SPRING PR. «Կորպորատիվ ընտանիքի» հաջողության գրավականը

28.12.2016 | 11:07 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Խառնվածքներով միանգամայն տարբեր այս երեք կանանց միավորում է դրական էներգետիկան, աշխատանքի նկատմամբ հոգատարությունը եւ վճռականությունը: Դեռ 2009թ. հենց այդ հատկանիշները նրանց միավորեցին PR գործակալություն հիմնելու գաղափարի շուրջ, եւ ընկերությունն արդեն 6 տարի է՝ հաջողությամբ գործունեություն է իրականացնում Հայաստանում:

Banks.amSPRING PR-ի հաջողության պատմության մասին խոսել է ընկերության համահիմնադիրներ Տաթեւիկ Սիմոնյանի, Նվարդ Մելքոնյանի եւ Մարիաննա Մուսոյանի հետ:

Համոզիչ առաջարկ

2009թ. կոմերցիոն, քաղաքական, սոցիալական PR-ի եւ կառավարման ոլորտներում աշխատող PR-մասնագետները միավորվեցին PR-գործակալություն հիմնադրելու գաղափարի շուրջ:

«Այդ ժամանակահատվածում Հայաստանում հաղորդակցություններն ավելի շատ գովազդային-մարքեթինգային էին, իսկ PR կոմունիկացիաներն այդքան էլ ակտիվ չէին»,- պատմում է SPRING PR-ընկերության հիմնադիրներից Տաթեւիկ Սիմոնյանը, որն այդ ժամանակ ղեկավարում էր միջազգային ընկերություններից մեկի մարքեթինգային բաժինը:

Նա հիշում է, որ աշխատանքի ընթացքում բաժնի գերծանրաբեռնվածության պատճառով լրացուցիչ ռեսուրսների ներգրավման անհրաժեշտություն էր առաջանում, սակայն դաշտում չկար համապատասխան փորձառություն ունեցող PR ընկերություն, որին կարելի էր դիմել:

Նվարդ Մելքոնյանն էլ նկատում է, որ PR-ընկերություն ստեղծելու գաղափարը «սպոնտան էր եւ հրապուրիչ»:

«Կար տեսլականը, բայց դեռ քննարկվում էին գործնական քայլերը: Ապագա թիմը լուրջ էր տրամադրված, շատ ստեղծագործական մթնոլորտ էր ձեւավորվել, եւ գնալով դա բոլորիս ավելի էր վարակում»,- ասում է նա:

«Բոլորս շատ արագ ներգրավվեցինք գործընթացում. ոլորտում աշխատող առաջատար մասնագետներին, մեր գործընկերներին եւս վարակեցինք մեր գաղափարով, եւ երբ արդեն ձեւավորված էր թիմը, անցանք  նեյմինգի եւ բրենդինգի մշակմանը: Արդյունքում ստացվեց այն, ինչ ստացվեց. մենք SPRING-ն ունենք»,- նշում է Մարիաննա Մուսոյանը:

Ընկերության փաթեթավորումը

Լինելով Հայաստանում իր տեսակի մեջ եզակի PR ծառայություններ մատուցող,  խորհրդատվական եւ հետազոտական առաջին կազմակերպություններից մեկը՝ թիմը վստահ էր՝ անվանումը եւս պետք է համապատասխաներ ոլորտում նոր շունչ ու մոտեցումներ  բերելու ընկերության առաքելությանը: Ուղեղների գրոհի արդյունքում ընտրվում է SPRING անվանումը, որը հապավում է՝ Strategic PR Initiative Group՝ Ռազմավարական PR նախաձեռնող խումբ:

Արդյունքում՝ այսօր SPRING PR-ն ունի խիստ կորպորատիվ լոգոտիպ, որին թիմը հավատարիմ է մնացել անգամ ռեբրենդինգից հետո, որովհետեւ, ինչպես իրենք են ասում, «այն արդեն պատմություն է՝ մեր պատմությունը»:

Երբ PR-ը PR-ի կարիք ուներ

SPRING PR-ի հիմնադիրները միաձայն փաստում են, որ 6-7 տարիների ընթացքում Հայաստանում կոմունիկացիաների դաշտը զգալի աճ է գրանցել, վերապրոֆիլավորվել:

«Եթե այս մասին խոսեինք 7-8 տարի առաջ, ես միանշանակ կասեի, որ մեզ մոտ PR-ն էլ PR-ի կարիք ունի: Բայց ժամանակն անցնում է, եւ սկսած 2011-2012թթ.՝ մենք ունենք ոլորտի թռիչքաձեւ աճ»,- ասում է Նվարդ Մելքոնյանը:  

Նվարդ Մելքոնյանը

Մասնագետները նշում են, որ դրան նպաստել են մի շարք հանգամանքներ՝ համապատասխան կրթությունը հայաստանյան բուհերում, ոլորտում մասնագիտացած կադրերի թվի աճը, արտասահմանյան կազմակերպությունների մուտքը Հայաստան եւ տեղական ընկերությունների համագործակցությունը դրսի հետ, տարբեր ոլորտների կազմակերպությունների կողմից իրենց տեսանելիությունը եւ հեղինակությունը բարձրացնելու անհրաժեշտության գիտակցումը:

Գործընկերներն ընդգծում են՝ լինելով PR գործակալություն, որը պատվերներ է ընդունում այլ կազմակերպություններից, իրենց համար կարեւոր է ներսից ծանոթ լինել տվյալ կազմակերպությանը: Հետեւաբար, լինելով նաեւ հետազոտական ընկերություն՝ SPRING PR-ն իր բոլոր արշավները սկսում է հենց հետազոտությունից: Տարբեր հետազոտական մեթոդներով դիագնոստիկայի արդյունքում գնահատվում է կազմակերպության հաղորդակցությունների մակարդակը, այնուհետեւ՝ մշակվում համապատասխան ռազմավարությունը:

Մրցակցություն vs համագործակցություն

Մարիաննա Մուսոյանը համոզված է, որ PR-ի ոլորտում վերջին տարիներին գրանցված հաջողության արդյունքում այսօր ձեւավորվել է բավական ակտիվ մրցակցային դաշտ: Այնուամենայնիվ, մեր ընկերությունը հակված է նույն ոլորտում աշխատող մասնագետների հետ պահել գործընկերային հարաբերություններ:

«Մենք ունենք շատ լավ գործընկերներ, որոնք իրենց գործունեության շրջանակում որոշ գործառույթներով հատվում են մեր ընկերության գործունեությանը: Նույնիսկ շատ կազմակերպություններում այսօր աշխատում են մասնագետներ, որոնք SPRING PR-ում են սկսել իրենց փորձառությունը, վերապատրաստվել են մեր կողմից  կամ մեր ուսանողներն են եղել»,- հավելում է Նվարդ Մելքոնյանը:

«Ըստ էության, հարաբերություններն ավելի շատ համագործակցային են, քան մրցակցային: Թեեւ մենք օբյեկտիվորեն մրցակցում ենք հաճախորդների ներգրավման տեսանկյունից, սակայն գործունեության տեսանկյունից ավելի շուտ գործընկերներ ենք»,- վստահեցնում է Տաթեւիկ Սիմոնյանը:

Ավելին, ելնելով ոլորտի սպեցիֆիկայից՝ լինում են դեպքեր, երբ PR հանրույթը համախմբում է ջանքերը՝ հանուն մեկ ընդհանուր նպատակի:

Ռեպուտացիոն բրենդը՝ բուրգի գագաթին

Աշխատելով ընկերությունների հեղինակության բարձրացման ուղղությամբ՝ SPRING PR-ի թիմն առաջին հերթին հոգում է իր վարկանիշի մասին՝ այն դասելով ամեն ինչից վեր:

Մարիաննա Մուսոյանը պատմում է, որ եղել են դեպքեր, երբ իրենք հրաժարվել են համագործակցությունից՝ հասկանալով, որ գործունեության տվյալ փուլում PR արշավն արդյունավետ չի լինի:

Մարիաննա Մուսոյանը

Այլ պարագաներում մերժել են՝ չցանկանալով իրենց անունը կապել տվյալ նախագծի հետ:

«Փորձում ենք մաքսիմալ ազնիվ լինել եւ դա բերում է իր արդյունքները, որովհետեւ հեղինակության հաշվին դու ավելի մեծ դիվիդենտներ ես ձեռք բերում, քան այն գումարը, որ պետք է վերցնես եւ հաճախորդին որեւէ օգուտ չտաս»,- նշում է Տաթեւիկ Սիմոնյանը:

Բիզնես նախագծերից սոցիալական կոնտենտ

2011թ. մշակվում է SPRING PR-ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հայեցակարգը, որի շրջանակում 2012 թվականից ընկերության թիմն իրականացնում է «Լինե´նք հոգատար, Հայաստան» նախագիծը, որի նպատակն է հանրության ուշադրությունը սեւեռել նշանակալի հասարակական հիմնախնդիրների վրա:

SPRING PR-ընկերության հիմնադիրներն ընդգծում են, որ իրենց պատվերների 30-40 տոկոսը հենց սոցիալական ոլորտին է ուղղված: Նման նախագծերը նրանք համարում են շատ առանձնահատուկ եւ պատասխանատու, քանի որ հասկանում են, որ դրանց միջոցով լուրջ սոցիալական հիմնախնդիր է լուծվում:

Ընկերության թիմը չկարողացավ առանձնացնել որեւէ կոնկրետ նախագիծ եւ նշել՝ որն է դրանցից ամենասիրվածը:

«Չկա մի նախագիծ, որ մյուսին նման լինի. ամեն մեկից ունենք ինչ-որ հետաքրքիր, վառ հիշողություններ, փորձ, որոշ դեպքերում նաեւ արկածներ, որոնց մասին կարելի է անգամ ֆիլմ նկարել»,- ընդգծում է Տաթեւիկ Սիմոնյանը:

SPRING PR-ընկերությունն այսօր աշխատում է ֆինանսական, կոմերցիոն, առողջապահական, հասարակական, միջազգային կազմակերպությունների, պետական կառույցների հետ եւ ունի 150-ից ավելի իրականացրած բազմաբնույթ նախագծեր: Ընկերության գործունեությունն ունի լայն աշխարհագրություն՝ տարածվելով ամբողջ ՀՀ-ով եւ Հայաստանի սահմաններից դուրս:

Ընկերությունը նաեւ հանդիսանում է ՎԶԵԲ «Խորհրդատվություն փոքր բիզնեսներին» ծրագրի որակավորված խորհրդատու՝ իրականացնելով Փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացմանն ուղղված խորհրդատվություն:

Ճիշտ թիմը՝ հաջողության գրավական

«Մենք ընտանիք ենք, մի մեծ ընտանիք, եթե ընկերություն չենք անում, չենք էլ կարող աշխատել»,- նկատում է Մարիաննա Մուսոյանը՝ շեշտելով, որ ի սկզբանե գրեթե նույն թիմով են աշխատել:

Նվարդ Մելքոնյանի խոսքով՝ SPRING PR-ընտանիքում իշխում է ստեղծագործական մթնոլորտը, որտեղ բացակայում է սուբորդինացիան:

«Ընկերության յուրաքանչյուր գաղափար քննարկում ենք թիմով, իրականացնում թիմով եւ թիմով էլ պատասխանատվություն կրում»,- նշում  է Տաթեւիկ Սիմոնյանը:

Կինը եւ բիզնեսը

Մարիաննա Մուսոյանը կարծում է, որ հայկական իրականության մեջ կին լինելը բիզնեսում բարդություններ չի առաջացնում, եւ միեւնույն խոչընդոտին հավասարապես կարող են բախվել եւ՛ կանայք, եւ՛ տղամարդիկ:

«Աշխատանքի, բանակցությունների ընթացքում արդեն պարզ է դառնում՝ ում հետ գործ ունես. քեզ դիտում են որպես մասնագետ, եւ արդեն կարեւոր չէ՝ կին ես, թե տղամարդ»,- կարծում է երիտասարդ գործարարը:

Տաթեւիկ Սիմոնյանը համաձայնում է գործընկերոջ կարծիքի հետ՝ նշելով, որ, չնայած որոշ կարծրատիպերի՝ իրենց գնահատում են ըստ աշխատանքի, եւ արդյունքում միշտ հաղթում է պրոֆեսիոնալիզմը:

Տաթեւիկ Սիմոնյանը

Ինչ վերաբերում է կին-ղեկավար լինելուն՝ Նվարդ Մելքոնյանը կարծում է, որ կնոջ էմոցիոնալ ինտելեկտը թույլ է տալիս «դրության մեջ մտնել», անգամ ինտուիցիայով զգալ, կանխատեսել ինչ-որ իրավիճակ:

«Աշխատանքային գործունեության արդյունքում համոզվել եմ՝ կանանց մոտ ժամանակի եւ ռեսուրսների կառավարումը միշտ ավելի արդյունավետ է, միգուցե մեր հաջող աշխատանքի գաղտնիքներից մեկն էլ դա է»,- նկատում է Նվարդ Մելքոնյանը:

Ընտանիքը՝ լավագույն օգնական

Գործընկերները համոզված են, որ ընտանիքն ու աշխատանքը չեն հակադրվի, եթե կա ճիշտ թայմ մենեջմենթ:

«Իրականում ամեն ինչ արվում է հիմնականում քնի հաշվին, բայց հնարավոր է այնպես անել, որ ո՛չ ընտանիքը տուժի, ո՛չ գործը: Եվ իհարկե, եթե քո կողքին ունես մեկը, որի հետ ունեք նույն արժեքներն ու նպատակները, դու ըմբռնումով ես մոտենում նրա աշխատանքին, նա էլ, իհարկե՝ քո»,- ասում է Նվարդ Մելքոնյանը:

SPRING PR-ի հիմնադիրների դեպքում ընտանիքը ոչ միայն չի խոչընդոտում աշխատանքին, այլեւ օգնում է:

Տաթեւիկ Սիմոնյանը պատմում է, որ երբեմն խոշոր միջոցառումների եւ գերծանրաբեռնվածության ժամանակ ընտանիքի անդամները ոչ միայն ըմբռնումով են մոտենում, այլեւ շատ հաճախ օգնում, սատարում են՝ որպես ամենավստահելի գործընկերներ:

Վիկտորյա Անդրեասյան

Դիտում՝ 2613
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai