«Լուքինգ ֆորվարդ»-ն Ալավերդիում տուրիզմը դարձնում է եկամտի աղբյուր

13.07.2018 | 09:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#«Լուքինգ ֆորվարդ» #Ալավերդի #Միկոյաններ
Ալավերդիում զբոսաշրջությունը զարգացնելու, այս ոլորտում նոր որակ ստեղծելու, աշխատետեղեր բացելու ձգտումը եւ Հայաստանի հանդեպ մեծ սերը բրիտանացի բարերար Անդրեա Ուայթին տարիներ առաջ բերեցին մեր երկիր: Գաղափարը գործի վերածելու ճանապարհը սկսվեց 2013-ին՝ «Վորլդ Վիժըն Հայաստան» միջազգային կազմակերպության հետ գործակցությամբ, իսկ արդեն 2016-ին Ալավերդիում ստեղծվեց «Լուքինգ ֆորվարդ» զբոսաշրջության զարգացման հիմնադրամը:

Առաջին քայլը՝ անգլերենի ակումբ

«Հատկապես տուրիզմի ոլորտում աշխատելիս անգլերենի լավ իմացություն է պետք: Կարող ես լավ աշխարհագրագետ, պատմաբան լինել, իմանալ սպասարկման ոլորտի նրբությունները, բայց եթե չկարողանաս ինֆորմացիան ճիշտ ձեւով մատուցել մարդուն, ապա կարող ես նրան նաեւ հետ մղել»,- ասում է «Լուքինգ ֆորվարդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Նարինե Սիմոնյանը:

Անգլերենի ակումբում մինչեւ օրս անվճար անգլերեն է սովորել Ալավերդիի եւ հարակից բնակավայրերի 10-65 տարեկան 170 ուսանող: Ակումբում սկզբնական շրջանում Ռուսաստանից հրավիրված կամավոր մասնագետ է դասավանդել: Ներկայում տեղում մասնագետ ունեն, որն օտար լեզվի իմացությունը եւս անգլերենի ակումբում է խորացրել:

Ընդհանուր գիտելիքներից բացի, այստեղ շեշտը դնում են տուրիզմի վրա, որովհետեւ հիմնադրամի բոլոր ծրագրերը միտված են տարածաշրջանում այս ոլորտի զարգացմանը:

Լավագույն ուսանողները՝ նաեւ ապագա զբոսավարներ

«Լուքինգ ֆորվարդ» հիմնադրամն էքսկուրսիաներ է կազմակերպում ավելի քան 15 ուղղությունով: Տարածաշրջանի տեսարժան վայրերի շարքում են Օձունը, Սանահինը, Հաղպատը, Ախթալան, Քոբայրը եւ այլն:

Էքսկուրսիաները ներառում են նաեւ քայլարշավներ, որոնք կարող են տեւել կես ժամից մինչեւ 3 օր: Քայլարշավ նախընտրող զբոսաշրջիկները գիշերում են վրաններում:


«Մեր զբոսավարները տարածաշրջանը զբոսաշրջիկին ներկայացնում են հնարավորինս ընդգրկուն կերպով՝ բուսական, կենդանական աշխարհից սկսած մինչեւ արդյունաբերության զարգացում, ամեն ինչ՝ տարածաշրջանի ու երկրի մասին,- պատմում է Նարինեն: -Մինչեւ որեւէ էքսկուրսիա կազմակերպելը մենք հետազոտություն ենք կատարում, որը կարող է նույնիսկ մեկ տարի տեւել: Մշտապես համագործակցում ենք Մատենադարանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայաստանի ազգային պատկերասրահի եւ այլ կառույցների հետ՝ փորձելով տարածաշրջանը ներկայացնել յուրովի: Օրինակ, Սանահինում գրված ձեռագրերի էլեկտրոնային տարբերակն ենք ցույց տալիս զբոսաշրջիկներին, Հաղպատում՝ պատմում Սայաթ-Նովայի մասին, երբեմն՝ նրա երգերից կատարում: Այսինքն, տուրիստին ներկայացնում ենք ոչ թե Հայաստանի հարյուրավոր եկեղեցիներից հերթականը, այլ դրա առանձահատկությունը»:

«Լուքինգ ֆորվարդ»-ի անձնակազմը բծախնդիր է ոչ միայն էքսկուրսիաների ճիշտ կազմակերպման, այլեւ հմուտ զբոսավարների պատրաստման հարցում: Հիմնադրամի զբոսավարները նախապես մասնակցում են ֆիզիկական պատրաստվածության ու առաջին բուժօգնության դասընթացների, իսկ էքսկուրսիայի կամ քայլարշավի մեկնելիս նրանց հետ են ուղեկցորդին անհրաժեշտ բոլոր իրերը՝ ձողեր, առաջին բուժօգնության պարագաներ եւ այլն:

Քայլարշավների ու զբոսարշավների նախագիծը կոչվում է Alaverdi Guides («Ալավերդի գայդս»): Այս անվամբ է նախագիծը հայտնի TripAdvisor-ում:

Գործում են նաեւ Alaverdi Walks, Haghpat Monastry եւ Sanahin Monastry ֆեյսբուքյան էջերը:  

Քայլարշավները նախկինում կազմակերպվել են կամավորական հիմունքներով, այժմ դրանք վճարովի են՝ 3 000 դրամից սկսած: Գումարն ամբողջությամբ տրվում է զբոսավարին, հիմնադրամը որեւէ եկամուտ չի ստանում դրանից:


Ազգանուշ Երզնկյանն արդեն 4 տարի է՝ տարբեր երկրներից Ալավերդիի տարածաշրջան եկող զբոսաշրջիկներին է ներկայացնում տեղի տեսարժան վայրերն ու պատմամշակութային ժառանգությունը: Զբոսավարի աշխատանքը մասնագիտությամբ մանկավարժ Ազգանուշի համար ամռան ամիսներին եկամտի կայուն աղբյուր է: Ասում է, որ օտարերկրացիները զարմանում, միաժամանակ ուրախանում են, որ նման ծառայություն կա Ալավերդիում, այն էլ՝ մատչելի գնով:

Ներկայում Alaverdi Guides ծրագիրն աշխատանքով է ապահովում 18-35 տարեկան 15 զբոսավարի:

«Միկոյան եղբայրների թանգարանը»՝ զբոսաշրջային գրավիչ պրոդուկտ

Ժամանակակից ցուցափեղկեր, նոր ցուցանմուշներ, սենսորային էկրաններ, եռալեզու բացատրություն եւ այլ գրավչություններ: «Լուքինգ ֆորվարդ» հիմնադրամը 35 մլն դրամ ներդրումով փորձել է նոր շունչ հաղորդել այս թանգարանին, որովհետեւ, ինչպես թանգարանում են ներկայացնում, տարածաշրջան այցելող զբոսաշրջիկները հետաքրքրված են ոչ միայն եկեղեցիներով, այլեւ պատմությամբ, քաղաքականությամբ, ավիացիայով եւ այլն:

«Լուքինգ Ֆորվարդ» զբոսաշրջության զարգացման հիմնադրամի եւ Ալավերդիի քաղաքապետարանի միջեւ 2016թ. կնքված համաձայնագրի արդյունքում Միկոյան եղբայրների թանգարանը 3 տարի ժամկետով վարձակալական հիմունքներով հանձնվել է հիմնադրամին՝ այն վերանորոգելու, արդիականացնելու, զբոսաշրջային կայուն հոսք ապահովելու եւ թանգարանը եկամտաբեր կառույց դարձնելու նպատակով: Վարձակալության ժամկետի ավարտին թանգարանը նորից կհանձնվի  քաղաքապետարանին:

Առաջիկայում  նախատեսվում է թանգարանի տարածքում կառուցել նաեւ բիո-սանհանգույց, արեւային էներգիայի ստացման եւ անձրեւաջրերի օգտագործման համակարգեր՝ թանգարանի շահագործման ծախսերը նվազագույնի հասցնելու  նպատակով:

Թանգարանում զբոսաշրջիկներին զարմացնում է, որ...

- Աշխատակիցներն անգլերեն են խոսում, որովհետեւ փողոցում, խանութում, դեղատանը եւ այլ վայրերում նրանք դժվարանում են, երբ իրենց չեն հասկանում:

- Այցելուին տրվող ինֆորմացիան հասանելի է նաեւ ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն լեզուներով: Այս դեպքում այցելուն ոչ թե լսում, այլ կարդում է:

-Մուտքի վճարը մատչելի է՝ 500 դրամ, իսկ 6-18 տարեկան այցելուների համար՝ 250 դրամ: Նախապես՝ 1-2 օր շուտ պատվիրելու դեպքում էլ թանգարան այցելությունն անվճար է դառնում:


- Թանգարանում մթերքներով լի սառնարան են տեսնում: Սառնարանում պահվում են այն մթերքները, որոնք սննդարդյունաբերության ժողկոմի նախագահ Անաստաս Միկոյանի շնորհիվ են ներկրվել Խորհրդային Միություն:

- Թանգարանի բակում լոբի եւ եգիպտացորեն են աճեցնում: Սրանք այն մշակաբույսերն են, որոնց պահածոյացման տեխնոլոգիան մշակվել է Անաստաս Միկոյանի օրոք: Զբոսաշրջիկների համար հետաքրքիր է նաեւ տեսնել, թե լոբին ինչպես է աճում:

- Ցուցափեղկում շամպայնի շիշ են տեսնում: Ու շատերն են շամպայն խմելու ցանկություն ունենում: Սա արդեն մատուցվում է առանձին հավելավճարով:

-Աշխարհին հայտնի եղբայրները՝ խորհրդային պետական ու քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանն ու աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ՄիԳ ռազմական օդանավերի ստեղծող Արտեմ Միկոյանը, մեծացել են գյուղական միջավայրում ու հասարակ ընտանիքում:

Թանգարանում փորձում են Միկոյան եղբայրներին տարբեր ժողովուրդների հետ կապող ընդհանրություններ գտնել, որպեսզի յուրաքանչյուր ազգի ներկայացուցիչ այստեղ իր համար հետաքրքիր բան գտնի:  

«Թանգարանը նպատակ չունի մեծարելու Միկոյան եղբայրներին: Տրվում է օբյեկտիվ տեղեկատվություն նրանց կյանքի, գործունեության ու ձեռքբերումների, ինչու չէ, նաեւ անհաջողությունների մասին: Կարծիքները, դատողությունները թողնում ենք այցելուին»,- ասում են թանգարանի էքսկուրսավարները:
 
Հուշանվերներ՝ թանգարանում

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Նարինե Սիմոնյանը

Շուրջ 10 անուն հուշանվերների ստեղծման գաղափարն ու հեղինակային իրավունքը թանգարանին են պատկանում: Հուշանվերները միայն տեղում են վաճառվում, այլ վայրից դրանք հնարավոր չէ ձեռք բերել:

Թեմատիկ շապիկների, փոստային բացիկների, էջանիշերի, օրացույցների, գրիչների շարքը շուտով կհամալրի տուրիստների կողմից պահանջված՝ «Միկոյան եղբայրների թանգարանի» մասին պատմող գիրքը:

Վաճառվող հուշանվերների մի մասը պատրաստվում է տեղում: Թեմատիկ ցանկացած հուշանվեր այստեղ ընդունում են, վաճառում եւ ամբողջ գումարը հանձնում դրա հեղինակին:

Թանգարանը՝ տեղեկատվական կենտրոն

«Լուքինգ ֆորվարդ»-ը զբոսաշրջիկին է տրամադրում տարածաշրջանի տեսարժան վայրերին, երթուղիներին, հյուրատներին, ռեստորաններին, տաքսի ծառայություններին ու ընդհանրապես սպասարկման ոլորտին վերաբերող անհրաժեշտ բոլոր տեղեկությունները: Այս կերպ հիմանդրամը խրախուսում է զբոսաշրջիկին մնալ տարածաշրջանում եւ նպաստել հարակից բիզնեսների զարգացմանը:

Անել ամեն ինչ, որպեսզի զբոսաշրջիկի այցը համայնքի համար եկամտաբեր լինի: Այս նպատակին է ուղղված թանգարանի՝ տեղեկատվական անկյունի ստեղծումը:

«Միկոյան եղբայրների թանգարանի» հետ կապ հաստատելու, նաև տեղեկատվություն ստանալու համար ակտիվ է թանգարանի ֆեյսբուքյան էջը:

Հիմնադրամի նպատակները

- Առաջիկայում զբոսաշրջիկներին ներկայացնել նաեւ համայնքի՝ խորհրդային տարիների կոլորիտը՝ մարդկանց կենցաղից մինչեւ արդյունաբերություն:

- Նոր նախաձեռնությունների շնորհիվ զբաղվածություն եւ կայուն եկամուտ ապահովել տեղացի երիտասարդների համար:

- Զբոսաշրջիկների կայուն հոսք ապահովել նաեւ հարեւան Վրաստանից:

- Անել ամեն հնարավորը, որ զբոսաշրջիկը ցանկանա մնալ տարածաշրջանում, օգտվի տեղի ծառայություններից, գումար թողնի, որպեսզի համայնքը զարգանա:  
 
Տաթեւիկ Ճուղուրյան
Լուսանկարները՝ հեղինակի եւ Alaverdi Walks ֆեյսբուքյան էջից
Դիտում՝ 10674
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai