Հայէկոնոմբանկի առաջնահերթությունը կլինի ՓՄՁ-ների ֆինանսավորումը

03.11.2017 | 09:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Հայէկոնոմբանկ #Արամ Խաչատրյան
Banks.am-ը զրուցել է Հայէկոնոմբանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Արամ Խաչատրյանի հետ:

- Պրն Խաչատրյան, բանկն ամփոփել է երրորդ եռամսյակի ֆինանսական ցուցանիշները: Որքանո՞վ են գոհացուցիչ գրանցված արդյունքները Ձեզ համար:

- Երրորդ եռամսյակի մեր ցուցանիշների դինամիկան բավական տպավորիչ է:  Գրանցել ենք ակտիվների 22,1% աճ. ընդ որում, այս ցուցանիշով եղել ենք առաջատարը բանկային համակարգում:

Ակտիվների այսպիսի աճը հիմնականում պայմանավորված է եղել վարկային ներդրումների 7,94% ավելացմամբ՝ մասամբ կապված պարտավորությունների աճի հետ: Ունեցել ենք զգալի ավանդային ներգրավումներ, ինչը վկայում է բանկի նկատմամբ հաճախորդների վստահության բարձրացման մասին: Հաճախորդների նկատմամբ ցպահանջ եւ ժամկետային պարտավորություններն այս եռամսյակի դրությամբ ավելացել են 8,51%-ով: Ունեցել ենք զգալի ներգրավումներ նաեւ ֆինանսական կազմակերպություններից:

Պետք է նշեմ, որ տոկոսադրույքների ընդհանուր մակարդակի անկմանը զուգընթաց՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ բանկերի համար ավելի նպատակահարմար է դարձել տեղական շուկայից, քան միջազգային կառույցներից ներգրավումը, այսինքն՝ ավանդները դարձել են ավելի մրցունակ եւ գրավիչ բանկերի համար:

Ինչ վերաբերում է կապիտալին, ապա այն հաշվետու ժամանակաշրջանում աճել է 2,52%-ով:

Եռամսյակը հաջող էր նաեւ շահութաբերության առումով. գրանցել ենք շահույթի մոտ 771% աճ (նախորդ եռամսյակի համեմատ), այն դեպքում, երբ շուկայում ցուցանիշի միջին աճը կազմել էր 19,5%: Սա նպաստել է ակտիվների եւ կապիտալի շահութաբերության ցուցանիշների էական բարելավմանը:

Հիմնական ցուցանիշներից կարող եմ առանձնացնել տոկոսային եկամուտները, որոնց աճի միջին տեմպը շուկայում եղել է 0,53%, մինչդեռ մեզ մոտ այն կազմել է 5,86%: Դրան զուգընթաց՝ 4,19%-ով աճել են մեր տոկոսային ծախսերը՝ պայմանավորված նոր ներգրավումներով: Ընդհանուր առմամբ, զուտ տոկոսային եկամուտները Հայէկոնոմբանկում աճել են 7,64%-ով՝ շուկայի 3,24%-ի համեմատ:

Եռամսյակի ընթացքում ունեցել ենք խնդրահարույց ակտիվների գծով մասհանումների վերադարձ. ճիշտ է, թվային արտահայտությամբ դա այնքան էլ մեծ չէ, սակայն վկայում է դրական դինամիկայի մասին:

Հայէկոնոմբանկն ավանդաբար պահպանում է չաշխատող ակտիվների ցածր մակարդակը (ներկայում՝ 2,03%), ինչը մեզ միշտ հպարտանալու առիթ է տվել, եւ այն պահպանելու համար բավական մեծ ջանքեր ենք ներդնում:
 
- Վերջին շրջանում Հայէկոնոմբանկի հետ կապված թերեւս ամենաուշագրավ իրադարձությունը ԲՏԱ Բանկի ձեռքբերումն էր: Որքանո՞վ էր սահուն միացման գործընթացը: Կա՞ն արդյոք նոր բանկ ձեռք բերելու ծրագրեր:

- ԲՏԱ Բանկի միացումը Հայէկոնոմբանկին բավական բարդ գործընթաց էր այն իմաստով, որ նոր երեւույթ էր բանկային համակարգում: Տեղական շուկայում բացակայում էր նման պրակտիկան, չկային համապատասխան մասնագետներ, որոնք տիրապետում էին այդ ամբողջ գործիքակազմին: Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց պատվով դուրս գալ եւ ավարտին հասցնել գործարքը:

Վերջինս լրիվ դասական միավորում էր՝ իրեն բնորոշ բարդություններով: Ընդհանուր առմամբ, այն բավական եկամտաբեր գործարք էր մեզ համար, որը դրական անդրադարձավ ինչպես եկամուտների զուտ արժեքի, այնպես էլ պրոդուկտների վրա: Մեզ համար այս գործարքը հատկապես գրավիչ էր նրանով, որ Հայէկոնոմբանկում այդքան էլ զարգացած չէին մանրածախ բիզնեսի եւ սպառողական ոլորտի վարկավորման ուղղությունները, որոնք լավ ներդրված էին ԲՏԱ Բանկում: Վերջինս տիրապետում էր զարգացած ենթակառուցվածքների եւ ուներ լավ մշակված պրոդուկտներ: Միացման արդյունքում ձեւավորվեց ավելի օպտիմալ եւ եկամտաբեր բիզնես:

Կարծում եմ՝ կապիտալիզացիայի գործընթացը բանկային համակարգում շարունակվելու է՝ իր հետ բերելով բանկային այլ միացումներ: Մենք փակ չենք նոր գործարքների համար եւ մշտապես պատրաստ ենք դիտարկել հետաքրքիր առաջարկներ:

- Հայէկոնոմբանկը վերջերս հայտարարել էր պարտատոմսերի թողարկման մասին: Արդյոք նպատակը լրացուցիչ միջոցների ներգրավո՞ւմն է, թե՞ բանկն ունի պարտավորությունների պորտֆելի դիվերսիֆիկացման խնդիր:

- Բանկերի, այդ թվում՝ Հայէկոնոմբանկի համար պարտատոմսերի թողարկումը գրավիչ է մի քանի առումով, որոնցից մեկը Ձեր նշած պարտավորությունների պորտֆելի դիվերսիֆիկացիան է: Բացի այդ, այս գործիքը թույլ է տալիս կրճատել միջոցների ներգրավման ծախսատարությունը՝ կապված դրանց դեպքում պարտադիր պահուստավորման մեղմ պահանջի հետ: Ներգրավված միջոցների ծախսատարությունն է թելադրում առաջարկվող ակտիվի արժեքը, եւ այսօր այն բանկը, որը կարողանում է միջոցներ ներգրավել ցածր տոկոսադրույքներով, առավել մրցունակ է դառնում շուկայում:

Թողարկելով պարտատոմսեր՝ մենք նպատակ ունենք քայլելու շուկային համընթաց եւ բավարարելու հաճախորդների մոտ արդեն ձեւավորված պահանջարկը: Ի զարմանս մեզ՝ այդ պահանջարկը շատ ավելի մեծ էր, քան պատկերացնում էինք. արդյունքում, հայտարարելուց հետո շատ կարճ ժամանակում գրեթե ամբողջական տեղաբաշխում իրականացրինք: Հաշվի առնելով առկա հետաքրքրությունը՝ առաջիկայում նոր թողարկում ենք նախատեսում:

Պետք է նշեմ, որ բանկային համակարգում ներկայում առկա է ակտիվների որոշակի ավելորդ իրացվելիություն, ինչը, ըստ իս, ժամանակավոր երեւույթ է եւ կսպառվի տնտեսության աճին զուգընթաց:

- Պրն Խաչատրյան, դուք վերջերս եք ստանձնել Հայէկոնոմբանկի ղեկավարի պաշտոնը: Ի՞նչ նոր մոտեցումներ եք կիրառում բանկում:

- Հայէկոնոմբանկն ունի մի շարք հատկանիշներ, որոնցով առանձնանում է հայաստանյան բանկային համակարգում. այն ավանդական բանկ է, ձգտում է առավելագույնս մոտ գտնվել հաճախորդին, գնալ վերջինիս պահանջներին ընդառաջ:

Նոր մոտեցումների մասով կարող եմ ասել, որ պատրաստվում ենք էլ ավելի կենտրոնանալ հստակ ռազմավարությամբ առաջնորդվելու մեր գործելաոճի վրա՝ շեշտադրելով մանրածախ բիզնեսի զարգացումը: Վերջինս, ինչպես գիտեք, տնտեսության առաջնահերթ շարժիչ ուժն է. այն եկամտաբեր է մեզ համար եւ, միաժամանակ, երկրում ապահովում է տնտեսական ակտիվություն: Հայէկոնոմբանկը նպատակ ունի պահպանել եւ ավելացնել իր դերը տնտեսության զարգացման եւ կայունացման գործում: Մեր ռազմավարությունը փորձում ենք կառուցել այնպես, որ օգնենք եւ հովանավորենք տնտեսվարողներին՝ կայանալու իրենց բիզնեսում: Մեզ համար առաջնահերթություն է լինելու ՓՄՁ-ների ֆինանսավորումը:

- Առաջիկայի ի՞նչ ծրագրեր ունեք եւ ի՞նչ ակնկալիքներ կան այս տարվանից:

-  Ծրագրերի շարքում կարող եմ առանձնացնել նոր տեխնոլոգիաների ներդրումը, որի մասին բազմիցս նշել ենք: Սա շատ կարեւոր ուղղություն է, որով շարժվում է ամբողջ աշխարհը: Մենք եւս անմասն չենք մնալու այս զարգացումներից, արդեն որոշակի քայլեր ձեռնարկել ենք եւ առաջիկայում նախատեսում ենք ունենալ բանկային բարձրակարգ սպասարկում նաեւ թվային հարթակներում:

Բազմաթիվ ծրագրեր ունենք նոր պրոդուկտների գործարկման մասով. թարմացնելու ենք մեր ծառայությունների տեսականին՝ էլ ավելի մոտ դառնալու հաճախորդներին:

Ինչ վերաբերում է այս տարվա մեր սպասելիքներին, ապա ակնկալում ենք տարին ամփոփել էական շահույթով, ցուցանիշների եւ ընդհանուր բանկի շահութաբերության մակարդակի բարձրացմամբ, ինչպես նաեւ որոշակի դրական փոփոխություններ արձանագրել սպասարկման ոլորտում՝ բարելավելով հաճախորդների գոհունակության մակարդակը: Մեզ համար ամենակարեւոր գնահատականը հաճախորդի վերաբերմունքն է բանկի նկատմամբ, եւ անելու ենք ամեն ինչ՝ հաճախորդի պահանջմունքներն առավելագույնս բավարարելու համար, քանի որ հավատարիմ ենք մեր սկզբունքներին եւ հանդիսանում ենք դեպի հաճախորդը կողմնորոշում ունեցող բանկ:

Արամ Խաչատրյանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը
Դիտում՝ 30403
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai