Սառցամագլցումը կխթանի Ջերմուկում ձմեռային տուրիզմը

09.01.2017 | 11:52 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

2016թ. նոյեմբերին «Օսմ» (Аwesome) հիմնադրամի հերթական դրամաշնորհը շահել է Վազգեն Գալստյանի՝ Ջերմուկում սառցամագլցման բուրգեր կառուցելու ծրագիրը: Banks.am-ը գաղափարի հեղինակից փորձել է պարզել ծրագրի նպատակը եւ դրա ազդեցությունը Ջերմուկում զբոսաշրջության զարգացման վրա:

Երիտասարդությունը՝ մարզի զարգացման աղբյուր

Մասնագիտությամբ միջազգայնագետ, ջերմուկցի Վազգեն Գալստյանի համար Երեւանից Ջերմուկ վերադառնալը հետընթաց չէ: Նա ցավով նշում է, որ այսօր մարզերից երիտասարդության մեծ արտահոսք կա, արդյունքում տարբեր ոլորտներում կադրերի պահանջարկը մեծ է: Բացի այդ, Վազգենը կարծում է, որ ինքնադրսեւորման տեսանկյունից մարզերում երիտասարդների հնարավորություններն ավելի շատ են, քանի որ Երեւանից հետո փոքր քաղաքում մրցակցությունն ավելի ցածր է:  

«Երիտասարդությունը մի փոքր թերագնահատում է իրեն՝ մտածելով, որ չի կարող կայանալ մարզում,- ասում է Վազգենը: -Սակայն եթե դու ծանոթ ես Երեւանին, ծանոթ ես երեւանյան մշակույթին, այն բոլոր կազմակերպություններին ու մարդկանց, որոնց միջավայրում կարողացել ես կայանալ Երեւանում, ապա այդ ամբողջ միջավայրը կարող ես շատ հանգիստ տեղափոխել քո մարզ, քո համայնք»:

Հենց այդ վստահությունն էլ ստիպել է Վազգենին ուսումն ավարտելուց հետո թողնել մայրաքաղաքը, աշխատանքը, ընկերներին եւ նվիրվել Վայոց ձորի զարգացմանը:

Արհեստական բուրգեր

Սիրողական սառցամագլցման համար արհեստական բուրգեր ստեղծելու գաղափարը Վազգեն Գալստյանի մոտ առաջացել է ժայռամագլցմամբ զբաղվելու ընթացքում:

«Սառցամագլցման մասին լսեցի, ուզում էի փորձել, բայց ոչ մի տեղ չկա, իսկ ես այն մտածելակերպի կրողն եմ, որ եթե ինչ-որ բան չկա, դու՛ պետք է ստեղծես»,- ասում է Վազգենը:

Այս պահին Ջերմուկում փորձում են կառուցել 9-մետրանոց բուրգ՝ սիրողական սառցամագլցման համար: Տեսականորեն բուրգի կառուցումը մեծ դժվարություններ չի ներկայացնում. դրա համար անհրաժեշտ է հավաքել 9-մետրանոց փայտե կմախքը եւ վերեւից բաց թողնել ջուրը: Սակայն գործնականում առաջ են գալիս տարբեր բարդություններ`կապված ցերեկվա եւ գիշերվա ժամերին ջերմաստիճանային տատանումների հետ:  

Անվտանգություն

Լինելով էքստրիմ մարզաձեւ՝ սառցամագլցումը, բնականաբար, ենթադրում է անվտանգության որոշակի մեխանիզմներ:

«Ապահովության կետը վերեւում է, պարաններից մեկը կապված է մագլցողին, մյուսը՝ անվտանգությունն ապահովողին: Վերջինիս մոտ կա գործիքակազմ, որով ցանկացած մարդ կարող է պահել իրեն 2 անգամ քաշով գերազանցող մարդու,- պատմում է Վազգենը: -Եթե մագլցողը հասնի ինչ-որ կետի եւ էլ չկարողանաս շարունակել, ապա անվտանգություն ապահովողը կօգնի նրան դանդաղ իջնել կամ պարանի օգնությամբ բարձրանալ»:

Սառույցի «փլվելու» հետ կապված, նրա խոսքով, անվտանգության խնդիր չկա: Նախ, ջերմաստիճանն այնքան բարձր չէ, որ սառույցի հաստ շերտը պոկվի-ընկնի, հատկապես որ բուրգը կառուցվում է ստվերում: Մյուս կողմից, քանի որ այն նախատեսված է սիրողականների համար, բուրգը լինելու է ոչ թե ուղղահայաց, այլ ավելի մեծ թեքությամբ, հետեւաբար` նույնիսկ բարձր ջերմաստիճանի դեպքում սառույցը չի կարող պոկվել, այն պարզապես կհալվի:

«Ձնեմարդուկ». սառցե քանդակների փառատոն

Վազգենը նշում է, որ բուրգը փորձում են ավարտին հասցնել այս տարվա փետրվարին, եւ սառցամագլցումը կազմակերպել փետրվարի 17-19-ին՝ Ջերմուկում անցկացվող «Ձնեմարդուկ» ձյունե քանդակների փառատոնի շրջանակում:

«Ձնեմարդուկ» փառատոնը Ջերմուկում կազմակերպվում է 2012-ից. այն նպատակ ունի նպաստել զբոսաշրջության զարգացմանը եւ տարածել ձնե եւ սառցե արձանների պատրաստման մշակույթը: Ընդ որում, այդ մշակույթի հիմքն արդեն դրված է, քանի որ 2013-ից հետո արձաններն այլեւս «վանդալիզմի» զոհ չեն դառնում եւ «կանգուն» են մնում մինչեւ հալվելը:

Հանուն ձմեռային տուրիզմի զարգացման

«Ձնեմարդուկ» փառատոնի եւ սառցամագլցման կազմակերպման կարեւորագույն նպատակներից մեկն էլ Հայաստանում ձմեռային զբոսաշրջության զարգացումն է:

«Փետրվար ամիսը հատուկ ենք ընտրել, քանի որ այն ամենապասիվ ամիսներից մեկն է Ջերմուկում»,- ցավով փաստում է Վազգենը:

Նա նշում է, որ եթե տեղի հյուրանոցը ամառվա ամիսներին ունենում է 60 աշխատող, ապա ձմռանը նրանց մեծ մասն ուղարկվում է հարկադիր պարապուրդի:

«Եթե կարողանանք փառատոնին այնպիսի մասսայականություն հաղորդել, որ մարդիկ գան եւ մնան հյուրանոցում, փաստացի, զբոսաշրջային սեզոնը կերկարի»,- վստահ է նա:

Վազգենը նշում է, որ փառատոնին զբոսաշրջիկներ ներգրավելու հարցով իրենք արդեն կապվել են հայաստանյան մի շարք տուրգործակալությունների հետ: Այնուամենայնիվ, նա կարծում է, որ այդ հարցում հենց վերջիններս պետք է շահագրգռված լինեն:

«Մենք՝ որպես փառատոնի կազմակերպիչ, այսօր չունենք այնքան հզորություն, որպեսզի դրսից տուրիստ ներգրավենք: Մեր դերն ուրիշ է, այդ ուղղությամբ մենք շատ չենք աշխատում, թո՛ղ բիզնեսն աշխատի: Մենք կազմակերպում ենք լավ բան, թո՛ղ տուրօպերատորներն էլ հասկանան, որ կարող են դրա վրա գումար աշխատել, եւ զբոսաշրջիկներ ներգրավեն»,- ասում է նա:

Այլընտրանք լեռնադահուկային սպորտին

Թեեւ որոշ շրջաններում խստաշունչ ձմռանը եւ բնական սառցամագլցման լայն հնարավորություններին՝ այս սպորտաձեւն այսօր Հայաստանում տարածում չունի: Ավելին, ընդհանուր առմամբ, ձմեռային զբոսաշրջության մշակույթը Հայաստանում դեռեւս լավ ձեւավորված չէ եւ կառուցվում է հիմնականում Ծաղկաձորում լեռնադահուկային սպորտի շուրջ:

«Սառցամագլցումը ձմեռային ժամանցի լրացուցիչ հետաքրքրություն է, որը փորձում ենք բերել Հայաստան»,- ասում է Վազգենը՝ հավելելով, որ սկզբում մարդիկ կհարմարվեն այդ մշակույթին, իսկ ժամանակի ընթացքում այն կարող է դառնալ եկամտաբեր բիզնես:

Նրա խոսքով՝ թեեւ Հայաստանում մի քանի անհատներ կան, որոնք զբաղվում են այս մարզաձեւով, սակայն կազմակերպված սառցամագլցման հնարավորություն չկա, եւ ծրագրի նպատակը հենց դա է:

«Հույս ունեմ, որ տարիներ հետո Ջերմուկը կկարողանա դառնալ սառցամագլցման մարզումների, մրցումների կամ ակումբների քաղաք»,- ասում է Վազգեն Գալստյանը:

Վիկտորյա Անդրեասյան

Դիտում՝ 10005
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai