Դավիթ Աթանեսյան. Հաճախորդը մեր դեսպանն է

13.04.2018 | 10:22 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Դավիթ Աթանեսյան #«Առաջին հիփոթեքային ընկերություն»
Արդեն 14 տարի է՝ Հայաստանի հիփոթեքային շուկայում իր առանձնահատուկ եւ կայուն դիրքն է զբաղեցնում «Առաջին հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպությունը: Ընկերության գործունեության, ձեռքբերումների եւ առաջիկա ծրագրերի մասին Banks.am-ը զրուցել է տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ, գլխավոր տնօրեն Դավիթ Աթանեսյանի հետ:

- Պրն Աթանեսյան, նախ կխնդրեի ներկայացնել ընկերության հիմնադրման պատմությունը: Ի դեպ՝ ինչո՞ւ «Առաջին»:

- «Առաջին հիփոթեքային ընկերությունը» հիմնադրվել է 2004թ. ապրիլի 14-ին:

Ամեն բան սկսվեց այն պահից, երբ ես որոշեցի հողատարածք ձեռք բերել ու կարիք ունեի հիփոթեքային վարկի: Ուսումնասիրություններ արեցի ու պարզեցի, որ ՀՀ տարածքում միայն երկու բանկ կա, որ տրամադրում է հիփոթեքային վարկ: Պահանջվեց 6 ամիս, մինչ իմ վարկը ձեւակերպվեց. այնքան շատ էին օրենսդրական բացերն ու խնդիրները: Շուտով ինձ համար պարզ դարձավ, որ այս դաշտն ազատ է, եւ սա բիզնես սկսելու լավ հնարավորություն է:

Այդպես արդեն 2004թ. բացվեց «Առաջին հիփոթեքային ընկերությունը»: Այն անվանեցինք «Առաջին», քանի որ մենք առաջին ֆինանսական կառույցն էինք Հայաստանում, որը միայն հիփոթեքային վարկեր էր տրամադրում:  

- Ամփոփելով 14-ամյա ուղին՝ որո՞նք էին ընկերության հիմնական ձեռքբերումները եւ, միաժամանակ, ի՞նչ դժվարությունների եք հանդիպել այս ընթացքում:

- Երբ մենք նոր սկսեցինք գործունեություն ծավալել, խնդիրները շատ-շատ էին։ Դրանցից ամենակարեւորը երկարաժամկետ ֆինանսական միջոցների հարցն էր, որն օպերատիվ ու հիմնովին լուծելու կարիք ուներ: Երբ ընկերությունը տրամադրում է հիփոթեքային վարկ, ենթադրվում է, որ հաճախորդն այն պետք է կարողանա մարել առնվազն տասը տարում, դրանից ոչ պակաս, հենց դա է, ըստ էության, վարկի իմաստը։ Բայց մենք երկարաժամկետ վարկավորման համար ֆինանսավորման կարիք ունեինք: Կապիտալի շուկան զարգացած չէր, դրանից ֆինանսավորում ներգրավելը գրեթե անհնար էր:

Պետք է շեշտել նաեւ, որ տասը տարի առաջ վարկերը տրամադրվում էին հիմնականում արտարժույթով՝ դոլարով, իսկ այդ ժամանակահատվածում՝ տնտեսական ճգնաժամով պայմանավորված, դոլարի տատանումները զգալի էին, հետեւաբար ռիսկերը՝ բավականին բարձր: Երկարաժամկետ միջոցներ ներգրավելու խնդիր կար ոչ միայն հիփոթեքային շուկայում, այլ ընդհանրապես դաշտում. նույնիսկ ավանդների միջին ժամկետը 3-6 ամիս էր, առավելագույնը՝ 1 տարի: Այդ խնդիրը մենք կարողացանք լուծել միայն 3 տարի հետո՝ Անդրծովյան մասնավոր ներդրումային կորպորացիայի հետ (OPIC) համագործակցության արդյունքում: 2007թ. նրանց հետ ստորագրեցինք վարկային պայմանագիր, նրանք մեզ ֆինանսավորում տրամադրեցին 15 տարով:

Հետագայում, իհարկե, Կենտրոնական բանկը ստեղծեց համապատասխան կառույցներ, օրինակ՝ «Ազգային հիփոթեքային ընկերությունը», «Բնակարան երիտասարդներին ՈՒՎԿ ՓԲԸ»-ն, որոնք արդեն դրամով սկսեցին վերաֆինանսավորել մեր տրամադրած վարկերը: Սա ամբողջովին փոխեց դաշտում առկա իրավիճակը, որովհետեւ մինչ այդ՝ կախված արտարժույթի տատանումներից, առաջանում էր մեծ ռիսկ, որը փոխանցվում էր վարկառուներին. դրամային վերաֆինանսավորումը ձեռնտու էր ոչ միայն վարկառուներին, այլեւ նպաստում էր հիփոթեքային շուկայի զարգացմանը:

Բազում փորձություններ, դժվարություններ անցնելուց հետո կարող եմ ասել, որ «Առաջին հիփոթեքային ընկերությունը» կանգնած է հիփոթեքային դաշտի ստեղծման եւ բարելավման ակունքներում: 14 տարիների ընթացքում նվազել են տոկոսները, ավելացել եւ բազմազան են դարձել առաջարկվող պրոդուկտները եւ հիփոթեքային վարկ տրամադրող կառույցները: Բացի այդ, մենք ստեղծեցինք երիտասարդների համար բնակարան ձեռք բերելու հնարավորություն:

Մինչ այդ երիտասարդների համար դա լուրջ եւ բարդ խնդիր էր, ինչն էլ անմիջապես ազդում էր ընտանիք կազմելու պլանների վրա: Հիմա, երբ բնակարան ձեռք բերելու գործընթացը համեմատաբար ավելի հեշտացել է, ընտանիք կազմելը եւս դարձել է ավելի դյուրին եւ ցանկալի: Գիտեք, մեզ համար շատ կարեւոր է այն մտքի գիտակցումը, որ մենք օգնում ենք ընտանիքների կազմավորմանն ու կայացմանը:

- Դուք կենտրոնանում եք միայն հիփոթեքայի՞ն պրոդուկտների առաջմղման վրա:

- Ի սկզբանե «Առաջին հիփոթեքային»-ի հիմնական պրոդուկտը եղել է հիփոթեքը՝ իր տարաբնույթ ուղղություններով՝ բնակարանի ձեռքբերում, վերանորոգում, կառուցապատում եւ այլն:

Մենք տրամադրում ենք նաեւ սպառողական վարկեր, որովհետեւ դրա կարիքը եւս բավական մեծ է: Մեր հաճախորդների ցանկություններից եւ պահանջից է դա բխել, մենք էլ արձագանքել ենք:

- Որո՞նք են «Առաջին հիփոթեքային ընկերության» բիզնես սկզբունքները:

- Մրցունակությունը, ֆինանսական միջոցների հասանելիությունը եւ ծառայությունների մատչելիությունը։ Մեր կարեւորագույն ռազմավարական թիրախներից է հիփոթեքային շուկայի զարգացումը: Դաշտի կայացումն անմիջապես ազդում է վարկառուների վրա՝ որքան բարելավված է շուկան, այդքան գործընթացը դառնում է ավելի հասանելի եւ դյուրին: Մենք առաջարկում ենք միջինից ցածր տոկոսադրույք. հաճախորդի գոհունակությունը, նրա դրական արձագանքն ու կոմֆորտը դասում ենք ամենից բարձր:

- Այդ դեպքում՝ ո՞րն է «Առաջին հիփոթեքային ընկերության» մրցունակության գրավականը:

- Ծառայությունների բարձր որակը, ձեւակերպման արագությունը, եւ ինչպես նշեցի՝ տոկոսադրույքը: Մեզ մոտ բացակայում են նաեւ սպասարկման հավելյալ վճարները, իսկ մեկ տարի անց չի գանձվում նաեւ մարման տույժ:

- Բայց եւ այնպես, հայաստանյան շուկայի փոքր լինելու եւ, միաժամանակ, ֆինանսական առաջարկների առատության պայմաններում՝ Ձեզ հաջողվե՞լ է ձեւավորել հաճախորդների հավատարիմ բանակ:

- Տարիների ընթացքում մենք կարողացել ենք ձեւավորել հավատարիմ հաճախորդների մեծ ընտանիք: «Առաջին հիփոթեքային ընկերության» հաճախորդը շուկայում մեր դեսպանն է, մեր մասին կարծիք ձեւավորողը, նոր հաճախորդներ ներգրավողը հենց նա է:

Եթե խոսենք մեր վիճակագրությունից ելնելով, ապա այսօր մեր հաճախորդը բժիշկն է, IT, ֆինանսական եւ պետական ոլորտի ներկայացուցիչը, իրավաբանը, երիտասարդ ընտանիքները եւ առհասարակ մարդիկ, որ ցանկանում են բնակարան ունենալ:

- Իսկ ի՞նչ կասեք B2B մակարդակում ձեւավորված կապերի մասին՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային գործընկերների հետ:

- «Առաջին հիփոթեքային ընկերությունը» համագործակցում է «Ազգային հիփոթեքային ընկերություն ՈՒՎԿ ՓԲԸ»-ի հետ: Մեր գործընկերներից է նաեւ Անդրծովյան մասնավոր ներդրումային կորպորացիան (OPIC): Այս կառույցը Հայաստանում միայն մեզ հետ է համագործակցում եւ մեր ընկերության ուղիղ ներդրողն է:

Անդրծովյան մասնավոր ներդրումային կորպորացիան խոշորագույն կառույց է, որը հանդիսանում է ԱՄՆ կառավարության մի մաս: Մեր գործընկերներից են նաեւ «Բնակարան երիտասարդներին ՈՒՎԿ ՓԲԸ»-ն եւ Habitat for Humanity կազմակերպությունը: Այս տարի մենք սկսել ենք նաեւ պարտատոմսեր թողարկել: Այս մասով համագործակցում ենք ե՛ւ ներդրումային հիմնադրամների, օրինակ՝ «Կենսաթոշակային հիմնադրամի», ե՛ւ ներդրումային ընկերությունների, ե՛ւ բանկերի, ե՛ւ, ինչը շատ ուրախալի է, ֆիզիկական անձանց հետ:

- Ո՞րն է ձեր ընկերության հաջողության բանաձեւը:

- Մենք այսօր հիանալի թիմ ունենք, կարծում եմ՝ դա ցանկացած ընկերության հաջողության բանաձեւն է: Թեպետ մեր թիմը տարիների ընթացքում ընդլայնվել է, բայց «Առաջին հիփոթեքային ընկերության» ակունքներում կանգնած մարդիկ մինչ օրս այստեղ են՝ մեզ հետ: Մենք միասին ենք անցնում ամբողջ ճանապարհը, հաղթահարում դժվարություններն ու նպաստում ընկերության եւ ընդհանուր դաշտի բարելավմանը: Այդ անձիք են կազմում մեր ընկերության կորիզը. սրտացավ մարդիկ, պրոֆեսիոնալներ, որոնք գիտեն դիմակայել դժվարություններին եւ կարեւորում են հաճախորդի գոհունակությունն ու շնորհակալ վերաբերմունքը: Մեր ընկերությունը, ընդհանրապես, կարեւորում է իր թիմի յուրաքանչյուր անդամին: Մեր գործում որակյալ սպասարկումից շատ բան է կախված, այստեղ աշխատում են միայն այն մարդիկ, որոնց համար հաճախորդի կոմֆորտը առաջնային է:

- Վարկառուների հիմնական սպասումները, բնականաբար, կապված են տոկոսադրույքների նվազեցման հետ: Ըստ Ձեզ՝ ի՞նչ զարգացումների կարող ենք ականատես լինել մոտ ապագայում:   

- Կանխատեսումներ անելը շատ դժվար գործ է: Արտաքին ազդակներից շատ բան է կախված: Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ հիմա Հայաստանում տոկոսները շատ ավելի ցածր են, քան պետք է լինեին իրականում: Մի շարք ազդակներից ելնելով՝ կարող եմ կանխատեսել, որ շուտով տոկոսադրույքը բարձրանալու է: Կարծում եմ՝ հիմա է լավագույն շրջանը հիփոթեքային վարկից օգտվելու համար, քանի որ հստակ հնարավոր չէ ասել, թե որքան ժամանակ դեռ տոկոսադրույքն այսքան ցածր կմնա:

- Ի՞նչ խորհուրդ կտաք հիփոթեքային պրոդուկտների պոտենցիալ սպառողներին՝ շուկայում ճիշտ կողմնորոշվելու առումով:

- Վարկունակության գնահատումը կարող է որոշիչ դեր ունենալ: Վարկի սպասարկման չափը չպետք է գերազանցի աշխատավարձի 50%-ը: Յուրաքանչյուր գործարք կատարելիս անհրաժեշտ է հաշվի առնել դրա ազդեցությունը կյանքի որակը բարելավելու տեսանկյունից:

Մենք ինքներս էլ առաջնորդվում ենք այդ սկզբունքով: Մեզ համար կարեւոր է հաճախորդի բարեկեցությունը. հաճախորդը չպետք է դիսկոմֆորտ ունենա ամեն ամիս վարկը մարելուց հետո: Ընկերությունները ձեզ վարկ են տրամադրում, որպեսզի դուք ոչ թե ապրեք սթրեսի մեջ մինչեւ հիփոթեքային վարկի մարումը, այլ բարելավեք ձեր կյանքն ու անհոգ եւ երջանիկ լինեք:
Դիտում՝ 12319
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo