Բանկային գաղտնիք. վստահե՞լ, թե՞ չվստահել

14.02.2018 | 12:10 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Արսեն Եղիկյան #բանկային գաղտնիք
Բանկերին մենք վստահում ենք ոչ միայն մեր ֆինանսական միջոցները, այլեւ մեր մասին անձնական զգալի տեղեկատվություն, որը չէինք ցանկանա բացահայտել կողմնակի անձանց: Հետեւաբար, հաճախորդի համար չափազանց կարեւոր է համոզված լինել, որ այդ տեղեկատվությունը պատշաճ կերպով կպահպանվի եւ երբեւէ չի օգտագործվի ի վնաս իրեն:

Banks.am-ը տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արսեն Եղիկյանի օգնությամբ ներկայացնում է՝ ի՞նչ է բանկային գաղտնիքը, որքանո՞վ է այն պահպանվում Հայաստանում եւ ի՞նչ պատիժ է սահմանված բանկային գաղտնիքի բացահայտման համար:

«Տվյալներս գաղտնի թող մնան»

Բանկային գաղտնիքը հաճախորդին սպասարկելու կապակցությամբ նրա հաշիվների վերաբերյալ բանկին հայտնի դարձած, ինչպես նաեւ բանկում առկա տեղեկատվությունն է, որը հաճախորդը մտադիր է պահել գաղտնի: Ցանկացած ֆինանսական գործարք, որն իրականացվում է բանկում (այդ թվում՝ ոչ հաշվետեր հաճախորդների միջեւ դրամական փոխանցումներն իրականացվում, կոմունալ վճարումներ եւ այլն), բանկային գաղտնիք է: Այսինքն՝ բանկային գաղտնիքը հաճախորդի հետ ունեցած հարաբերություններում բանկին հայտնի դարձած ամբողջ տեղեկատվությունն է, որի հրապարակումը երրորդ անձանց արգելված է օրենքով:

Բանկային գաղտնիքը շատ հաճախ շփոթում են առեւտրային գաղտնիքի հետ: Վերջինս ունի տնտեսական (առեւտրային) արժեք կամ դրա տիրոջը տալիս է առեւտրային որեւէ առավելություն: Չնայած այս երկու հասկացությունների տարբերությանը՝ դրանք որոշ դեպքերում կարող են համընկնել: Առեւտրային գաղտնիքը կարող է դառնալ բանկային գաղտնիք, եթե այն հայտնի դառնա բանկին՝ հաճախորդին սպասարկելու գործընթացում:

Հաճախորդների վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը պաշտպանված է «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով, որը գործում է 1996-ից: Բանկային գաղտնիքի բացահայտումն այլ անձի համարվում է խախտում եւ պատժվում է օրենքի ուժով:

Ում են վստահում բանկերը

Կենտրոնական բանկը, լինելով ոլորտի կարգավորիչ, կարող է ցանկացած անձի վերաբերյալ բանկերից պահանջել եւ ստանալ տեղեկատվություն: Սա պայմանավորված է ԿԲ դերով եւ չի համարվում բանկային գաղտնիքի հրապարակում: Սակայն կարգավորչին եւս արգելված է բանկից ստացած բանկային գաղտնիքի հրապարակումը կամ տրամադրումը այլ անձանց:

Բանկերը (ինչպես նաեւ վարկային կազմակերպությունները) իրենց գործունեության անվտանգությունը, հաճախորդների վարկունակության գնահատումն ու իրենց ռիսկերի արդյունավետ կառավարումն ապահովելու նպատակով չեն համարվում երրորդ անձ միմյանց համար եւ կարող են իրար փոխանցել հաճախորդների մասին տեղեկատվությունը:

Երրորդ անձ չի համարվում նաեւ ԱՔՌԱ վարկային բյուրոն, որտեղ հավաքագրվում է բանկերի հաճախորդների պարտավորությունների մասին տեղեկատվությունը: Ուշագրավ է, որ հաճախորդների վարկային պատմության վերաբերյալ հարցում կատարելիս, օրենքի համաձայն, բանկերը պարտավոր են ստանալ հաճախորդի համաձայնությունը:

Բանկային գաղտնիքը համապատասխան մասով կարող է տրամադրվել Ֆինանսական համակարգի հաշտարարին, եթե վերջինս քննում է տվյալ բանկի դեմ ներկայացված պահանջ: Երրորդ անձ չի համարվում նաեւ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, որին անհրաժեշտ է հաճախորդի հաշիվների վերաբերյալ տեղեկատվությունը՝ նրա միջոցների ապահովությունը երաշխավորելու եւ փոխհատուցում իրականացնելու նպատակով:

Գաղտնիքը բացահայտելու թույլատրելի դեպքեր

Բանկային գաղտնիքի բացահայտումը երրորդ անձանց համարվում է խախտում՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Մասնավորապես, բանկը պարտավոր է բացահայտել քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիքը, եթե առկա է դատարանի համապատասխան որոշումը: Հարկային մարմիններին եւս բանկային գաղտնիքի տրամադրում կարող է իրականացվել բացառապես դատարանի որոշմամբ:

Բանկն իրավասու է բացահայտել հաճախորդի վերաբերյալ տեղեկատվությունը՝ դատարանում սեփական շահերը պաշտպանելիս, եթե ծագել է վեճ բանկի եւ հաճախորդի միջեւ:

Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման կամ նման փորձի դեպքում ԿԲ-ն քրեական հետապնդում իրականացնող համապատասխան մարմնին ներկայացնում է հաղորդում, որը, ըստ անհրաժեշտության, կարող է պարունակել բանկային գաղտնիք համարվող տեղեկատվություն:

Հաճախորդի մահվան դեպքում եւս բանկը պարտավոր է հայտնել նրա բանկային գաղտնիքը ժառանգներին՝ համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու պարագայում:

Բանկային գաղտնիքի կարեւորությունը

Բանկային գաղտնիքի պահպանումը, հաճախորդների շահերը պաշտպանելուց եւ նրան վնասներ կրելուց ազատելուց զատ, ունի խթանիչ ազդեցություն տնտեսության համար: Երբեմն մարդիկ տնօրինում են որոշակի ֆինանսական ռեսուրսներ, որոնց մասին չէին ցանկանա հայտնել որեւէ մեկին, այդ թվում՝ պետությանը: Եթե անձը վստահ չլինի, որ իր միջոցների մասին տեղեկատվությունը գաղտնի կպահվի, դրանք չի ներդնի բանկում, այլ նախընտրությունը կտա «բարձի տակ» պահելուն, իսկ դրամական փոխանցումները բանկի միջոցով իրականացնելու փոխարեն կկատարի առձեռն:

Տվյալ պարագայում կտուժեն բոլոր կողմերը. բանկը կզրկվի ազատ դրամական միջոցներից եւ միջնորդավճարներ աշխատելու հնարավորությունից, հաճախորդը չի ստանա տոկոսներ, կտուժի նաեւ պետությունը, քանի որ ֆինանսական միջոցների մի զգալի մաս դուրս կմնա տնտեսությունից: Հենց այդ նպատակներից ելնելով՝ պետական, այդ թվում՝ հարկային մարմինները բանկի համար համարվում են երրորդ անձիք եւ իրավասու չեն ստանալ բանկային գաղտնիք համարվող տեղեկատվություն:

«Ոճիր եւ պատիժ»

Բանկային գաղտնիքի հրապարակում է համարվում հաճախորդի հաշիվների մասին տեղեկատվության բանավոր կամ գրավոր հայտնումը երրորդ անձանց, ինչպես նաեւ այլ անձանց նման տեղեկություններ հայթայթելու հնարավորություն ուղղակիորեն կամ անուղղակի ընձեռելը: Վերջինի օրինակ է, երբ բանկի աշխատակիցն իր համակարգչի էկրանը պատշաճ կերպով չի ծածկում հաճախորդից, որը կարողանում է տեսնել մեկ այլ հաճախորդի տվյալները:

Բանկային գաղտնիքի բացահայտման օրինակներ են հաճախորդի ունեցած վարկերի մնացորդը երրորդ անձանց հայտնելը կամ հաշվի շարժի մասին տեղեկատվություն տրամադրելը: Թեեւ բանկը չի առարկում այլ անձի կողմից հաճախորդի պարտավորությունների մարումը, այդուհանդերձ, իրավունք չունի նրան հայտնել տեղեկատվություն հաճախորդի վարկի գումարի եւ մնացորդի վերաբերյալ:

Բանկային գաղտնիքի բացահայտման համար օրենքով սահմանված է պատիժ նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկից մինչեւ 10 000-ապատիկի չափով, այսինքն՝ 2-10 մլն դրամ՝ կախված նաեւ այն հանգամանքից, թե ինչ ծավալի վնաս է կրել հաճախորդը բանկային գաղտնիքի բացահայտման հետեւանքով: Բացի այդ, առկա է քրեական պատասխանատվություն, ինչպես նաեւ վնասների հատուցման ինստիտուտ:

Հատկանշական է, որ բանկային գաղտնիք հասկացությունն այս կամ այն խստությամբ կիրառվում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Որոշ երկրներում այն առավել շեշտադրված է եւ համարվում է նրանց «հացը»՝ գրավիչ դարձնելով այդ երկրի բանկերն ու տվյալ տնտեսությունում միջոցների ներդրումը: Օրինակ՝ շվեյցարական բանկերում տասնյակ տարիներով պահպանվում են հաճախորդների գումարները, որոնց մասին չեն իմանում անգամ նրա ժառանգները:

Հայաստանում բանկային գաղտնիքի պահպանման մշակույթում առաջընթացն անհերքելի է: Բանկերը խստորեն պահպանում են օրենքի դրույթները՝ չթույլատրելով բանկային գաղտնիքի՝ օրենքով չնախատեսված որեւէ հրապարակում:

Արսեն Եղիկյանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը
Դիտում՝ 9800
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo