IDeA-ն հատկացնում է $ 250 000 սիրիահայերին աջակցելու համար

15.10.2016 | 11:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

IDeA հիմնադրամն այսօր հայտարարություն է տարածել՝ սիրիահայերին օգնելու նպատակով դրամահավաք նախաձեռնելու մասին:

Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

«IDeA հիմնադրամն իր երախտագիտությունն է հայտնում Հայաստանի, Սփյուռքի եւ աշխարհի բոլոր անհատներին եւ կազմակերպություններին, որոնք ակտիվորեն սատարեցին մեր կոչը: Բարձր ենք գնահատում առանձին անձանց, հասարակական կազմակերպությունների, պետության եւ եկեղեցու ջանքերը` ուղղված ռազմական հակամարտության պայմաններում ապրող Սիրիայի մեր հայրենակիցներին:

Հուսով ենք, որ ազգային կոնսոլիդացիայի գործընթացը` ուղղված սիրիահայերին աջակցելուն, կշարունակի թափ առնել եւ նպաստել հայկական համայնքի իրական իրավիճակի մասին հավաստի տեղեկատվության տարածմանը:

Սիրիայի հակամարտությունը երկար է տեւում, այդ երկրում բնակվող հայերի խնդիրների լուծումը բարդանում է տարբեր դիրքորոշումների եւ շահերի պատճառով, սակայն մենք մեր հայրենակիցների կյանքերի փրկությունը համարում ենք բացարձակ առաջնահերթություն: Միեւնույն ժամանակ, մենք հարգում ենք ապագայի վերաբերյալ սեփական որոշումներ կայացնելու սիրիահայերի իրավունքը:

Ի լրումն այն ջանքերի, որոնք ձեռնարկվում են պետական, հանրային եւ միջազգային մակարդակներում, IDeA հիմնադրամն այս փուլում կհատկացնի $ 250 000, որոնք կբաշխվեն հակամարտության ամենասկզբից օգնության ջանքեր ծավալած ռազմավարական գործընկեր Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) եւ Հայաստանում սիրիահայերին աջակցության ծրագրեր իրագործող RepatArmenia,  Mission Armenia, «Հալեպ» կազմակերպությունների միջեւ` հետեւյալ ուղղություններով ծրագրերի մշակման եւ իրագործման համար.

- աջակցություն նրանց, ովքեր շարունակում են մնալ Սիրիայում (ՀԲԸՄ);

- աջակցություն նրանց, ովքեր ժամանակավոր ապաստան են փնտրում Սիրիայի սահմաններից դուրս (Mission Armenia);

- աջակցություն նրանց, ովքեր որոշել են տեղափոխվել Հայաստան («Հալեպ»);

- աջակցություն Հայաստանում ինտեգրվելու ու աշխատանք գտնելու հարցում («Repat Armenia»):

Միջոցները բաշխվելու են յուրաքանչյուր ծրագրի ծավալի եւ յուրահատկության համապատասխան:

Բոլոր ցանկացող անհատներն ու կազմակերպությունները կարող են միանալ այս նախաձեռնությանը, վերոնշյալ կազմակերպություններին ուղիղ նվիրատվության, կամ էլ IDeA-ի հատուկ հաշվեհամարների միջոցով: Գործընկեր-կազմակերպությունների եւ IDeA-ի հաշվեհամարների մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է այս հղումով:

Անհատներն ու կազմակերպությունները, որոնք ցանկանում են աջակցել ՀԲԸՄ-ին, Mission Armenia, «Հալեպ» եւ Repat Armenia կազմակերպություններին կացարանի կամ աշխատատեղի տրամադրման, դասընթացների կազմակերպման միջոցով կարող են իրենց առաջարկներն ուղղել sai@idea.am էլ. փոստով կամ or +374 (0) 60 700801 հեռախոսահամարով:

Գիտակցելով Մերձավոր Արեւելքում հայկական համայնքների պահպանման կարեւորությունը, մենք լիահույս ենք, որ մեր կողմից առաջարկված կոնսոլիդացման մեխանիզմը կօգնի ապահովել սիրիահայերի ֆիզիկական անվտանգությունը եւ նրանց ինքնության պահպանումը` անկախ հետագա բնակության վայրից»:

Դիտում՝ 19066
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai