Բանկային պայմանագիր. իրազեկված՝ նշանակում է պաշտպանված

18.10.2016 | 10:23 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Յուրաքանչյուր քաղաքացի վարկ վերցնելիս կամ այլ ֆինանսական ծառայությունից օգտվելիս բանկի հետ մտնում է պայմանագրային հարաբերության մեջ, որը, ի սկզբանե, անհավասար «պայքար» է կողմերի միջեւ: Մի կողմից բանկն է՝ իր հմուտ իրավաբաններով, որոնք մասնագիտացած են նրա շահերն առավելագույնս պաշտպանելու գործում, մյուս կողմից՝ ֆիզանձիք՝ ոչ միշտ տեղեկացված եւ պաշտպանված:

Banks.am-ը, Կենտրոնական բանկի` շուկայի վարվելակերպի կարգավորման եւ վերահսկողության գծով կոորդինատոր Սեւակ Միքայելյանի օգնությամբ, ներկայացնում է այն նվազագույն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է` բանկի հետ «ձեռնտու» պայմանագիր կնքելու համար:

Բարդ պայմանագրին` պարզ լուծում

Պայմանագիրը հաճախորդի եւ բանկի փոխհարաբերությունների կարգավորման գլխավոր փաստաթուղթն է: Չնայած օրենսդրությամբ սահմանաված են նորմեր եւ դրույթներ` պարզեցնելու դրա բովանդակությունն ու հնարավորինս բացառելու տերմինաբանությունը, այնուամենայնիվ, քաղաքացիները շարունակում են դժվարություններ ունենալ այս փաստաթղթին ծանոթանալիս:

Պայմանագրերի մատչելի չլինելու ֆենոմենը հայկական չէ եւ առկա է ամբողջ աշխարհում: Ի՞նչ անել…

ԿԲ-ն սպառողական վարկերի մասով այս խնդիրի համար գտել է պարզ լուծում: Տեւական ժամանակ է` մշակվել եւ ներդրվել է «անհատական թերթիկ» հասկացությունը` ստանդարտացված թուղթ, որտեղ ամփոփված է կոնկրետ բանկային ծառայության վերաբերյալ ամենաէական տեղեկատվությունը` անվանական եւ փաստացի տոկոսադրույք, մարման ժամկետ, տույժ-տուգանք, միջնորդավճար, ապահովագրության վճար եւ այլն:

Բանկը, նախքան քաղաքացու հետ պայմանագիր կնքելը, պարտավոր է նրան տրամադրել վարկի «անհատական թերթիկ»-ը` 10 աշխատանքային օրվա ընթացքում պայմաններին ծանոթանալու, ինչպես նաեւ այլ բանկերի առաջարկների հետ համեմատելու նպատակով: Ընդ որում, այս ժամանակահատվածում բանկն իրավունք չունի հաճախորդի համար փոփոխել թերթիկում ամրագրված պայմանները:

«Անհատական թերթիկ»-ը դեռեւս գործում է միայն սպառողական վարկերի համար, քանի որ դրանց շահառուներն անմիջապես ֆիզանձիք են` այս հարաբերությունների առավել խոցելի խավը:

Այդուհանդերձ, սպառողների բողոքների մի մասն էլ պայմանավորված է նրանով, որ մարդկանց մի ստվար զանգված ստորագրում է պայմանագիրն առանց կարդալու, ինչը հետագայում հանգեցնում է անցանկալի հետեւանքների:  

Պայմանագիրը քաղաքացու` տեղեկատվություն ստանալու միակ աղբյուրը չէ: Բանկի աշխատակիցները պարտավոր են սպառողին բանավոր կերպով ծանոթացնել կարեւոր դրույթներին: Ֆինանսական ծառայություններից օգտվելիս պետք է լինել աչալուրջ, հարցեր ուղղել, ստանալ պարզաբանումներ, նոր կայացնել վերջնական որոշումը:

Վարկի «գինը»

Բանկերն ու վարկային կազմակերպություններն անվանական տոկոսադրույքից (վարկի ամսական կամ  պարբերականությամբ կատարվող վճարներ` տոկոսագումար+մայր գումար) բացի՝ վարկի տրամադրման դիմաց գանձում են այլ վճարներ, այդ թվում` վարկային հայտի ուսումնասիրության, ընթացիկ սպասարկման, հաշվի բացման, ապահովագրության, գույքի գնահատման: Սա կարող է մոլորության մեջ գցել քաղաքացուն, քանի որ վերջինս լիարժեք տեղեկություն չի ունենում վարկի գծով կատարվելիք ընդհանուր ծախսերի մասին:

ԿԲ-ն այս խնդրի լուծման համար մշակել է փաստացի տոկոսադրույքի հաշվարկման հստակ մեթոդաբանություն` անվանական տոկոսադրույք` գումարած բոլոր տեսակի պարտադիր վճարները, որոնք սպառողը պետք է կատարի տվյալ վարկային պրոդուկտից օգտվելու համար: Այսպիսով` փաստացի տոկոսադրույքը քաղաքացուն հնարավորություն է տալիս մեկ թվի միջոցով ամբողջական պատկերացում կազմել այդ պրոդուկտի գնի վերաբերյալ, ինչպես նաեւ համեմատել այն մյուս բանկերի ծառայությունների հետ:

Բացի այդ, ՀՀ բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից ֆիզանձանց առաջարկվող վարկերի, ավանդների եւ վճարային քարտերի որոնման, համեմատման համար ԿԲ-ն գործարկել է «ֆինանսական օգնականը» առցանց գործիքը:

Ֆինանսական կազմակերպությունները սպառողական վարկերի փաստացի տոկոսադրույքը պարտադիր պետք է ներկայացնեն նաեւ գովազդներում, առաջարկներում, տեղեկատվական թերթիկներում եւ ցանկացած հրապարակման մեջ, որտեղ կա տվյալ վարկի տոկոսադրույքի վերաբերյալ որեւէ ինֆորմացիա:

Տույժ-տուգանքներ  

Սպառողական վարկերի դեպքում վաղաժամկետ մարումը սպառողի բացառիկ իրավունքն է. քաղաքացին վարկի գործունեության ցանկացած պահի կարող է ցանկացած չափով կատարել վճարում:

Որոշ վարկատեսակների դեպքում, օրինակ` հիփոթեքային կամ բիզնես վարկերը, երբ քաղաքացին գրաֆիկից տարբերվող ժամկետում կատարում է մարում, գործնականում կարող է կիրառվել վաղաժամկետ մարման տուգանք:

Դրա իմաստը հետեւյալն է` վաղաժամկետ մարման դեպքում բանկը զրկվում է լրացուցիչ տոկոսներից` կրելով կորուստներ, հետեւաբար վաղաժամկետ մարման տուգանքը նրա չստացած տոկոսների մասնակի փոխհատուցումն է:

Ինչ վերաբերում է պարտավորությունների ոչ պատշաճ կատարելու հետեւանքով առաջացող տույժերին, ապա դրանք կարգավորվում են բացառապես պայմանագրային հիմունքներով: Այսինքն` տուգանքի չափի որեւէ սահմանափակում չկա, եւ այն ամբողջությամբ թողնված է շուկայական կարգավորմանը:

Ամեն դեպքում, ՀՀ բանկային համակարգի գործարար պրակտիկայի շրջանակում ձեւավորվել են որոշակի շեմեր, որոնց, որպես կանոն, կազմակերպությունները հետեւում են: Մրցակցության պայմաններում այդ տոկոսադրույքները հասցվել են օպտիմալ մակարդակի:

Սա չի նշանակում, թե ԿԲ-ն ինչ-որ պահի չի կարող սահմանել խաղի կանոններ նաեւ այս մասով, սակայն կարգավորիչը դրա անհրաժեշտությունը դեռեւս չի տեսնում:

Նշենք, որ որոշ դեպքերում բանկը վարկառուի նկատմամբ կարող է կիրառել հատուկ միջոցներ` պահանջելով անհապաղ մարել վարկը: Սա կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ բանկին հայտնի դառնա, որ տվյալ վարկառուի ֆինանսական վիճակը, որն առկա էր վարկը տրամադրելու պահին, էականորեն փոխվել է, օրինակ` ազատվել է աշխատանքից, կամ ֆինանսական դրությունը վատացել է. այս դեպքում բանկերը պայմանագրով իրենց իրավունք են վերապահում վարկառուից պահանջել ամբողջությամբ մարել վարկը:

Այնուամենայնիվ, գործնականում որեւէ բանկ կամ վարկային կազմակերպություն շահագրգռված չէ, որպեսզի քաղաքացին վարկը չկարողանա մարել: Որպես կանոն, բանկերը միշտ փորձում են փոխադարձ համաձայնության գալ, երկարաձգում են վարկի պայմանագիրը, ձեւակերպում նոր վարկ` ավելի ցածր տոկոսադրույքով:

Երաշխավորություն` քաղաքավարությունից դրդված

Հայաստանում տարածված երեւույթ է, երբ քաղաքացին իր ծանոթ-բարեկամներին չնեղացնելու համար երաշխավորում են նրանց փոխառության պայմանագրերը` առանց գիտակցելու, որ հետագայում սա կարող է իր համար «գլխացավանք» դառնալ:

Երաշխավորը, ստորագրելով պայմանագիրը, ամբողջությամբ ստանձնում է վարկառուի կողմից պարտավորությունը պատշաճ չկատարելու դեպքում վարկի մարման պատասխանատվությունը:

Բացի այդ, վարկառուի անպարտաճանաչության հետեւանքով հավասարապես «փչանում» է երաշխավորի վարկային պատմությունը:

Երաշխավորները վարկային պայմանագրի լիարժեք կողմ են, հետեւաբար՝ նրանք նույնպես պետք է մանրամասն իրազեկվեն իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին, այդ թվում` բանկի աշխատակիցների միջոցով:  

ԿԲ-ն քաղաքացիներին հորդորում է չստանձնել երաշխավորի դերը՝ առանց վստահ լինելու, որ տվյալ անձն ի վիճակի է կատարել իր պարտավորությունները:

«Հե՛տ տվեք մեր փողերը»

Ավանդային պայմանագրի դեպքում «պահանջատերը» քաղաքացին է, եւ, թվում է` այս դեպքում նրա համար որեւէ խնդիր չպետք է առաջանա: Սակայն փորձը ցույց է տալիս, որ տարաձայնություններ առաջանում են բանկ-հաճախորդ հարաբերությունների նաեւ այս հարթությունում:  

Ցանկացած անձ` անկախ իր ներդրած ավանդի տեսակից (ժամկետային, թե ցպահանջ) կամ արժույթից, իրավունք ունի ցանկացած պահի հետ պահանջել իր գումարը, որն անմիջապես պետք է վերադարձվի, այլապես դա կփաստի բանկի անվճարունակության մասին:

Սա չպետք է շփոթել ավանդային պայմանագիրը ժամկետից շուտ խզելիս նախատեսված տոկոսները չստանալու հետ: Տվյալ դեպքում իրականացվում է տոկոսների վերահաշվարկ, եւ, որպես կանոն, բանկը տրամադրում է տոկոս` գործող ցպահանջ ավանդի տոկոսադրույքով:

Ավանդի վերադարձման օրը, կարգը եւ մյուս դրույթները սահմանվում են պայմանագրով:

Կապը բանկի հետ

Պայմանագրի դրույթների փոփոխությունը, որպես կանոն, կատարվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Սակայն, որոշ դեպքերում բանկը, պայմանագրում սահմանված կարգով, իրավունք ունի միակողմանի փոփոխել այս կամ այն դրույթը, որի մասին նախապես պետք է ծանուցի հաճախորդին:

Օրենսդրությունը բանկ-հաճախորդ հաղորդակցման եղանակ է սահմանում փոստային կապը: Այդուհանդերձ, քաղաքացին կարող է իր գրավոր դիմումի համաձայն (այդ թվում` հենց պայմանագրում) ընտրել հաղորդակցման այլ եղանակ, օրինակ` էլեկտրոնային փոստը:

Քաղաքացիները երբեմն ընտրում են հաղորդակցման մի եղանակ, որն իրենց այնքան էլ հարմար չէ` առանց պատկերացնելու դրա լրջությունը:

Բանկի հետ կապը պահպանելու համար քաղաքացին պետք է ընտրի հաղորդակցման իրեն ամենահարման եւ հասանելի եղանակը, այլապես կզրկվի պատշաճ ծանուցված լինելու իր իրավունքից:  

Բանակցե՞լ, թե՞ բողոքարկել

Պայմանագիրը երկկողմ համաձայնություն է. քաղաքացին կարող է բանակցել բանկի հետ եւ փոփոխել որոշ դրույթներ, որոնք չեն բխում իր շահերից:

Եթե պայմանագիրն արդեն ստորագրվել է, սակայն քաղաքացին ունի դժգոհություններ, կամ ցանկացած այն դեպքում, երբ առկա է տարաձայնություն, գոյություն ունի բողոքարկման կարգ, որի ամենաարդյունավետ եւ ճիշտ հերթականությունը հետեւյալն է:

Նախ, հաճախորդը պետք է դիմի այն կազմակերպությանը, որի հետ կնքել է պայմանագիրը, եւ 10 աշխատանքային օրվա ընթացքում ստանա վերջնական պատասխան: Եթե վերջինը չբավարարի քաղաքացուն, նա իրավունք ունի դիմել ֆինանսական հաշտարարին, որը սեղմ ժամկետում կքննի բողոքը եւ կկայացնի վճիռ: Եթե քաղաքացին դարձյալ դժգոհ մնա, ինչը պրակտիկայում հազվադեպ հանդիպող երեւույթ է, նա իրավունք ունի դիմել դատարան, ինչը նրա սահմանադրական իրավունքն է: Վերջինը, սակայն, ավելի ծախսատար ու ժամանակատար է:

Միաժամանակ, սպառողը կարող է դիմում ներկայացնել ԿԲ-ին` որպես վերահսկող մարմնի: ՀՀ ԿԲ Սպառողների շահերի պաշտպանության եւ ֆինանսական կրթման կենտրոնի նպատակն է`ապահովել համապատասխան միջավայր, պայմաններ, որպեսզի ֆինանսական կազմակերպությունների ծառայություններից օգտվողների շահերը լինեն պաշտպանված մի կողմից` կազմակերպությունների համար համապատասխան խաղի կանոններ սահմանելով, իսկ մյուս կողմից` սպառողներին ֆինանսական կրթման եւ իրազեկման միջոցով:

ԿԲ-ն կոչ է անում քաղաքացիներին ցանկացած փաստաթղթի տակ ստորագրելուց առաջ ամբողջովին գիտակցել ստանձնվող պարտավորությունները, ինչպես նաեւ դրանք պատշաճ չկատարելուց ծագող հետեւանքները:
    
Սիրանուշ Սիմոնյան

Դիտում՝ 11380
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai