Բանկերը կրկնապատկել են շահույթը

18.07.2018 | 10:18 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#հաշվետվություն
Հայաստանի բանկային համակարգը 2018թ. երկրորդ եռամսյակում շարունակել է ֆինասական ցուցանիշների դրական դինամիկան: Ընդ որում, եթե ակտիվների, պարտավորությունների եւ կապիտալի աճը եղել է համեմատաբար համեստ, ապա շահույթը շոշափելի աճ է գրանցել. ցուցանիշը 2017թ. նույն եռամսյակի համեմատ կրկնապատկվել է: Ավելին, երկրորդ եռամսյակն օգուտով են փակել բոլոր առեւտրային բանկերը:

Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ Banks.am-ը ներկայացնում է 2018թ. երկրորդ եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը:

Ակտիվների աճն արագացել է

ՀՀ բանկային համակարգը 2018թ. երկրորդ եռամսյակում շարունակել է ակտիվների դրական դինամիկան:

Այսպես, ակտիվների ընդհանուր ծավալը հաշվետու եռամսյակում 2017թ. վերջի համեմատ աճել է շուրջ 3,6%-ով՝ կազմելով 4 502,85 մլրդ դրամ:

Ընդ որում, հաշվետու եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ ակտիվների աճը որոշակիորեն արագացել է (2018թ. առաջին եռամսյակում ցուցանիշն աճել էր 1,4%-ով):

Միաժամանակ, վարկավորման ծավալները երկրորդ եռամսյակում ավելացել են 7,6%-ով եւ կազմել 2 829,3 մլրդ դրամ:


Ակտիվների մեծությամբ առաջատարը շարունակում է մնալ Ամերիաբանկը: Այն 2017թ. վերջի համեմատ արձանագրել է ցուցանիշի 2,3% աճ եւ 693,5 մլրդ դրամով գլխավորել ցանկը: Ամերիաբանկին բաժին է ընկնում բանկային համակարգի ընդհանուր ակտիվների 15,4%-ը: Բանկն առաջատար է նաեւ հաճախորդների վարկավորման ծավալներով (492,3 մլրդ դրամ, աճ՝ 2,6%):

Մյուս խոշորագույն բանկը, ըստ ակտիվների մեծության, Արդշինբանկն է, որի ցուցանիշը հաշվետու ժամանակաշրջանում աճել է 10,7%-ով` կազմելով 628,6 մլրդ դրամ: Բանկի տրամադրած վարկերի ծավալը կազմել է շուրջ 451,6 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ տարեվերջի ցուցանիշը 15,2%-ով:

Նրան հաջորդում են Հայբիզնեսբանկը՝ 563,05 մլրդ դրամ (2017թ. վերջի համեմատ՝ 2,1% անկում), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 316,2 մլրդ դրամ (աճ`1,7%) եւ Ինեկոբանկը՝ 275,3 մլրդ դրամ (անկում՝ 0,9%) ցուցանիշով: Այս բանկերի վարկավորման ծավալները հաշվետու ժամանակաշրջանում կազմել են համապատասխանաբար 405,7 մլրդ դրամ (աճ՝ 7,8%), 192,2 մլրդ դրամ (աճ՝ 10,3%) եւ 185 մլրդ դրամ (աճ՝ 6,9%):

Հինգ առաջատար բանկերին բաժին է ընկել բանկային համակարգի ընդհանուր ակտիվների 55%-ը:

Պարտավորություններն ավելացել են

Բանկային համակարգի պարտավորությունների ընդհանուր ծավալը 2018թ. երկրորդ եռամսյակում 2017թ. վերջի նկատմամբ ավելացել է 3%-ով՝ կազմելով 3 770,9 մլրդ դրամ:

Պարտավորությունների մեծությամբ առաջատարն Ամերիաբանկն է: Բանկի ցուցանիշը 2018թ. երկրորդ եռամսյակում աճել է 0,1%-ով՝ կազմելով 608,2 մլրդ դրամ:

Երկրորդ խոշորագույն բանկը, ըստ պարտավորությունների, Արդշինբանկն է՝ շուրջ 561 մլրդ դրամ ցուցանիշով (աճ՝11,8%):

Ամենախոշոր բանկերի հնգյակում են նաեւ Հայբիզնեսբանկը՝ 521,7 մլրդ դրամ (2017թ. վերջի նկատմամբ՝ 2,7% անկում), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 254,6 մլրդ դրամ (աճ` 1,6%) եւ Ինեկոբանկը՝ 223,6 մլրդ դրամ ցուցանիշով (անկում՝ 2,6%):

Կապիտալիզացիան ավելացել է
 
Հաշվետու եռամսյակում բանկային համակարգում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է կապիտալի (հաշվեկշռում ներկայացված) աճ 5,7%-ի չափով, որը հասցրել է ցուցանիշը շուրջ 732 մլրդ դրամի:

Ամենակապիտալացված բանկը շարունակում է մնալ Ամերիաբանկը՝ 85,3 մլրդ դրամ ցուցանիշով, որը նախորդ տարեվերջի համեմատ աճել է 22%-ով:

67,6 մլրդ դրամ կապիտալի մեծությամբ երկրորդ տեղում է Արդշինբանկը, որն արձանագրել է ցուցանիշի 1,8% աճ:

Կապիտալի ցուցանիշով մյուս առաջատարներն են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 61,7 մլրդ դրամ (աճ` 2,2%), Ինեկոբանկը՝ շուրջ 51,7 մլրդ դրամ (աճ՝ 7,2%), եւ ԱյԴի Բանկը՝ 45,35 մլրդ դրամ (աճ` 2,2%):

Շահույթը կրկնապատկվել է

ՀՀ առեւտրային բանկերը 2018թ. երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ կրկնակել են շահույթի ցուցանիշը:

Հաշվետու եռամսյակում բանկերը վաստակել են 36,3 մլրդ դրամ զուտ շահույթ, որը 101,1%-ով գերազանցում է 2017թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշը:

Ընդ որում, եռամսյակն «օգուտով» են փակել բոլոր առեւտրային բանկերը:

Ամենամեծ շահույթը հաշվետու եռամսյակում արձանագրել է Ամերիաբանկը: Այն 2018թ. երկրորդ եռամսյակի տվյալներով վաստակել է 5 927,6 մլն դրամ, որը գերազանցում է բանկի նախորդ տարվա երկրորդ եռամսյակի ցուցանիշը 77,4%-ով:

4 292,1 մլն դրամ ցուցանիշով երկրորդ տեղում Արցախբանկն է, որի շահույթը 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 20 անգամ:

Նրան հաջորդում են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 3 929,1 մլն դրամ (աճ՝ 44%) եւ Ինեկոբանկը՝ շուրջ 3 780 մլն դրամ (աճ`6,2%): Իսկ ամենաշահութաբեր բանկերի հնգյակը եզրափակում է Արդշինբանկը, որը երկրորդ եռամսյակում արձանագրել 3 570,2 մլն դրամ շահույթ (աճ՝ 15,1%):

Միայն հինգ առաջատար բանկերին հաշվետու ժամանակահատվածում բաժին է ընկել բանկային համակարգի ընդհանուր շահույթի 59,2%-ը:

Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2018թ. 2-րդ եռամսյակի դրությամբ: Ցուցանիշների աճ/անկումը հաշվարկված է 2017թ. վերջի նկատմամբ, բացառությամբ՝ շահույթի (2017թ. երկրորդ եռամսյակի համեմատ):

Բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության՝ ամենամեծից ամենափոքրը:



Սիրանուշ Սիմոնյան
Դիտում՝ 11268
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai