթացը ծախսատար է եւ ենթադրում է բարդ ճանապարհ․ «Պետք է պատրաստ լինել օրուգիշեր աշխատելուն, ահռելի քանակությամբ քարերի հետ գործ ունենալուն, ընտանիքը, սիրուհիներին թողնելուն ու նվիրվել այդ հողին»,- լրագրողների հետ զրույցում կես կատակ, կես լուրջ ասաց Հովակիմը։

Փորձությունը գրեթե հաղթահարված է․ այս աշնան բերքահավաքից պատրաստված գինին արդեն կունենա օրգանական արտադրանքի եվրոպական, ամերիկյան եւ տեղական հավաստագիր։

Հայեցակարգի պակասող մասնիկը

Գինու ուղու հիմնական բաղկացուցիչ մասերն են միասնական բրենդը, վեբ-կայքը, որտեղ զետեղված է տեղեկատվություն տարածաշրջանի, մասնակից գինեգործարանների մասին, գինու ուղու քարտեզը եւ համապատասխան ճանապարհային նշանները։ «Վայոց Ձորի գինու ուղուն» լիարժեք դառնալու համար պակասում է միայն ճանապարհային նշանների առկայությունը։

«Գինու ուղու ճանապարհային նշանները լինում են հիմնականում երեք տեսակի՝ մուտքի եւ ելքի, տեղեկատվական բնույթի եւ ուղղորդող։ Ցավոք, մենք այժմ միջգերատեսչական անորոշության խնդիր ունենք։
Այս բաղադրիչը մեզնից կախված չէ, սակայն մենք պարբերաբար քննարկումներ ենք ունենում Զբոսաշրջության պետական կոմիտեի ղեկավարության հետ՝ հարցի կարգավորման համար»,- նշեց Սիսակ Մխիթարյանը՝ հավաստիացնելով, որ հարցի շուտափույթ լուծումը գտնվում է Կոմիտեի ուշադրության կենտրոնում։

Գայանե Ենոքյան
Լուսանկարները՝ հեղինակի
Դիտում՝ 7241
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai