ՀՀ-ն բարելավել է դիրքը Մրցունակության համաշխարհային զեկույցում

30.09.2015 | 11:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Համաշխարհային տնտեսական ֆորումի «Մրցունակության համաշխարհային զեկույց 2015-2016»-ում (ՄՀԶ) Հայաստանը 3 կետով բարելավել է դիրքը` 140 երկրի շարքում զբաղեցնելով 82-րդ տեղը: Անցած տարի Հայաստանը 144 երկրի շարքում զբաղեցրել էր 85-րդ տեղը:

Այս մասին այսօր հայտնել է Համաշխարհային տնտեսական ֆորումի Մրցունակության համաշխարհային ցանցի հայաստանյան գործընկեր «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանը:

Զեկույցի համաձայն՝ Հայաստանը 5 կետով առաջընթաց է գրանցել մակրոտնտեսական միջավայր/կայունություն, 4 կետով՝ առողջապահություն եւ տարրական կրթություն, 3 կետով՝ բարձրագույն կրթություն եւ վերապատրաստում, 14 կետով՝ ապրանքների շուկայի արդյունավետություն, 16 կետով՝ աշխատուժի շուկայի արդյունավետություն եւ 3 կետով՝ ֆինանսական շուկայի զարգացվածություն հենասյուներում:

Փոխարենը 4 կետով հետընթաց է գրանցվել ինստիտուտների, ենթակառուցվածքների, տեխնոլոգիական պատրաստվածության, ինչպես նաեւ գործազրկության կատարելագործվածության հենասյուներում, իսկ նորարարության ցուցանիշում հետընթացն արձանագրվել է 3 կետով:

Մանուկ Հերգնյանը նկատել է, որ Հայաստանը շարունակում է մնալ արդյունավետության վրա հիմնված փուլում՝ շնորհիվ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի մեծության:

«Մեր ցուցանիշները մատնանշում են, որ զարգացման այս փուլում Հայաստանի հիմնական մարտահրավերներն են մարդկային կապիտալի զարգացումը, տեխնոլոգիաների օգտագործման տարածումը, նորարարությունների խթանումը, ֆինանսական համակարգի բազմացումը եւ զարգացումը»,- ասել է նա՝ հավելելով, որ միջնաժամկետ հեռանկարում Հայաստանի տնտեսական մրցունակության զարգացման պոտենցիալը կախված կլինի նշված երեք գործոնների առաջընթացի ապահովումից:

ԱՊՀ տարածաշրջանի երկրների խմբում զգալի առաջընթաց են գրանցել Տաջիկստանը՝ 11 կետով, Ռուսաստանը եւ Ղազախստանը՝ 8  կետով,  Ղրղզստանը՝ 6 կետով, Վրաստանը՝ 3 կետով:  

3 կետով հետընթաց է գրանցել Ուկրաինան, 2-ական կետով՝ Ադրբեջանը եւ Մոլդովան:

Դիտում՝ 3561
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo