Սամվել Ճզմաչյան. «Երեւանում է, որ ինձ լավ եմ զգում»

15.11.2013 | 10:12 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Սամվել Ճզմաչյանի հարցազրույցը Banks.am պորտալին

- Պարոն Ճզմաչյան, վերջին ամիսները բավականին հագեցած էին Ձեզ համար՝ վաճառեցիք Ձեր մասնաբաժինը Անելիք Բանկում, թողեցիք բանկի ղեկավարի պաշտոնը, այսօր կենտրոնացել եք ՀԲՄ-ի գործունեության վրա: Հոգեբանորեն դժվար չէ՞ր հաղթահարել այս անցումային շրջանը:

- Կարծում եմ, յուրաքանչյուր բանկիրի համար էլ դժվար կլիներ թողնել այն բանկը, որտեղ նա եղել է սեփականատեր, ավելին՝ ժամանակին վերստեղծել է այդ բանկը: Երբ սկզբնական փուլում ընդունում էի Անելիք Բանկը, այն փաստացի ուներ միայն լիցենզիա եւ գտնվում էր սարսափելի ծանր ֆինանսական վիճակում: Շատ ավելի հեշտ կլիներ ստեղծել նոր ֆինանսական կառույց, քան բարձրացնել կորուստներով աշխատող բանկը: Բայց ժամանակն ապացույցեց, որ ներդրած ուժն ու եռանդն ապարդյուն չէին:

Այնուամենայնիվ, վերադառնալով հարցին, պետք է անկեղծորեն ասեմ, որ անցումային շրջանն ինձ համար ընդհանրապես ծանր չեղավ: Եվ դա շնորհիվ այն հանգամանքի, որ այսօր էլ շարունակում եմ մնալ բանկային համակարգում: Գտնվեց շատ լավ լուծում՝ Հայաստանի տարածքում գործող բոլոր առեւտրային բանկերի ղեկավարներն երեւի գնահատեցին բանկային համակարգում իմ որոշակի դերը եւ ընտրեցին ինձ ՀԲՄ նախագահ:

 Գործընկերներս գտան, որ ինձ անչափ դժվար կլինի առանց իրենց եւ, թող անհամեստ չհնչի, իրենց էլ, ամենայն հավանականությամբ, որոշ բան կպակասի առանց իմ ներկայության բանկային համակարգում: Որքան ինձ հայտնի է, ՀՀ ԿԲ-ի  ղեկավարը եւս այդ որոշմանը դրական էր տրամադրված: Անչափ շնորհակալ եմ բոլորին ընձեռած հնարավորության համար: Ի դեպ, սա արդեն երկրորդ անգամ է, ինչ ստանձնում եմ ՀԲՄ-ի նախագահի պաշտոնը՝ առաջին անգամ ղեկավարել եմ այս կառույցը 2003-2006 թվականներին:

- Ի՞նչ եք կարծում, որո՞նք են այն գործոնները, որոնք կանխորոշում են բանկիրի տրամադրությունը, եւ որքանո՞վ է փոփոխական եղել Ձեր տրամադրությունը մասնագիտական աշխատանքի ողջ ընթացքում:

- Բանկիրի համար տրամադրություն ստեղծողն իր կողմից ղեկավարած բանկի հաջողությունն է, որը, իր հերթին, մեծապես կախված է տնտեսության ընդհանուր վիճակից: Բանկը տնտեսության լակմուսային թուղթն է, ավելի լավ, քան բանկերում,  ոչ մի տեղ չեն երեւում այն միտումները, որոնք առկա են տվյալ պահին տնտեսությունում:

Ինչ վերբերում է անձամբ իմ տրամադրությանը, ապա այն եղել է անչափ փոփոխական: Այլ կերպ չէր էլ կարող լինել, հաշվի առնելով 40-ամյա բանկային ուղիս եւ այն հանգամանքը, որ այս տարիների ընթացքում անձամբ ստեղծել եմ կամ մասնակցություն եմ ունեցել առնվազն 4 բանկերի կայացման գործին:

Բանկիրի ճանապարհը սկսել եմ 1973 թ-ից` աշխատանքի անցնելով ԽՍՀՄ Պետբանկի հայկական հանրապետական գրասենյակում եւ արդեն 26 տարեկանում նշանակվել եմ այդ բանկի մասնաճյուղերից մեկի կառավարիչ: 1984 թ-ից ղեկավարել եմ ԽՍՀՄ Վնեշտորգբանկի երեւանյան մասնաճյուղը, որը հետագայում վերափոխվեց Վնեշէկոնոմբանկի եւ ստացավ հայկական հանրապետական բանկի կարգավիճակ: Վնեշէկոնոմբանկը հանդիսանում էր ԽՍՀՄ հիմնական արտաքին տնտեսական զենքը եւ միակ բանկն էր խորհրդային տարածքում, որն արտարժույթային գործունեություն էր իրականացնում: Խորհրդային իմպերիայի փլուզումից հետո Վնեշէկոնոմբանկից մնաց, ըստ էության, միայն տարածքն ու անձնակազմը: Դրա հիման վրա էլ ինձ հաջողվեց հիմնել Հայներարտբանկը, որի առաջին նախագահը պատիվ ունեցա լինել ես: 1993-95թթ. աշխատել եմ նաեւ ռուսաստանյան բանկային համակարգում՝ Մոսկվայի Գլոմ Բանկի վարչության նախագահի պաշտոնում: Եվ նոր հետո այս ամենին հաջորդեց իմ աշխատանքն Անելիք Բանկում:

Ահա այս իրադարձությունների ներքո էլ ձեւավորվում էր բանկիրի իմ տրամադրությունը, որը, ինչպես հասկանում եք, չէր կարող լինել միապաղաղ:

- Ձեր կողմից միշտ տարանջատվել են բանկիր եւ բիզնեսմեն հասկացությունները: Այնուամենայնիվ՝ իրատեսական համարու՞մ եք Ձեր վերածումը բանկիրից բիզնեսմենի:

- Դժվար հարց եք տալիս, քանի որ երբեւիցե չեմ փորձել իմ ուժերը բանկային համակարգից դուրս: Չեմ կարծում, որ հիմա արդեն ինձ կհաջողվի դառնալ բիզնեսմեն: Եթե անգամ որոշեմ ունենալ իմ բիզնեսը, այն, ամենայն հավանականությամբ, կտեղավորվի ֆինանսական բնագավառի շրջանակներում: Ինչպես էլ դասավորվի, գիտեմ մի բան՝ ինքս այնտեղ չեմ աշխատի:

- Ձեզ համար համատեղելի՞ են ընկերությունը եւ բիզնեսը:

- Եթե կյանքն այնպես է դասավորվում, որ առաջանում է անհրաժեշտություն բիզնես վարել ընկերոջ հետ, ապա պետք է լինել ծայրաստիճան ազնիվ: Բիզնեսն իր մեջ կարող է ներառել նաեւ այնպիսի անկանխատեսելի իրավիճակներ, երբ մարդը ստիպված է լինում խորամանկ լուծումներ գտնել: Ես ամենեւին չէի ցանկանա ունենալ բիզնես, որտեղ գործընկերը կամ բաժնետերը ընկերդ է: Ոնց ուզում եք արեք, ինչպես ուզում եք աշխատեք՝ մի բան ուշ թե շուտ պարտադիր դուրս է գալու:  

- Ինչպե՞ս կվերաբերվեք պետական պաշտոն զբաղեցնելու առաջարկին:

- Նայած ինչ պաշտոնի մասին է գնում խոսքը (ծիծաղում է – հեղ.): Դուք ի՞նչ եք կարծում, ինձ երբեւիցե պաշտոն չե՞ն առաջարկել: Բայց եւ այնպես, բանկի ղեկավար լինելը միշտ շատ ավելի բարձր եմ գնահատել, քան որեւէ այլ կառույց ղեկավարելու հեռանկարը: Եվ այսօր էլ, եթե բանկի ղեկավարի եւ նախարարի պաշտոնների միջեւ ընտրության հնարավորություն ունենամ, միանշանակ կնախընտրեմ բանկի ղեկավարի պաշտոնը:

- Իսկ եթե Ձեզ առաջարկեն, օրինակ,  Հայաստանի Նախագահի խորհրդականի պաշտոնը:

- Չափազանց պատվավոր ու կարեւոր եմ համարում երկրի Նախագահի խորհրդականի պաշտոնը: Ստացվել է այնպես, որ մեզ մոտ այդ պաշտոնին ավելի շատ հավակնում են պաշտոնանկ եղած պետական գործիչները՝ իրենց հետագա կարիերան դասավորելու համար: Իրականում սա չափազանց լուրջ ու պատասխանատու գործ է, որը պահանջում է այդ թվում մասնագիտական խորը գիտելիքներ:  
 
- Թանկարժեք մեքենա, ժամացույց, բրենդային հագուստ… Որքանո՞վ եք կարեւորում այս ամենը Ձեր իմիջի ձեւավորման հարցում:  

- Անչափ կարեւորում եմ, հատկապես հագուստը, ընդ որում՝ վաղ երիտասարդ տարիքից, եւ հավաստիացնում եմ, որ սա ձեւական բնույթ չի կրում: Իմ խորին համոզմամբ, ճաշակով հագնվելը շատ կարեւոր է յուրաքանչյուր ոլորտի եւ աստիճանի ղեկավարի համար: Տարիների ընթացքում եղել են անգամ դեպքեր, երբ ինձ իրավունք եմ վերապահել բարձր պաշտոններ զբաղեցնող մարդկանց նկատողություն անել հագ ու կապի վերաբերյալ: Կարծում եմ, յուրաքանչյուր ղեկավար, ամենից բացի, պետք է հանդես գա նաեւ բարձր ճաշակ թելադրողի դիրքերից:

- Ձեզ հաջողվե՞լ է գտնել հավասարակշռություն ընտանիքի եւ աշխատանքի միջեւ:

- Ոչ, չեմ գտել, որովհետեւ այդպիսինն է բանկիրի ճակատագիրը: Եթե դու նվիրված ես բանկին եւ անում ես առավելագույնը դրա հաջողությունների համար, ապա հազիվ թե կարողանաս բավարար ժամանակ տրամադրես ընտանիքիդ: Բայց եւ այնպես, ներդրված ուժերի եւ ժամանակի դիմաց ստանում ես եկամուտ, որն օգտագործվում է ընտանիքիդ համար: Բանկիրը փոխկապակցված է իր ընտանիքի եւ բանկի հետ: Եվ շատ կարեւոր է, որպեսզի քո ընտանիքի անդամները հասկանան եւ ընդունեն այդ խաղի կանոններն ու ապրելակերպը:   

- Բայց, համաձայնվեք, թոռները պարտավոր չեն ընդունել խաղի այդ կանոնները…

- Թոռնիկներս իմ կյանքի իմաստն են, ուժ եւ ուրախություն պարգեւողն են: 3 թոռնուհի ունեմ՝ 1, 5.5 եւ 9 տարեկան: Աշխատանքից հետո ամեն անգամ մեծ երանելիությամբ եմ տուն գնում ՝ այն մտքով, որ թոռնիկներիցս գոնե մեկը մեր տանը կլինի: Ինձ Սամո են ասում… Հետաքրքիր է, որ մինչ այդ ինձ ոչ ոք այդպես չի դիմել, եղել են դիմելու տարբեր ձեւեր, բայց «Սամո»-ն թոռներս են մտցրել շրջանառության մեջ:

- Եթե Ձեր զավակները որոշեն ապրել այլ երկրում, ինչպիսի՞ն կլինի Ձեր վերաբերմունքը եւ ի՞նչ խորհուրդ կտաք նրանց:

- Սարսափում եմ անգամ այդ մտքից: Ողջ կյանքս ապրել եւ աշխատել եմ, որպեսզի երեխաներս իրենց ապահով զգան հայրենի երկրում: Միաժամանակ, հասկանում եմ նրանց, ովքեր ճարահատյալ մեկնում են Հայաստանից: Հաճախ առիթ եմ ունենում հանդիպել արտերկրում մեր հայրենակիցներին, որոնք թեպետ եւ հասել են որոշակի գործնական հաջողությունների, բայց միեւնույն է՝ կիսվում են, որ օտարության մեջ հողը գնում է ոտքերի տակից:

- Դուք Ձեզ ներդաշնա՞կ եք զգում մեր օրերի Երեւանում, այստեղ Դուք տա՞նն եք:   

- Երեւանում ինձ շատ լավ եմ զգում: Ավելին՝ Երեւանում է, որ ինձ լավ եմ զգում: Անգամ մեկ շաբաթով Երեւանից բացակայելու դեպքում մեծ կարոտախտ եմ ապրում: Լինելով բնիկ երեւանցի, տեղյակ եմ նաեւ երեւանցիներին մտահոգող խնդիրներին: Կարող եմ միայն ասել, որ Երեւանում ընթացող փոփոխություններն ինձ համար խորթ չեն, իսկ դրանց հետ կապված դժգոհություններն, ըստ իս, պայմանավորված են բացառապես սոցիալական խնդիրների առկայությամբ: Անկասկած, Երեւանում ես տանն եմ:

- Պատմեք, խնդրում եմ, ձիերի արձանիկների Ձեր հարուստ հավաքածուի մասին:  

- Ամեն ինչ շատ պատահական ստացվեց: 1997 թվականն էր, երբ երեւանյան խանութներից մեկում գնեցի առաջին արձանիկը: Միանգամից գրավեց ուշադրությունս՝ շարժման մեջ էր, առաջընթաց էր մարմնավորում: Այդ նմուշի համար հատուկ սեղան պատվիրեցի, որը մինչ օրս տեղադրված է աշխատասենյակիս ամենաերեւացող անկյունում:

Այսօր հավաքածուն բաղկացած է մոտ 750 բազմատեսակ արձանիկներից, որոնց մեջ շատ յուրահատուկ նմուշներ կան, այդ թվում՝ լարովի (երաժշտական), բնական քարերից, ոսկուց, թանկարժեք քարերով ձեւավորված եւ այլն: Մեծ մասը գնել եմ, շատ հոգեհարազատ նմուշներ կան, որոնք նվեր եմ ստացել:

Անկեղծ ասած, ինձ շատ հետաքրքիր էր պարզել՝ արդյո՞ք շատ են  նմանատիպ հավաքածու ունեցողները: Որոշ փնտրտուքներից հետո հաջողվեց գտնել միայն մեկին՝ պարզվեց, որ ձիերի արձանիկների հավաքածու ունի նաեւ Թաթարստանի առաջին նախագահ Մինտիմեր Շայմիեւը: Կազանում գտնվելու ժամանակ ծանոթացա այդ հավաքածուին՝ այն ներկայացված էր առանձին թանգարանում: Ասեմ, որ իմ հավաքածուն ավելի լավն է:  

Մտածում եմ, ապագայում հավաքածուն տեղադրել այնպիսի տեղում (միգուցե՝ թանգարանում, ցուցասրահում), որպեսզի այն հասանելի լինի հնարավորինս շատ այցելուների:

Սամվել Ճզմաչյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը:
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Սամվել Ճզմաչյանի անձնական արխիվից:

Դիտում՝ 8410
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai