Վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ քաղաքացու աչքերով

24.07.2017 | 10:10 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Վերաֆինանսավորման տոկոսադրույք #Արսեն Եղիկյան
ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը պարբերաբար սահմանում է վերաֆինանսավորման նոր տոկոսադրույք՝ վերանայելով այն կամ թողնելով անփոփոխ: Վերջինս ԿԲ դրամավարկային գործիքներից է, որն օգտագործվում է՝ կարգավորելու երկրում գների եւ տոկոսադրույքների ընդհանուր մակարդակները: Մինչդեռ քաղաքացիների մեծամասնության համար լիարժեք հասկանալի չէ, թե այս ցուցանիշի իջեցումը կամ բարձրացումը ինչ է փոխելու իրենց առօրյա կյանքում:

Banks.am-ը տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արսեն Եղիկյանի օգնությամբ ներկայացնում է պարզաբանում այն մասին, թե ինչ է իրականում վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որն է դրա տնտեսագիտական իմաստն ու ինչպես է այն անդրադառնում շարքային քաղաքացու կյանքի վրա:

ԿԲ-ն՝ վերջին ատյանի վարկատու

Կենտրոնական բանկը՝ որպես վերջին ատյանի վարկատու, առեւտրային բանկերին եւ ֆինանսական այլ կազմակերպությունների տրամադրում է վարկեր՝ օգնելով նրանց լուծել ընթացիկ իրացվելիության եւ միջոցների սղության խնդիրը: Այս վարկերը կարող են լինել ինչպես կարճաժամկետ (լոմբարդային ռեպո` 1 օր, հակադարձ ռեպո՝ մինչեւ 15 օր), այնպես էլ երկարաժամկետ (մինչեւ 5 տարի), սեփական կամ ներգրավված միջոցների հաշվին:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն գինն է, որով ԿԲ-ն` որպես վերջին ատյանի վարկատու, բանկերին տրամադրում է վարկեր՝ սեփական միջոցների հաշվին:

Այնուամենայնիվ, Կենտրոնական բանկի համար ավելի նպատակահարմար է բանկերի ֆինանսական «զինվածությունը» համալրել միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավված մատչելի վարկերի հաշվին (հիփոթեքային, բիզնես, գյուղատնտեսական եւ այլ վարկավորման ծրագրեր): Իսկ վերաֆինանսավորման տոկոսադրույքը ԿԲ դրամավարկային քաղաքականության իրականացման գործիքներից է, որով կարգավորիչը լուծում է բանկերի իրացվելիության, գնաճի կարգավորման եւ տնտեսության մեջ դրամական զանգվածի ծավալների կարգավորման հետ կապված խնդիրներ:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը ֆիքսված ցուցանիշ է, այն սահմանվում է Կենտրոնական բանկի խորհրդի նիստում եւ ուղենիշի դեր ունի տնտեսության մնացած բոլոր տոկոսադրույքների համար: Այն, կարելի է ասել, տեղական արժույթով վարկավորման տոկոսադրույքների ներքեւի սահմանն է:

Հաշվարկման բանաձե՞ւ, թե՞ սուբյեկտիվ որոշում

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի հաշվարկման կոնկրետ բանաձեւ, որպես այդպիսին, գոյություն չունի, կան միայն գնահատման տարբեր մոդելներ: ԿԲ-ի այս որոշումը ինչ-որ չափով սուբյեկտիվ է եւ կախված է երկրի ընթացիկ տնտեսական իրավիճակից, տոկոսադրույքների ընդհանուր մակարդակից եւ գնաճի ցուցանիշից: ԿԲ-ն այլ հավասար պայմաններում հակված է վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանել հնարավորինս ցածր մակարդակում, քանի որ ցածր տոկոսադրույք՝ նշանակում է էժան փող, ինչն էլ նպաստում է բիզնեսի աշխուժացմանն ու մարդկանց սպառման ավելացմանը՝ հանգեցնելով տնտեսության ընդլայնմանը: Մյուս կողմից, եթե երկրում բարձր է գների մակարդակը, եւ դրամի զանգվածը տնտեսությունում մեծ է, ապա գնաճը զսպելու նպատակով ԿԲ-ն բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այլ խոսքով՝ թանկացնում փողը, ինչը, միաժամանակ, խոչընդոտում է տնտեսության ընդլայնմանը՝ բարձրացնելով վարկավորման տոկոսադրույքները:

Այսպիսով, վերաֆինանսավորման տոկոսադրույք սահմանելիս ԿԲ-ն փորձում է ընտրել ամենաօպտիմալ ցուցանիշը, որը կապահովի տնտեսության ընդլայնում՝ միաժամանակ պահպանելով գների կայունությունը:

Մյուս կողմից, ինչպես վերաֆինանսավորման տոկոսադրույքն է ազդում տնտեսական իրավիճակի եւ տոկոսադրույքների ընդհանուր մակարդակի վրա, այնպես էլ տնտեսության կոնկրետ իրավիճակն է հանդիսանում պայման վերաֆինանսավորման տոկոսադրույքի՝ դեպի վերեւ կամ ներքեւ վերանայման համար: Վերաֆինանսավորման տոկոսադրույքը պետք է համահունչ լինի երկրում տոկոսադրույքների ընդհանուր միտման հետ, այլապես այն արհեստական խոչընդոտ կդառնա տնտեսական զարգացման բնականոն գործընթացում:

Ի՞նչ սպասել վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունից

Այժմ դիտարկենք վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունը՝ միջին վիճակագրական քաղաքացու տեսանկյունից:
 
Բարձրացում. Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացում՝ նշանակում է փողի թանկացում: Քաղաքացուն այս ազդակը պետք է հուշի, որ առաջիկայում սպասվում է ավանդների, վարկերի, պարտատոմսերի եւ այլ տոկոսադրույքների որոշակի բարձրացում:

Իջեցում. Նկատելով վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցում՝ քաղաքացին պետք է «գլխի ընկնի», որ ԿԲ-ն վարում է էժան փողերի քաղաքականություն, այսինքն՝ մոտ ժամանակահատվածում նկատվելու է տոկոսադրույքների ընդհանուր մակարդակի որոշակի անկում: Լավ ժամանակ է վարկ վերցնելու համար:

Նշենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքն այլ հավասար պայմաններում պետք է հանգեցնի վերոնշյալ հետեւանքներին, այդուհանդերձ, գործնականում հնարավոր են որոշակի շեղումներ՝ կախված ԿԲ այս գործիքի նկատմամբ շուկայի արձագանքից:

Տոկոսադրույքի չափը

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը Հայաստանում ներկայում կազմում է 6%:

Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ում Դաշնային պահուստային համակարգի սահմանած բազային տոկոսադրույքը ներկայում կազմում է 1-1,25%, իսկ Եվրոպայում՝ 0%, մինչդեռ Ռուսաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը կազմում է ավելի բարձր՝ 9%, Վրաստանում՝ 7%, իսկ Ադրբեջանում 15%:  

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը տարբերվում է երկրից երկիր եւ կախված է շատ հանգամանքներից, այդ թվում՝ տվյալ երկրի արժույթի կիրառման շրջանակից, ազգային բանկի վարած քաղաքականությունից եւ ընթացիկ տնտեսական վիճակից:

ՀՀ Կենտրոնական բանկը տեւական ժամանակ իրականացնում է մեղմացնող դրամավարկային քաղաքականություն՝ շարունակաբար իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը:  2015թ. օգոստոսին այն կազմում էր 10,5%, իսկ ներկայում հասել է 6%-ի (ժամանակահատվածը նպաստավոր էր մեղմ քաղաքականության համար, քանի որ այդ ընթացքում Հայաստանում տիրում էր գնանկումային միջավայր):

ԿԲ այս մեղմող քայլերը չէին վրիպել նաեւ միջազգային հանրության աչքից: Հեղինակավոր Reuters գործակալությունն անդրադարձել էր ԿԲ քաղաքականության վերջին դրսեւորումներին՝ նրան ներառելով դրամավարկային քաղաքականության համաշխարհային «սերիական մեղմացնողների» շարքում:

Այդուհանդերձ, ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետագա նվազեցում դեռեւս չի պլանավորվում:

«Առկա մակարդակից ցածր տոկոսադրույքը կարող է անցանկալի ազդեցություն ունենալ տնտեսության իրական եւ ֆինանսական հատվածների զարգացման վրա: Հետեւաբար, ԿԲ-ն ավելի զգուշավոր կլինի դրա հետագա հնարավոր իջեցումը դիտարկելիս»,- Reuters-ի հետ զրույցում նշել էր Արթուր Ջավադյանը:

Արսեն Եղիկյանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը
Դիտում՝ 36122
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai