Կոնվերս Բանկի նպատակն է դառնալ առաջին նախընտրության բանկը մանրածախ ոլորտում

17.11.2017 | 12:25 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Կոնվերս Բանկ #Արթուր Հակոբյան
Banks.am-ը զրուցել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արթուր Հակոբյանի հետ:

- Վերջին շրջանում բանկային հատվածում նկատվում է ֆինանսական ցուցանիշների բարելավում: Գոհացուցի՞չ են արդյոք բանկի՝ 2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ցուցանիշները, եւ ի՞նչ միտումներ են առկա ընթացիկ եռամսյակում:

- Առաջին 9 ամիսների արդյունքներից գոհ ենք. գրանցել ենք առաջանցիկ աճ բոլոր հիմնական ակտիվապասիվային ցուցանիշներով: Այսպես, տարեսկզբից Կոնվերս Բանկի ակտիվներն աճել են 22%-ով, վարկային պորտֆելը՝ 21%-ով, ավանդները՝ 17%-ով: Ընդ որում, մեկ տարվա կտրվածքով աճն ավելի տպավորիչ է եղել. ակտիվներն աճել են 34%-ով, վարկային պորտֆելը՝ 42%-ով, ավանդները՝ 31%-ով, իսկ շահույթը՝ 40%-ով:

Բանկի գրանցած զարգացումները հիմնականում պայմանավորված են 2016թ. սեպտեմբերից սկսած մեր բարեփոխումներով: Դրանով մենք լուծեցինք մեր գործառնությունների կառավարմանն առնչվող մի շարք կարեւոր խնդիրներ, նոր տարրեր մտցրինք մեր կորպորատիվ կառավարման մեջ՝ որոշումների կայացման արագություն, նախաձեռնությունների խրախուսում, ներդրեցինք նախագծային կառավարման մոդելներ եւ այլն, ինչը նպաստեց սպասարկման որակի ու պրոդուկտների մրցունակության բարձրացմանը:

Ինչ վերաբերում է ընթացիկ եռամսյակին, ապա մենք հոկտեմբերը եւս ամփոփեցինք վերջին 5 տարիների համար գործառնական եւ զուտ շահույթի ամենաբարձր ցուցանիշով: Ընդ որում, աճը եւ զարգացումը միայն թվերով չեն արտահայտվել: Կարեւոր էր նաեւ ակտիվների եւ պարտավորությունների կառուցվածքի փոփոխությունը. մեզ մոտ բավական մեծացել է դիվերսիֆիկացիայի մակարդակը, ՓՄՁ եւ մանրածախ վարկավորումն արդեն կազմում է բանկի պորտֆելի գերակշիռ մասը՝ մոտ 65%, ինչը բավական լավ ցուցանիշ է: Պորտֆելի դիվերսիֆիկացիան դրսեւորվել է նաեւ ըստ ոլորտների, արձանագրել ենք կենտրոնացվածության, ինչպես նաեւ վարկային պորտֆելում խոշոր վարկերի ծավալի նվազում: Մեր վարկային պորտֆելում արդեն էական մաս է կազմում այնպիսի բիզնես նախագծերի ֆինանսավորումը, որոնք նոր են եւ հիմնված նոր տեխնոլոգիաների վրա: Սա մեր ռազմավարությունն է եւ կշարունակվի առաջիկա տարիներին:

- Բանկային համակարգի գերիրացվելիությունը հանգեցրել է տոկոսադրույքների ընդհանուր մակարդակի անկման եւ մրցակցության սրման: Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է բարեխիղճ մրցակցությունը, եւ մինչեւ ո՞ւր կարող են նվազել տոկոսադրույքները:

- Տոկոսադրույքների անկման միտումն ակնհայտ է, եւ, իմ գնահատմամբ, այն բնականոն գործընթաց է՝ պայմանավորված ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ազդակներով եւ սկսել է ավելի վաղ, քան ԿԲ նորմատիվային պահանջի կատարման հիմնական ժամանակահատվածն էր: Տոկոսների նվազեցումը, եթե շուկայական մրցակցության արդյունք է, ապա նորմալ եւ օբյեկտիվ միտում է, որը մենք ընդհանուր առմամբ դրական ենք համարում: Իջնում են թե՛ ավանդների, թե՛ վարկերի տոկոսադրույքները, եւ բնականաբար հաստատվում է նոր հավասարակշռություն, որ համապատասխանում է առկա տնտեսական պայմաններին:

Այստեղ հարցը պետք է դիտարկել բանկային  կապիտալի շահութաբերության եւ մարժայի տեսանկյունից, ընդհանուր տնտեսական ենթատեքստում. որքան է կազմում մարժան, ինչպիսին է նրա դինամիկան եւ շահութաբերության ինչ մակարդակ է այդ մարժան թույլ տալիս ձեւավորել: Կապիտալի շահութաբերությունն ունի որոշակի մակարդակ. այն, որպես կանոն, չպետք է ցածր լինի կապիտալի ներգրավման արժեքից: Միջազգային շուկայում դրա արժեքը հստակ է, այն  ձեւավորվում է տարբեր կայացած հարթակներում:

Այսինքն, եթե բանկային համակարգում շահութաբերությունը լինի ցածր, տոկոսադրույքների նվազեցման գործընթացը կմեղմվի:  Իմ կարծիքով՝ այս միտումն արդեն իսկ առկա է:

Մյուս կողմից՝ յուրաքանչյուր  բանկ ինքն է ձեւավորում  իր արժեքային առաջարկը շուկային՝ տոկոսադրույքները եւ այլ պայմանները, եւ հստակ ունի իր գնահատականը, որը թույլ է տալիս նվազեցնել կամ բարձրացնել տոկոսադրույքները: Ըստ իս՝ այս նվազման միտումը գոնե ավանդների մասով առաջիկայում կկանգնի կամ կդանդաղի, մարժան կփոքրանա, եւ վարկի տոկոսները կկայունանան:

Տոկոսադրույքների իջեցումն իր դրական ազդեցությունն է թողնում իրական հատվածի վրա: Այն բերում է տնտեսության որոշակի աշխուժացման, բազմաթիվ բիզնես ծրագրեր, որոնք ֆինանսական միջոցների թանկության պատճառով նախկինում ձեռնտու չէին, արդեն դառնում են շահավետ: Սրա հաշվին բանկերն ունենում են նոր հաճախորդներ: Մենք հստակ տեսնում ենք, որ ձեւավորվում են նոր բիզնես ոլորտներ, որոնք հիմնված են նոր տեխնոլոգիաների վրա, եւ ամենակարեւորը՝ ձեւավորվում են դրանց ենթակառուցվածքները՝ փորձագիտական, խորհրդատվական, այլ օժանդակող կառույցներ, մասնագիտական կազմը,իսկ սա ապագա աճի նախադրյալ է:

- Բանկը սեպտեմբերին ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը: Գոհացուցի՞չ էին արդյոք արդյունքները բանկի համար, եւ պատրաստվո՞ւմ եք նոր թողարկումների:

- Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ տեղաբաշխման արդյունքները բավական գոհացուցիչ էին: Ընթացքում է երրորդ տեղաբաշխումը: Մենք փոքր ինչ դժվարացրինք խնդիրը մեր անձնակազմի համար եւ նպատակ դրեցինք հիմնական տեղաբաշխումն իրականացնել փոքր ներդրողների շրջանում՝ թիրախավորելով ազգաբնակչությանը: Բացի այդ, հիմնական տեղաբաշխումներն աշխատել ենք իրականացնել մեր մասնաճյուղերի միջոցով: Նույնիսկ այս պայմաններում մեզ մոտ պահանջարկը գերազանցեց առաջարկը, ինչը նաեւ դրական ազդակ է մեր հաջորդ թողարկումների վերաբերյալ որոշում կայացնելու համար:

Ուրախությամբ պետք է ասեմ, որ պարտատոմսերի շուկան մեզ մոտ կայանում է, կան տարբեր բանկերի թողարկումներ, որոնք ճկուն այլընտրանքային գործիք են ավանդատուների համար:

- Ի՞նչ առանձնահատկություններ ունի Կոնվերս Բանկը՝ բանկային բիզնեսի վարման տեսանկյունից: Ինչո՞վ են Ձեր մոտեցումները տարբերվում մյուս բանկերի մոտեցումներից:

- Ամեն բանկ հանդես է գալիս արժեքային իր առաջարկով, որը ձեւավորվում է հենց ներքին գործոններից ելնելով՝ բանկի պարտավորությունների եւ կապիտալի կառուցվածք, որոշ ոլորտներում ավանդաբար ձեռք բերված մրցակցային առավելություններ, հաճախորդների լոյալության մակարդակ եւ այլն: Մենք մանրածախ բանկ ենք, եւ մեր նպատակն է դառնալ մանրածախ բանկային ծառայությունների գծով առաջին նախընտրության բանկը Հայաստանում: Դրա համար անհրաժեշտ է ապահովել սպասարկման որակի բարձր մակարդակ, նոր ժամանակից պրոդուկտներ, որպեսզի հաճախորդներն իրենց հարմարավետ զգան եւ կարողանան աճել մեզ հետ:

Մեր առավելություններից է հաճախորդների լոյալության բարձր մակարդակը: Որպես օրինակ կարող եմ նշել մեր Կոնվերս Ակումբ ստորաբաժանումը, որը երկար տարիներ Հայաստանում մատուցում է բարձրակարգ անհատական բանկային ծառայություններ, եւ որը երբեք մենք չենք գովազդել:

Մենք մրցունակ ենք անհատական վարկավորման, հիփոթեքային պրոդուկտների ոլորտում: Այս տարի մենք երկրորդն ենք հիփոթեքային վարկավորման շուկայում, մեր մրցակցային առավելություններից է նաեւ քարտային բիզնեսը. դա երեւում է մեր շուկայում ներկայացվող նոր քարտային պրոդուկտներով, քարտերի քանակի աճով, գործառնությունների ավելացմամբ եւ անընդհատ նոր պրոդուկտների ներդրմամբ: Ճկուն ենք նաեւ ՓՄՁ վարկավորման ոլորտում, որի զարգացումը մեր ռազմավարական ուղղություններից է:

- Թվային տեխնոլոգիաներն ակտիվորեն մուտք են գործում կյանքի բոլոր բնագավառներ, որքանո՞վ են դրանք կիրառվում ձեր բանկում: Ըստ Ձեզ՝ ֆինտեխ ընկերությունները սպառնո՞ւմ են բանկային բիզնեսին, եւ արդիակա՞ն է արդյոք այս միտումը Հայաստանի համար:

- Թվային տեխնոլոգիաներն այսօրվա մարտահրավերն են: Կոնվերս Բանկն ավանդաբար ունի տեխնոլոգիական բանկի համբավ: Դա տարիներով ձեւավորված մեր կապիտալն է՝ մասնագետներ, պրոցեդուրաներ, որը մեզ թույլ է տալիս մշտապես հանդես գալ նորարարական առաջարկներով, նախագծել եւ առաջարկել նոր մրցունակ բանկային պրոդուկտներ: Բնականաբար, մենք ուշադիր ենք տեխնոլոգիական տենդենցներին եւ արդեն իսկ ունենք մեր գործիքակազմը. ակտիվ գործում է Կոնվերս Բանկի էլեկտրոնային վճարային պորտալը, ունենք հեռահար բանկային ծառայությունների մեր գործիքակազմը՝ ինտերնետ բանկինգ եւ մոբայլ բանկինգ, որոնց հաճախորդների քանակն անընդհատ աճում է եւ մենք տարիներ շարունակ խրախուսում ենք այդ գործիքներով գործառնությունների իրականացումը:

Ինչ վերաբերում է ֆինտեխին, ապա այն համաշխարհային միտում է, որը, միանշանակ, զարգանալու է: Ամեն դեպքում, երկարաժամկետ առումով, չեմ կարծում, թե դա սպառնալիք է բանկային համակարգի համար: Ես մի փոքր պահպանողական եմ հատկապես մեր շուկայի հարցում: Հայաստանում առկա է մոտ  2,7 մլն բանկային հաշիվ, որոնց համար մրցակցում են շուկայի  բազմաթիվ մասնակիցներ: Շատ դեպքերում բիզնեսն իրեն արդարացնում է որոշակի մասշտաբի դեպքում: Իմ գնահատմամբ՝ ֆինտեխի վրա հիմնված ցանկացած բիզնես մոդել հայաստանյան ընկերության համար կարող է հաջողակ լինել միայն դրսի շուկաներում եւս գործելու եւ դրսի հաճախորդների համար հետաքրքիր լինելու դեպքում:

Մեզ հետ համեմատելի շուկաներում, որպես կանոն, ֆինտեխ ընկերությունները վաճառվում են բանկերին կամ պայմանագրի հիման վրա ծառայություն մատուցում նրանց: Նույն մոդելը ես տեսնում եմ Հայաստանի համար: Բացի այդ, բանկերն էլ ակտիվ գործելու են առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ, ինչն անում ենք նաեւ Կոնվերս Բանկում:

- Առաջիկայի ի՞նչ ծրագրեր ունի Կոնվերս Բանկը:

- Ելնելով շուկայի զարգացումների մեր գնահատականներից՝ կարծում ենք, որ առաջիկա տարիներին՝ այս նոր բեկումնային տեխնոլոգիաների դարաշրջանում, կան մրցակցելու եւ զարգանալու անսահմանափակ հնարավորություններ: Տեխնոլոգիաները փոխվում են, փոխվում են նաեւ շուկաները: Այս առումով մենք տեսնում ենք, որ զարգացման առաջանցիկ տեմպերի հնարավորություններ դեռեւս կան: Առաջիկա տարիների համար մեր ռազմավարությունը հիմնված է լինելու բնականոն, օրգանիկ զարգացման վրա, սակայն շարունակելու ենք բաց լինել ցանկացած հնարավորություն եւ առաջարկ քննարկելու համար:

Բանկի մենեջմենթը շատ ակտիվ գործակցում է հիմնական բաժնետիրոջ՝ Էդուարդո Էռնեկյանի թիմի հետ: Այս առումով մենք ունենք շատ լավ աջակցություն նոր պրոդուկտների նախագծման եւ, ընդհանրապես, բանկինգի եւ կառավարման ժամանակից մոտեցումների կիրառման համար: Համատեղ աշխատում ենք մի շարք ծրագրերի ուղղությամբ, որոնք նորություն կլինեն մեր շուկայում:

Բանկի պարտավորությունների կազմում միջազգային ներգրավումը բավական փոքր մաս է կազմում: Դա ես դիտում եմ որպես չիրագործված պոտենցիալ: Արդեն սկսել ենք տարբեր միջազգային ֆինանսական կառույցների հետ բանակցություններ վարել, որոշ դեպքերում՝ մոտեցել ենք ավարտական փուլին: Այս միջոցները նախատեսում ենք ուղղել փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը՝ հիմնականում կանաչ վարկավորման եւ էներգաարդյունավետ ծրագրերի միջոցով: Մեզ համար ոչ այնքան կարեւոր է միջոցների ներգրավումը (ունենք բավարար միջոցներ), որքան հենց վարկավորման եւ ռիսկերի գնահատման տեխնոլոգիան: Միջազգային կառույցների հետ ծրագրերի իրականացման արդյունքում կունենանք նոր տեխնոլոգիաներ, վերապատրաստված անձնակազմ, խողովակներ՝ հետագա վարկավորման համար: Սա նաեւ թույլ կտա ավելի դիվերսիֆիկացնել մեր պարտավորությունները:

Արդեն սկսել ենք աշխատանքներ տանել մասնավոր-հանրային համագործակցության շրջանակում ֆինանսական նոր պրոդուկտների մշակման ուղղությամբ: Կառավարության կողմից գերակա ոլորտներում իրականացվող աջակցության ծրագրերում մենք՝ որպես խոշոր, համակարգային բանկ, փորձում ենք մեր ակտիվ դերակատարումն ունենալ:

Շարունակելու ենք իրականացնել տարատեսակ խրախուսական արշավներ, հովանավորչական ծրագրեր: Սա անընդհատ գործընթաց է եւ ուղղված է հաճախորդների հետ մեր երկարաժամկետ հարաբերությունների ամրապնդմանը:

Արթուր Հակոբյանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը
Դիտում՝ 73253
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai