Արթուր Սարգսյան. Սոմելյեն իր երկրի գինու դեսպանն է

12.03.2018 | 11:21 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Արթուր Սարգսյան #սոմելյե #ASEA
Ռուսաստանի սոմելյեների եւ փորձագետների միության նախագահ Արթուր Սարգսյանի հարցազրույցը Banks.am-ին

- Պրն Սարգսյան, սոմելյեի մասնագիտությունը հաճախ համեմատում են արվեստի հետ, սակայն միաժամանակ, մեր կարծիքով, սոմելյեները կարող են նաեւ գործնականում աջակցել այս կամ այն երկրի գինեգործության ոլորտի զարգացմանը։

- Սոմելյեի մասնագիտությունը արվեստին է հավասարվում այն ժամանակ, երբ սոմելյեն պրոֆեսիոնալ է լինում։ Ցավոք սրտի, ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում, որտեղ այս մասնագիտությունը երկար տարիների պատմություն ունի, այն մարդը, որն իրեն «սոմելյե» է կոչում, դեռ հեռու է մասնագիտական բարձունքներից։

Եթե խոսենք պրոֆեսիոնալիզմի բաղկացուցիչներից, ապա սոմելյեի աշխատանքը շատ բազմազան է։ Բարձր չափանիշին համապատասխանելու համար անհրաժեշտ է անընդհատ կատարելագործվել։ Գինու աշխարհը շատ ընդգրկուն է։ Այն ամբողջովին ճանաչելու համար մի քանի կյանքն էլ կարող է քիչ լինել։ Պետք է անընդհատ հետեւել նորություններին, համտեսել եւ զարգացնել սեփական զգայական ունակությունները, աշխատել սերվիսի տեխնիկայի վրա։ Եվ, բնականաբար, շատ կարեւոր է կարողանալ ճիշտ հաղորդակցվել հյուրի հետ։ Փաստացի՝ կարդալ նրա մտքերը։ Չէ՞ որ լինում են դեպքեր, երբ մարդը չի կարողանում ձեւակերպել գինու իր նախասիրությունները։ Սոմելյեի արվեստը հենց հյուրի տրամադրությունը, ոճն ու սպասումներն ըմբռնել կարողանալն է եւ պատվիրված ուտեստին համապատասխան գինի ընտրելը:

Ազգային գինեգործության համար սոմելյեն առանցքային դեր է կատարում։ Հայաստանում շատ բան է արվել իրապես համաշխարհային մակարդակի գինիներ ստեղծելու համար։ Այսօր այդ փաստն ընդունված է երկրի սահմաններից դուրս։ Այնուամենայնիվ, Երեւանի ռեստորաններում դեռեւս չկան բավարար քանակով պրոֆեսիոնալներ՝ այդ գինիների մասին տեղեկատվությունը լայն լսարանին հասցնելու համար։ Հայաստանն այսօր գրավիչ տուրիստական ուղղություն է, երկիրը զբոսաշրջիկներ է ընդունում ամբողջ աշխարհից։ Եվ, բնականաբար, նրանք ցանկություն ունեն ազգային խոհանոցի միջոցով ծանոթանալ երկրի մշակույթին։ Երեւանում արդեն գինու մի քանի շատ ճիշտ տեղ կա՝ գրագետ անձնակազմով, սակայն դա դեռ բավարար չէ ազգային գինեգործության ճանաչելիության բարձրացման համար։ Չէ՞ որ սոմելյեն, փաստացի, տվյալ երկրի գինու դեսպանն է։

- Անցյալ տարի ամռանը հայտարարել էիք Հայաստանի սոմելյեների եւ փորձագետների ասոցիացիայի (ASEA) ղեկավարի պաշտոնում Ձեր նշանակման մասին։ Ասոցիացիան զրոյի՞ց է ստեղծվում։ Ի՞նչ նախագծեր եք պատրաստվում իրագործել այս կառույցի շրջանակում։

- Նախ կցանկանայի ընդգծել, որ ըստ կանոնադրության՝ ասոցիացիայի ղեկավարին՝ նախագահին, ընտրում է Մասնակիցների ընդհանուր ժողովը։ Ասոցիացիան նոր է ստեղծվում, ընթանում է անդամակցության դիմումների հավաքագրումն ու ուսումնասիրությունը։ Այժմ իմ խնդիրն է կազմակերպել այդ գործընթացները։ Ես ասոցիացիան ստեղծող կազմկոմիտեի ղեկավարն եմ, եւ արդեն կառույցի անդամները բաց ընտրությունների արդյունքում կորոշեն, թե ով է արժանի ղեկավարել այն։

Ինչ վերաբերում է նոր կազմակերպության անդամներին, ապա մենք ձգտում են միավորել գինու ոլորտի շատ մարդկանց։ Ոչ միայն սոմելյեների, այլեւ էնոլոգների, լրագրողների, գինու վաճառքով զբաղվողների, իշխանության ներկայացուցիչների։ Գինու թեման ավելի հեշտ է զարգացնել նման միջմասնագիտական միավորումներում։ Ես Ռուսաստանի սոմելյեների եւ փորձագետների միության ղեկավարման ավելի քան 10 տարվա փորձ ունեմ, եւ այն կազմակերպվել է հենց նույն սկզբունքով: Այդ փորձը որոշվել է կիրառել նաեւ Հայաստանում։

Կարեւոր է նշել, որ «Հայաստանի սոմելյեների եւ փորձագետների ասոցիացիա» անվանումը պետական փորձաքննություն է անցել, եւ մենք իրավասու ենք անվանման մեջ օգտագործել «Հայաստան» բառը։ Ասոցիացիայի ստեղծումը, ինչպես նաեւ «Հայկական գինիներ» ուղեցույցի (Гид «Армянские вина») թողարկումը ռուսերեն եւ անգլերեն լեզուներով, որի հրատարակիչն է ASEA-ն, անձամբ սատարել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը։   


ASEA-ի հիմնական խնդիրներից է կրթական գործառույթը։ Մենք աշխատում ենք Երեւանում սոմելյեների առաջին դպրոցի բացման ուղղությամբ։ Այս հարցում ինձ խոստացել են աջակցել Հայաստանի կառավարության ամենաբարձր մակարդակով։  

Մոտ ապագայում մենք նախատեսում ենք Երեւանում անցկացնել ուղեցույցի պաշտոնական շնորհանդեսը։ Միաժամանակ, աշխատանք է տարվում գինեգործների համար տեխնոլոգիական կոնֆերանսի ծրագրի շուրջ։ Շատ հարցերում մենք համագործակցում ենք Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի հետ, աջակցել ենք Հայաստանի գինիների մասնակցությանը ռուսաստանյան խոշորագույն «ՊրոդԷքսպո» ցուցահանդեսին։   

Ինչ վերաբերում է հեռանկարային ծրագրերին, ապա դեռ շատ աշխատանք կա կատարելու Երեւանում գինու միասնական կրթական, տեղեկատվական տարածության ստեղծման ուղղությամբ, ներառյալ՝ Սոմելյեների դպրոցը, զբոսաշրջիկների համար համտեսի սրահը, որտեղ հնարավոր կլինի փորձել Հայաստանի լավագույն բոլոր գինիները, գինու բարը, էնոտեկան։
 
Ներկայում այս ծրագիրը մշակման փուլում է, բանակցություններ են ընթանում հնարավոր հովանավորների հետ։ Արդեն իսկ աջակցության եւ ֆինանսավորման առաջարկներ են ստացվել առանձին գինեգործական ընկերությունների կողմից, սակայն ես չէի ցանկանա շտապել այս հարցում։ Կարծում եմ՝ նման նախագծի ներդրողը չպետք է ուղղակի կապ ունենա գինեգործության ոլորտի հետ։ Գինու տեղեկատվական կենտրոնը պետք է աշխատի՝ ի բարօրություն հայաստանյան գինեգործության, եւ դրա ստեղծման փուլում կարեւոր է զերծ մնալ շահերի բախումից։

ASEA-ի այս տարվա գլխավոր խնդիրը Սոմելյեների միջազգային ասոցիացիային (ASI) անդամակցելու համար փաստաթղթերի պատրաստումն է։ Սա միջազգային մակարդակի լուրջ կազմակերպություն է, որը շատ բան է որոշում գինու համաշխարհային շուկայում։ ASI-ին անդամակցելն այդքան էլ հեշտ չէ, անհրաժեշտ է երկու լիիրավ անդամ երկրի աջակցությունը։ Այս առումով իմ կողմից աջակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել Սոմելյեների ռուսաստանյան ասոցիացիայի նախագահ Ալեքսեյ Սիդորովի եւ Սոմելյեների վրաստանյան ասոցիացիայի նախագահ Շալվա Խեցուրիանիի հետ։ 2018-ի հունիսին Վրաստանում կանցկացվի Սոմելյեների համաշխարհային կոնգրեսը, եւ մենք հենց այնտեղ ենք նախատեսում ներկայացնել ASI-ին Հայաստանի անդամակցության հայտը։ Դրանից հետո 2 տարի երկիրը՝ ի դեմս ASEA-ի, լինելու է միջազգային կազմակերպությանն անդամակցության թեկնածու, եւ այդ ընթացքում մենք պատրաստվելու ենք պաշտոնական գործընթացին։

Ըստ իս՝ անդամակցությունը ASI-ին նոր հնարավորություններ կբացի Հայաստանում սոմելյեի մասնագիտության համար։ Կդառնա առաջին քայլը՝ Երեւանում եւ գինեգործական շրջաններում Սոմելյեների համաշխարհային կոնգրեսի անցկացման համար։ Այդ միջոցառումը համեմատելի է Օլիմպիադայի անցկացման հետ եւ ի զօրու է լուրջ առաջընթաց ապահովել ազգային գինեգործության զարգացման եւ համաշխարհային ասպարեզում ճանաչելիության համար։ Վստահ եմ, որ Հայաստանն իր տերրուարների (հողային, կլիմայական եւ տեղանքային պայմաններ - հեղ.) հսկայական ներուժով, պատմությամբ եւ գինու մշակույթով բոլոր շանսերն ունի՝ հյուրընկալելու միջազգային նման իրադարձությունը։

- Անցյալ տարի գարնանը Երեւանում առաջին անգամ անցկացվեցին Գինու օրեր՝ բազմաթիվ զբոսաշրջիկների մասնակցությամբ՝ մեծամասնությամբ Ռուսաստանից։ Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ կարող է գինու տուրիզմն աջակցել հայկական գինիների արտահանման ներուժի բարձրացմանը։ Պարզ ասած՝ մեկ անգամ այստեղ գինի համտեսած ռուսաստանցի զբոսաշրջիկը կսկսի՞ այնուհետ այն փնտրել Ռուսաստանի խանութներում։

- Զբոսաշրջությունը գինեգործության զարգացման կարեւոր շարժիչ ուժերից է։ Հայաստանը երբեւէ Ռուսաստանում չի ընկալվել որպես գինու երկիր։ Հայաստանի դեպքում բոլորը, առաջին հերթին, հիշում են բրենդին։ Այսօր իրավիճակը դինամիկորեն փոխվում է։ Ռուսաստանում արդեն ներկայացված են գրեթե բոլոր լավագույն հայաստանյան արտադրողները։ Վերջին երկու տարիներին ես անձամբ անցկացրել եմ մի քանի տասնյակ համտեսներ, գինու ընթրիքներ՝ նվիրված Հայաստանի գինեգործությանը։ Մարդկանց համար միշտ մեծ զարմանք եւ հաճույք է ծանոթությունը այդպիսի հետաքրքիր գինիների հետ։ Ես տեղյակ եմ, որ մարդիկ Երեւան են այցելել՝ մասնակցելու Գինու օրերին իմ դասախոսություններից հետո՝ ցանկանալով ավելի խորը ծանոթանալ գինիների հետ։ Այնպես որ, գինին ու զբոսաշրջությունը երկու ոլորտներ են, որոնցից յուրաքանչյուրը լրացնում եւ աջակցում է մյուսին։


Կարեւոր է աշխատել գինուն նվիրված միջոցառումների զարգացման ուղղությամբ ոչ միայն Երեւանում, այլեւ գինեգործական շրջաններում, բարձրացնել Արենիում գինու գլխավոր փառատոնի անցկացման մակարդակը։ Այնտեղ դեռ շատ ուղղություններով լուրջ աշխատանքի կարիք կա։  

Այս տարի եւս նախատեսում եմ մասնակցել Գինու օրերին Երեւանում։ Հետաքրքիր է տեսնել՝ ինչպես կփոխվի փառատոնը, ինչ նոր եւ դրական բաներ կավելացնեն կազմակերպիչները եղած ձեւաչափին։

- Վերջերս ռուսաստանյան մամուլում տեղեկատվություն էր հրապարակվել, ըստ որի՝ Վրաստանը դեպի Ռուսաստան արտահանվող գինիների ծավալով կրկին ընդգրկվել է խոշորագույն մատակարարների եռյակում։ Ասացեք, խնդրեմ, իսկ ինչպիսի՞ն են եղել 2017-ին Հայաստանից ՌԴ արտահանվող գինու ծավալները։

- Հայաստանն ընդգրկված է ԵԱՏՄ-ի կազմում, ուստի 2016-ից ներմուծման տվյալները հաշվի չեն առնվում մաքսային ընդհանուր վիճակագրությունում, որին ես տիրապետում եմ։ Միայն կարող եմ ասել, որ վերջին տարիներին այդ ծավալներն աճում են։ Եթե 2014-ին Ռուսաստան էր արտահանվել մոտ 1,6 մլն լիտր գինի, ապա 2016-ին այդ ծավալն արդեն գերազանցում էր 2,1 մլն-ը։ Կարծում եմ, 2017-ի ներմուծման արդյունքների վերջնական ամփոփումից հետո մենք նորից աճ կարձանագրենք՝ կապված արտարժույթների փոխարժեքի կայունացման հետ։      

Ի դեպ, արտահանման վերլուծության վարումն ու հրապարակումը կարեւորագույն խնդիրներ են, որոնք եւս պետք է լուծի Հայաստանը։ Բերքի ցուցանիշները, արտահանման դինամիկան, երկրների ցանկը, որտեղ մատակարարվում է գինին, շատ կարեւոր են Հայաստանի՝ որպես համաշխարհային գինեգործության մաս կազմող երկրի իմիջի համար։

Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի գինիների համար հիմնական շուկա եւ շատ կարեւոր է, որ այդ շուկա մատակարարվեն միայն որակյալ գինիներ։ Հայկական գինիները դեռ չունեն սեփական իմիջը Ռուսաստանում։ Մի կողմից, դրական կերպարի բացակայությունն այդքան էլ լավ չէ։ Մյուս կողմից, չկա նաեւ բացասական ընկալում։ Ռուսաստանում ապրող մարդկանց համար «Հայկական գինիներ» հասկացությունը մաքուր էջ է եւ դրա վրա այսօր ինչ ասես կարելի է գրել։ Ցանկալի է, որ դրանք լինեն միայն բարի խոսքեր՝ բարձր որակի եւ ինքնատիպության մասին։

- Ի՞նչ եք կարծում՝ գինու արտահանման ծավալներով Հայաստանը շանսեր ունի՞՝ մրցակցելու նույն Վրաստանի հետ, թե՞ դա անհնար է թեկուզ Հայաստանում անհրաժեշտ քանակության գինենյութի բացակայության պատճառով։

- Մրցակցության մասին խոսք չի կարող լինել մեկ պարզ պատճառով։ Հայաստանում կան 17 հազ. հա խաղողի այգիներ, որոնցից 12 հազ-ն ուղղված է բրենդիի եւ միայն 5 հազ-ը՝ գինու արտադրությանը։ Վրաստանում գինու արտադրությանն ուղղված այգիները 11 անգամ մեծ են՝ 55 հա։ Ես գիտեմ մոտ 25 հայաստանյան արտադրողների, որոնք արժանի որակի գինի են արտադրում, դրանցից որոշները ընտանեկան ձեռնարկություններ են, որոնք տարեկան բառացիորեն մի քանի հազ. շիշ գինի են արտադրում: Վրաստանում նման ձեռնարկությունների քանակը հասնում է 300-ի՝ չհաշված առանձին էնտուզիաստ գինեգործների։

Մրցակցելն անիմաստ է եւ ոչ միայն ծավալների պատճառով։ Հայկական գինիներն ունեն իրենց բացարձակ անհատական ոճաբանությունը, իրենց ուրույն տեղը։

- Հաճախ կարելի է կարծիք լսել, որ հայաստանյան գինեգործներին անհրաժեշտ է կենտրոնանալ ոչ թե քանակի, այլ որակի վրա՝ շեշտը դնելով այսպես կոչված «նիշային գինու» եւ «նիշային հատվածի» վրա։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս ռազմավարությանը։

- Լիովին համաձայն եմ այդ կարծիքի հետ։ Հայաստանում կա 3-4 արտադրող, որոնք կարող են թույլ տալ իրենց արտադրել մեծ ծավալներով կայուն որակի գինի՝ համեմատաբար ցածր գներով։ Սակայն Հայաստանի գինիների բրենդները դառնում են ճանաչված եւ հայտնի պրոֆեսիոնալ հանրության մեջ ոչ թե սուպերմարկետների համար նախատեսված գինիներով, այլ իրենց «նիշային դիրքերով»՝ շնորհիվ շատ բարձր մակարդակի գինիների։

Ինչպես արդեն ասացի, Հայաստանում չկա բավարար քանակությամբ խաղող, որպեսզի հնարավոր լիներ «գրավել ծավալով», անհրաժեշտ է աշխատել որակի վրա եւ գրավել ավելի բարձր հատված։ Դրա համար Հայաստանում կան բոլոր անհրաժեշտ պայմանները՝ եզակի տերրուարներ, սեփական արմատների վրա ունիկալ խաղողի տեսակներ, գինիների հետաքրքիր ոճաբանություն։

Անչափ կարեւոր է, որպեսզի Հայաստանի՝ որպես ունիկալ գինեգործործություն ունեցող երկրի իմիջը բոլոր առումներով պաշտպանվի եւ պահպանվի։ Հայաստանից արտաքին շուկաներ չպետք է ցածր որակի գինիներ արտահանվեն։ Դրա համար անհրաժեշտ է ստեղծել ազգային համտեսային հանձնաժողով, որը կգնահատի արտահանմանն ուղղված գինիների բոլոր խմբաքանակները։

Կա եւս մեկ խնդիր, որը Հայաստանը պետք է լուծի մոտ ապագայում։ Անհրաժեշտ է բացառել Wine of Armenia գրառմամբ շշերում ուրիշ երկրից մատակարարվող գինու հայտնվելու հնարավորությունը, այսպես կոչված՝ bulk wine-ը։ Լոգիստիկայի հետ կապված դժվարությունները, ինչպես նաեւ նախորդ տարիների խաղողի ավելցուկը թույլ են տվել դեռեւս շրջանցել այդ խնդիրը։ Սակայն ռուսաստանյան շուկայում հայկական գինիների ճանաչելիության բարձրացման եւ որակյալ խաղողի դեֆիցիտի ավելացման դեպքում նման խնդիր կարող է առաջանալ։    


Նախորդ երկու տարիների ընթացքում ռուսաստանյան շուկայում շատ բան է արվել որակյալ հայկական գինիների միասնական պորտֆելի առաջմղման, «Вино из Армении» կոլեկտիվ բրենդի իմիջի զարգացման ուղղությամբ։ Այժմ արտադրողների համար ավելի կարեւոր է գրագետ կերպով կառուցել իրենց սեփական ռազմավարությունները, խորացնել իրենց բրենդի կերպարը գինու առեւտրով զբաղվողների եւ սպառողների գիտակցության մեջ։

- Դուք, երեւի, ծանոթ եք հայաստանյան երկու ընկերությունների՝ «Տիեռաս դե Արմենիա»-ի, որը հանդես է գալիս Karas Wines բրենդի ներքո, եւ Zorah Wines-ի միջեւ «կարաս» բրեդի օգտագործման համար աղմկահարույց վիճաբանության հետ։ Ի՞նչ խորհուրդ կտայիք կողմերին։

- Խորհուրդ կտայի խնդիրը բաժանել երկու բաղկացուցիչ մասի։ Գոյություն ունի Karas առեւտրային նշանը եւ թող դրա օգտագործման հետ կապված հարցերը՝ որպես գրանցված ապրանքանիշի, լուծեն պատենտային իրավունքի մասնագետները։  

Բայց կա նաեւ եզակի, անտիկ, մի քանի հազարամյակների պատմություն ունեցող տեխնոլոգիա։ Խոսքը կավե ամֆորաների՝ կարասների օգտագործման մասին է։ «Կարաս» բառը հայերեն լեզվի մաս է, այն ազգային սեփականություն է եւ չի կարող պատկանել որեւէ մեկին։ Եթե գինին պատրաստված է այդպիսի ամֆորաների կիրառմամբ, ապա գինեգործը պետք է հնարավորություն ունենա հայտնել դրա մասին իր գնորդին։

Ավելին, ազգային մակարդակի վրա անհրաժեշտ է ամրագրել «հնեցված է կարասում» կամ «կարմիր գինի» տերմինի օգտագործման կարգը։ Ո՞վ իրավունք ունի այն օգտագործել եւ ո՞ր դեպքերում, ինչպես, օրինակ, Իսպանիայում դա արված է Reserva կարգի գինիների համար։  

Ամեն դեպքում, կարասն ազգային մշակույթի մաս է, ազգային գինեգործության ունիկալ առանձնահատկություն է եւ պետք է այն ճանաչելի դարձնել։

- Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ որոշ արտադրողներ (նույն «Կարասը»-ը) Հայաստանում գինի են պատրաստում ոչ հայկական տեսակների խաղողից։

- Դա համաշխարհային պրակտիկա է։ Չեն լինում երկու նույն գինիներ Կաբերնե Սովինյոնից՝ աճեցված տարբեր երկրներում եւ տարբեր մայրցամաքներում։ Այդ գինիների միջոցով ավելի հեշտ է ցույց տալ տերրուարի առանձնահատկությունները, գրավել սպառողի ուշադրությունը եւ քննադատների կողմից ստանալ առաջին բարձր գնահատականները։ Ես պարբերաբար համտեսում եմ Հայաստանում եվրոպական տեսակներից ստեղծված գինիները եւ կարող եմ ասել, որ դրանք առանձնանում են որակի շատ բաձր մակարդակով։

Մյուս կողմից, նորից կարելի է հիշել Վրաստանի օրինակը։ 2006-ից հետո, երբ Ռուսաստանի շուկան երկար ժամանակով փակվեց, արտադրողները սկսեցին վերաթիրախավորվել արտասահմանյան այլ երկրների ուղղությամբ եւ փորձում էին համաշխարհային շուկայի համար ավելի «ունիվերսալ» գինիներ պատրաստել։ Շատերը եվրոպական տեսակների խաղողի այգիներ էին հիմնում, սակայն որոշ ժամանակ անց հասկացան, որ համաշխարհային շուկային պետք չէ 528-րդ Կաբերնե Սովինյոնը։

Ոչ բոլորին է բախտ վիճակվել Հայաստանի պես ունենալ խաղողի տեղական ծագման (ավտոխտոն) տեսակներ։ Աշխարհում որեւէ տեղ չկա Areni Noir-ը եւ ոչ մի տեղ այն չի ստացվում այնպիսին, ինչպիսին Հայաստանում է՝ սեփական արմատների վրա, ծովի մակերեւույթից ավելի քան հազար մետր բարձրության վրա։ Իզուր չէ, որ համաշխարհային էնոլոգիայի գուրու Փոլ Հոբսը (Paul Hobbs) Հայաստանում իր նախագիծը սկսում էր միջազգային տեսակների հիմնումից, սակայն իր առաջին բարձր որակի գինիները նա, այնուամենայնիվ, պատրաստել է տեղական տեսակներից։ Ժամանակի ընթացքում Areni Noir-ն ուVoskehat-ը կդառնան նույնքան ճանաչված աշխարհում, որքան արգենտինական Մալբեկն ու նորզելանդական Սովինյոն Բլանը։ Ես դրանում ավելին քան համոզված եմ։

- Պրն Սարգսյան, Դուք հանդիսանում եք «Հայկական գինիներ» վերահրատարակվող ուղեցույցի հեղինակը։ Պատմեք դրա կիրառական նշանակության մասին եւ ի՞նչ նորություններ եք բացահայտում Ձեզ համար յուրաքանչյուր նոր հրատարակության մեջ։ Այսօր շատերն են խոսում այսպես կոչված «գինու բում»-ի մասին մեր երկրում ՝ որքանո՞վ է ուղեցույցի նոր բովանդակությունն արտահայտում այդ «բում»-ը։

- Ես հետեւում եմ հայաստանյան գինեգործության զարգացմանը այդ «բում»-ին հենց սկզբից։ Դեռ 2012-ին՝ «Ռուսական գինիներ» ուղեցույցի առաջին հրատարակությունը պատրաստելիս, Հյուրերի էջերում ներառեցի Հայաստանի ժամանակակից առաջին արժանի գինիներից մեկը՝ Zorah-ը։ Եվ արդեն մի քանի տարի հետո արժանի գինիներ հավաքվեցին «Հայկական գինիներ» առաջին գրքի համար։    


Ինձ անչափ ուրախացնում է այն ամենը, ինչ կատարվում է հայաստանյան գինեգործության ոլորտում։ Մեր աչքի առջեւ երկիրը հսկայական ճանապարհ անցավ որակյալ գինեգործության զարգացման ուղղությամբ։ Արդեն տաղանդաշատ գինեգործների, հետաքրքիր նախագծերի մեծ բազմազանություն ունենք։ Յուրաքանչյուր տարի նոր գինիներ եւ անուններ են հայտնվում։ Այսօր շատ կարեւոր է պահպանել այդ դրական տրամադրությունը, «չխեղդվել» վեճերի մեջ՝ խաղողի մթերման համար, երբ գինեգործության աճի հետ մեկտեղ գնալով ավելի հաճախ խաղողի պակաս է զգացվում, ինչպես նաեւ դատարաններում՝ անվանումների համար։ Հայաստանի գինեգործներին անհրաժեշտ է միասին զարգացնել իրենց ընդհանուր գործը, ճանաչելի դարձնել շրջանները, տեսակներն ու ոճերը։ ASEA-ն ստեղծված է հենց դրա համար։

Արթուր Սարգսյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը  
Դիտում՝ 39040
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai