«Սեւանի իշխան»-ը կբրենդավորվի եւ կարտահանվի

05.06.2015 | 10:44 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

«Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակում 2014թ. ՀՀ կառավարության որոշմամբ հիմնվել է «Սեւանի իշխան» ՓԲԸ-ն:

Banks.am-ը «Սեւանի իշխան»-ի գործունեության եւ ծրագրերի մասին զրուցել է ընկերության տնօրեն Էդվարդ Գեւորգյանի հետ:

Ամառային եւ գեղարքունի իշխանի մանրաձկան տնտեսության մասին

«Սեւանի իշխան» ՓԲԸ-ն անցած տարվանից ձեռնամուխ է եղել մանրաձկան արտադրությանը: Այն իրականացնում է իշխանի ամառային եւ գեղարքունի ենթատեսակների մանրաձկան արտադրություն՝ մայրական վտառի կազմավորումից մինչեւ թրթուրի ու մանրաձկան աճեցում: Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաեւ արտադրված կենսունակ մանրաձկան տեղափոխում Սեւանա լիճ:

Մանրաձկան գործարանի կառուցումը մեկնարկել է 2014թ. վերջին Կարճաղբյուրում: Շինարարության ավարտը նախատեսվում է այս տարվա օգոստոս-սեպտեմբերին: Նախքան գործարանի շինարարության ավարտը, ընկերությունն արդեն իսկ ինտենսիվ աշխատանքներ է տարել ծնողական կազմի ձեւավորման ուղղությամբ:

«2012թ.՝ այս ծրագրի շրջանակում, Սեւանում հիմնվել էր պիլոտային տնտեսություն, որը զբաղվում էր այս երկու տեսակների աճեցմամբ: Այդ տնտեսությունից փորձագիտական խումբն ընտրել է այն տեսակները, որոնք հնարավորինս մոտ են գեղարքունի եւ ամառային իշխանին»,- ասում է Էդվարդ Գեւորգյանը:

Մի շարք փորձարկումներից հետո, համոզվելով, որ ընտրված կազմը համապատասխանում է Սեւանի էնդեմիկ ձկնատեսակներին, գործընկեր կազմակերպությունների միջոցով ընկերությունը ձեռնամուխ է եղել մանրաձկան արտադրությանը: Տնօրենի փոխանցմամբ՝ այս պահին արդեն բավական մեծ քանակությամբ մանրաձուկ կա, որի մի մասն օգոստոս-սեպտեմբերին կտեղափոխվի Կարճաղբյուրում կառուցվող գործարան, իսկ մյուս մասն ամռանը բաց կթողնվի Սեւանա լիճ՝ ձկան պաշարի վերականգնման համար:

Ընկերության տնօրենը նշում է, որ Կարճաղբյուրի ջուրը դեռ Խորհրդային Միության տարիներից համարվել է լավագույնը ձկնաբուծության համար:


Լուսանկարը՝ Photolure

«Ինչ վերաբերում է կերին, այն ներմուծվելու է ոլորտի լավագույն ընկերություններից: Մեր նպատակը միջազգային չափանիշներին համապատասխան արտադրանք ունենալն է»,- ասում է Էդվարդ Գեւորգյանը:

Իսկ վերամշակման գործարանում, որի շինարարությունը մեկնարկել է վերջերս, նախատեսվում է իշխանի թարմ սառեցված տեսակից մինչեւ ֆիլեի եւ պահածոյի պատրաստում: Ընկերության տնօրենը, սակայն, չի բացառում նաեւ այլ ձկնատեսակների վերամշակումը: Վերամշակման արտադրությունն այստեղ կմեկնարկի տարեվերջին:

«Սեւանի իշխան»-ի արտադրանքի 75%-ը կարտահանվի

Ընկերությունը նախատեսում է արտադրված ձկան 70-75%-ի արտահանում, ինչի համար էլ «Սեւանի իշխանը» կզարգանա որպես բրենդ: Ընկերության տնօրենը նշում է, որ արդեն իսկ աշխատանքներ են տարվում բրենդի ձեւավորման հետ կապած:

«Այս տարվա արտադրանքի ծավալն այնքան էլ մեծ չի լինի, քանի որ առաջինն է: Հետեւաբար՝ այն կսպառվի Հայաստանում, իսկ հաջորդ տարվանից արդեն կլինի արտահանում: Հիմնական արտահանումը նախատեսվում է ԵՏՄ անդամ երկրներ եւ Վրաստան,- ասում է տնօրենն ու նկատում. -Գիտենք, որ այդ շուկաներում մեզ համար բավական շատ տեղ կա»:

Հոկտեմբեր ամսին արդեն հայկական շուկայում կլինի «Սեւանի իշխանի» արտադրանքը: Ինչ վերաբերում է ծավալին, մեր զրուցակիցը նշում է, որ այս պահին հստակ թիվ չի կարող ասել.

«Դա տարբեր գործոններով է պայմանավորված: Կառուցվող մանրաձկան գործարանում տարեկան մեկ հերթափոխով նախատեսում է մինչեւ 6000 տ արտադրանք: Փորձելու ենք հնարավորինս շուտ հասնել այդ ծավալին»,- ասում է Էդվարդ Գեւորգյանը:

Սեւանի իշխանի պաշարների վերականգնման մասին

Սեւանի իշխանի պաշարների վերականգնման համար եւս մեր զրուցակիցը հստակ ժամկետ չի նշում՝ նկատելով, որ դա եւս հավելյալ գործոններով է պայմանավորված:

«Առաջիկա երեք-չորս տարիներին նկատելի առաջընթաց կլինի: Ծրագրի իրականացման 10 տարիների ընթացքում նախատեսվում է նվազագույնը 30-40 մլն մանրաձկան բացթողում լիճ»,- ասում է նա:

Ինչ վերաբերում է ձկնագողության խնդրին, Էդվարդ Գեւորգյանը նշում է, որ աշխատատեղերի ստեղծմամբ ձկնագողերին այլընտրանք կառաջարկվի:

Ի դեպ, ծրագրի ամբողջ ընթացքում, զուտ արտադրական գործընթացի համար, նախատեսվում է շուրջ 2500 նոր աշխատատեղ, իսկ ամբողջական ծրագիրը դիտարկելու դեպքում, տնօրենի փոխանցմամբ, հնարավոր է, որ այդ թիվը կրկնապատկվի:

Խոսելով տնտեսության մեջ ծրագրի դերի մասին՝ մեր զրուցակիցը նշում է.
«Իր ողջ հզորությամբ աշխատելու դեպքում՝ այն համադրելի կլինի հայաստանյան այսօրվա հանքարդյունաբերության հետ»:

Նշենք, որ գործարանների կառուցման համար ներդրվել է 3 մլրդ դրամ, որի զգալի մասը ծախսվել է եվրոպական սարքավորումների ձեռքբերման համար:

Սիրանուշ Եղիազարյան

Դիտում՝ 10523
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai