Վազգեն Գեւորկյան. Evocabank-ը նոր իրականություն է ստեղծում

16.09.2017 | 14:12 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Վազգեն Գեւորկյան #Evocabank #Mobile First
Նախօրեին Պրոմեթեյ Բանկը հայտարարեց ռեբրենդինգի մասին՝ ներկայացնելով իր նոր ռազմավարությունն ու նոր բրենդը՝ Evocabank-ը: Բանկի բաժնետեր Վազգեն Գեւորկյանը Banks.am-ին տված բացառիկ հարցազրույցում պատմում է մեկնարկած փոփոխությունների եւ բանկի հետագա ծրագրերի մասին:

-Պրն Գեւորկյան, յուրաքանչյուր փոփոխություն՝ այն էլ բիզնեսում, ենթադրում է որոշակի ռիսկեր. մի բան է նախաձեռնել փոփոխություններ, մեկ այլ բան՝ ղեկավարել դրանք: Այս առումով՝ ինչո՞վ էր պայմանավորված Ձեր որոշումը՝ փոխելու բանկի «դեմքը» եւ ի՞նչ առաջնահերթ քայլեր եք նախատեսում՝ մեկնարկային դիրքերն ամրապնդելու համար:

- Մեզ շրջապատող աշխարհը կտրուկ փոխվում է: Այն ամենը, ինչ ընդամենը մի քանի տարի առաջ հեռավոր ապագա էր թվում, այսօր արդեն մեր առօրյա կյանքի մի մասն է: Ապագան գալիս է արդեն այսօր: Աշխարհը թվայնացվում է, եւ մենք պետք է պատրաստ լինենք դրան: Մենք պետք է գիտակցենք նոր իրականության բոլոր մարտահրավերները եւ փորձենք առավելագույնս օգտվել նոր փոփոխությունների ընձեռած հնարավորություններից:

Բանկում նախաձեռնված փոփոխությունները պարզապես «դեմքի պլաստիկ վիրահատություն չեն»: Այն ներառում է առավել խոր շերտեր: Մենք փոխում ենք ոչ միայն բանկի անվանումը, այլեւ ձեւաչափը, բիզնեսի վարման մեր մոդելը:

Այսուհետ բանկն իր գործունեությունը ծավալելու է Mobile First (առաջին հերթին՝ մոբայլ) ձեւաչափով: Այն ենթադրում է, որ բանկի բոլոր նոր պրոդուկտներն ու ծառայությունները կմշակվեն այնպես, որ ապահովվի դրանց հասանելիությունը եւ բանկային արագ ու որակյալ սպասարկումը կապի հեռահար ծառայությունների, առաջին հերթին՝ մոբայլ հավելվածի միջոցով: Իհարկե, բոլոր ծառայությունները հասանելի կլինեն նաեւ սպասարկման offline եղանակներով, սակայն պրոդուկտների մշակումը, առաջին հերթին, պետք է ապահովի հավելվածի միջոցով օգտվելու հարմարավետություն: Մեր գլխավոր նպատակն է հասնել այնպիսի մակարդակի, որ բանկի բացառապես բոլոր պրոդուկտներից եւ ծառայություններից հնարավոր լինի օգտվել հեռահար՝ առանց բանկ այցելելու անհրաժեշտության:

Տեղեկանք

Վազգեն Սիմոնի Գեւորկյան

Ռուսաստանցի գործարար, «Պրոմեթեյ Բանկ» ՓԲԸ-ի (Էվոկաբանկ) վերահսկող բաժնետեր

Ծնվել է 1971թ. հունիսի 5-ին Արագածոտնի մարզի Օշական գյուղում: 1988թ. ավարտել է Երեւանի Գայի անվան № 129 դպրոցը: Բարձրագույն կրթությունը ստացել է Երեւանի պետական համալսարանի Երկրաբանական ֆակուլտետում: 1993թ. ընդունվել է ՌԴ կառավարությանն առընթեր Ժողովրդական տնտեսության ակադեմիա՝ 1998թ. ավարտելով այն «Կորպորատիվ կառավարման ժամանակից մեթոդները» մասնագիտությամբ: 2003թ. ավարտել է նույն ակադեմիայի ասպիրանտուրան, պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը՝ ստանալով տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2008թ. ստացել է MBA որակավորում:

Ազատ տիրապետում է հայերենին, ռուսերենին եւ անգլերենին:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 20 տարեկանում՝ «Պրոմեթեյ» ԲԸ-ում (Երեւան)՝ սանտեխնիկայի եւ կենցաղային էլեկտրատեխնիկայի արտադրման գործարանի վարպետի պաշտոնից:

1994թ. տեղափոխվել է «ԶՆԳՍ-Պրոմեթեյ» ԲԲԸ մոսկովյան ներկայացուցչություն՝ որպես արտասահմանյան ընկերությունների հետ աշխատող մասնագետ: 10 տարվա ընթացքում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ, իսկ 2001թ. նշանակվել ընկերության Խորհրդի նախագահի տեղակալ:

2003թ. ստանձնել է «Զակնեֆտեգազստրոյ Պրոմեթեյ» ՍՊԸ-ի (Մոսկվա) գլխավոր տնօրենի պաշտոնը: 2004-ից «Զակնեֆտեգազստրոյ Պրոմեթեյ» ՍՊԸ-ի Տնօրենների խորհրդի նախագահն է:

«Զակնեֆտեգազստրոյ Պրոմեթեյ» ՍՊԸ-ի (Մոսկվա), «Պրոմեթեյ-Սիթի» ՍՊԸ-ի (Մոսկվա) եւ «ԶՆԳՍ-Պրոմեթեյ» ԲԲԸ-ի (Երեւան) վերահսկող բաժնետերն է:

Վերջին երկու ընկերություններին, ընդհանուր առմամբ, բաժին է ընկնում Պրոմեթեյ Բանկի (Էվոկաբանկ) բաժնետոմսերի 96,87%-ը, իսկ Վազգեն Գեւորկյանին՝ 3,13%-ը:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Այս նպատակով հոկտեմբերի 1-ից գործարկում ենք մեր նոր հավելվածը՝ EvocaTouch, որն ունի ավելի մեծ գործիքակազմ եւ հնարավորություններ: Օրինակ՝ այս հավելվածից օգտվելու համար պարտադիր չէ լինել մեր բանկի հաճախորդ: EvocaTouch-ն ավտոնոմ ռեժիմում կաշխատի որպես վճարային տերմինալ՝ ցանկացած բանկի քարտատիրոջ համար:

Միեւնույն ժամանակ, մինչ օրս բանկային հավելվածի գրանցման մոդելն անցնում էր բանկից դեպի բջջային հեռախոս, այսինքն՝ հաճախորդն այցելում էր բանկի մասնաճյուղ, դառնում բանկի հաճախորդ, ստանում հավելվածից օգտվելու հնարավորություն եւ միայն հետո սկսում օգտվել դրանից: Մենք փոխում ենք տրամաբանությունը. այսուհետ, ներբեռնելով հավելվածը, օգտատերը հեռախոսի միջոցով անցնում է բանկ: Առանց բանկ այցելելու ներբեռնելով հավելվածը՝ օգտատերը հնարավորություն է ստանում միանգամից դառնալ բանկի հաճախորդ՝ ուղարկելով առցանց հայտ:

Համաձայնեք, մեր կյանքի ցանկացած էական փոփոխության հիմքում ընկած է այս կամ այն տեխնոլոգիան: Տեխնոլոգիաներն աշխարհը «պահում են» տրանսֆորմացիայի մշտական գործընթացի մեջ: Ցանկացած իր վերածվում է ինչ-որ ավելի մեծ բանի՝ գաղափարից իրականություն դառնալու ճանապարհին: Երբեւէ որեւէ բան լիարժեք պատրաստ չի լինում: Փոփոխությունների այս անվերջանալի հոսքին մենք ականատես ենք լինում մարդկության ամբողջ պատմության ընթացքում՝ սկսած անիվի գյուտից, Ֆորդի հոսքագծից եւ այլն: Եվ այս ամենը՝ հանուն աշխատանքի պարզեցման եւ ավելի հարմարավետ կյանքի: Չէ՞ որ մարդը ծույլ էակ է. հավերժական երկընտրանք կա՝ ինչպես քիչ աշխատել, բայց լավ ապրել (ծիծաղում է-խմբ.):

Մենք եւս ամեն օր փոխվում ենք, անընդհատ փորձում ինչ-որ բան բարելավել, հասցնել կատարելության: Նույն երեւույթը նաեւ բանկային բիզնեսում է: Մենք փորձում ենք կատարելագործել մեր ծառայությունները, դրանք դարձնել առավելագույնս հարմար օգտագործման համար: Եվ այդ գործում մենք կանգ չենք առնելու: Կատարելագործման գործընթացը մշտական բնույթ է կրելու: Աշխարհում կիրառվող տեխնոլոգիական բոլոր նոր լուծումները հասանելի կդառնան նաեւ մեր հաճախորդներին:

Դիրքերն ամրապնդելու նպատակով մենք գործարկում ենք EvocaTouch հավելվածի առաջմղման մասշտաբային արշավ: Մեր նպատակն է ապահովել հավելվածի հնարավորինս շատ բեռնումներ եւ հավելվածի միջոցով քարտերի պատվիրում: Քարտը կարող է առաքվել Հայաստանի ցանկացած բնակավայր: Մարդուն բնորոշ է հարմարավետության ձգտումը: Մեր առաջարկած ծառայությունները բավական հարմարավետ են, չեն պահանջում ավելորդ ջանքեր. դրանք պարզ են, արագ եւ հարմար: Համոզված ենք, որ մոբայլ բանկային ծառայություններից օգտվելու մշակույթը Հայաստանում կարմատավորվի շատ ավելի արագ, քան նախկինում կարծում էինք:

- Ինչպե՞ս է որոշվել բանկի նոր անվանումը՝ ինչո՞ւ հենց Evocabank: Ընդհանուր առմամբ, որքանո՞վ էր աշխատատար ռեբրենդինգի գործընթացը, ո՞ւմ էր այն վստահված եւ ի՞նչ խորհուրդ ունեն դիզայնի նոր էլեմենտները:

- Evocabank անունը բխում է evolution՝ էվոլյուցիա եւ evoke՝ արթնացնել բառերից: Վերջերս էլ ականջիս հասել է, թե ոմանք նոր անվանման մեջ փորձում են իմ ազգանվան հետ նմանություն գտնել (ծիծաղում է- խմբ.):

Նոր դիզայնը մշակված է նորագույն տեխնոլոգիաների հետ ասոցացվող գույներով՝ սպիտակը խորհրդանշում է նորը, մոխրագույնը՝ տեխնոլոգիաները եւ էլեկտրիկ մանուշակագույնը՝ նորարարությունը: Լոգոտիպն իրենից ներկայացնում է բրենդավորված V տառ՝ բարձունքի տեսքով՝ ուղղված աջ եւ վերեւ:

Ամբողջական ռեբրենդինգի գործընթացը, իհարկե, աշխատատար է եւ պահանջում է մարդկային եւ նյութական ահռելի ռեսուրսներ: Այս գործընթացում մեզ շատ գործընկերներ են աջակցել՝ ռուսաստանյան, եվրոպական, հայաստանյան: Փորձել ենք յուրաքանչյուրի հետ համագործակցել այն ոլորտում, որում նա կապահովի լավագույն արդյունքը:

Լոգոն մշակվել է ռուսական ընկերության հետ, բրենդբուքը՝ հայկական: Մյուս ընկերության հետ պատրաստել ենք ստեղծարար մասը, երրորդի հետ՝ այս կամ այն առաջադրանքի անմիջական կատարումը: Տեխնոլոգիական լուծումների մասով համագործակցել ենք եվրոպական եւ ամերիկյան գործընկերների հետ: Անցել ենք բավական երկար, աշխատատար, ոչ միշտ հարթ ճանապարհ եւ արդեն հասել ենք նոր մեկնակետի:

Վազգեն Գեւորկյանը

Ռեբրենդինգի գործընթացը չեմ համարում ավարտված: Անվան եւ լոգոտիպի փոփոխությանն ու նոր բիզնես մոդելին զուգահեռ՝ ռեբրենդինգի ամենագլխավոր գործընթացը համարում եմ սեփական ռեբրենդինգը՝ փոփոխությունների գործընթացում անմիջականորեն ներգրավված մարդկանց մտքերի, ուղեղների, մտածողության եւ աշխատանքի հանդեպ մոտեցումների ռեբրենդինգը: Խոսքը բանկի ղեկավարության, աշխատակիցների, գործընկերների, ընկերների ու համախոհների մասին է:

Մենք մեզ համար բավական բարձր նշաձող ենք սահմանել: Բանկի բոլոր աշխատակիցներն անցնում են սեփական ռեբրենդինգը: Մենք աշխատում ենք բոլորի հետ՝ ապահովելու բանկի ռազմավարական նոր ուղղության, նոր գործընթացների, սպասումների եւ պահանջների առավելագույնս ըմբռնում...

- Բանկն ունի երկարամյա պատմություն ավանդական բանկինգի ոլորտում՝ այժմ Դուք մտադիր եք ամեն ինչ սկսել նո՞ր էջից, թե՞ նախկին փորձն այս կամ այն չափով, այդուհանդերձ, հաշվի կառնվի:

- Մաքուր էջից սկսել, իհարկե, չենք պատրաստվում: Մենք բավական գեղեցիկ պատկեր ունենք թղթի վրա, ինչո՞ւ այն ջնջել (ծիծաղում է - խմբ.): Գրեթե երեք տասնամյակ բանկը վարել է բավական հաջողված գործունեություն: Բոլոր այս տարիներին մենք աշխատել ենք զգալի շահույթով՝ ապահովելով կայուն աճ բոլոր ֆինանսական ցուցանիշների մասով:

Ինչպես ցույց է տալիս մարդկության զարգացման պատմությունը, բոլոր ժամանակներում հաղթող է դուրս գալիս նա, ով ավելի լավ եւ արագ է հարմարվում գլոբալ փոփոխություններին, այդ թվում՝ տնտեսական:

Նոր իրականության պայմաններում անհրաժեշտ է տասնամյակներով կուտակած ամբողջ փորձն ու գիտելիքները ճիշտ ուղղությամբ ուղղորդել՝ հաշվի առնելով աշխարհում, ֆինանսական ոլորտում կատարվող բոլոր փոփոխությունները, այդ թվում՝ կապված հաճախորդների վարքագծի, տեխնոլոգիական զարգացման վերաբերյալ մեր կանխատեսումների, ակնկալիքների եւ ընթացիկ միտումների հետ:

- Բայց եւ այնպես, համաձայն որոշ հետազոտությունների՝ ադապտացվելով նորարարություններին, բանկերը գերագնահատում են հաճախորդների պատրաստակամությունը` հրաժարվելու ավանդական բանկինգից: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հարցը՝ հաշվի առնելով Ձեր բանկի թիրախային լսարանը:

- Նախ, եկեք պարզենք «ավանդական բանկինգ» հասկացությունը: Այն բանկինգը, որի մասին Դուք խոսում եք, մի քանի տարի առաջ չէր կարող համարվել ավանդական: Ընդամենը 20 տարի առաջ «ավանդական բանկինգ» հասկացությունը Հայաստանում չէր ենթադրում վճարային քարտերի եւ բանկոմատների առօրյա կիրառություն: Երկրում պրոցեսինգային կենտրոնների մասին խոսք անգամ չկար: Եթե չեմ սխալվում, Երեւանում առաջին բանկոմատը տեղադրվել է 1997-ին: Եվ այն ժամանակ կարծում էին, թե վճարային քարտերը տարածում չեն գտնի Հայաստանում՝ հաշվի առնելով մեր մենթալիտետն ու կանխիկի զգալի շրջանառությունը, այդ թվում՝ ստվերային: Իսկ ի՞նչ պատկեր ունենք այսօր այս ոլորտներում: Վճարային տերմինալները միայն մի քանի տարի առաջ են սկսել օգտագործվել բանկերի կողմից: Կարծիք կար, թե մարդիկ չեն վստահի մետաղական մեքենաներին իրենց թանկարժեք թղթադրամները: Իսկ ի՞նչ ունենք այսօր: Ինչի՞ մասին է խոսքը: Գիտեք, ցանկացած նոր բան միշտ թերահավատությամբ է ընդունվում. ժամանակին մարդիկ չէին շտապում կառքը փոխարինել մեքենայով:

Թվային տեխնոլոգիաների տարածմամբ ավանդական բանկինգն անընդհատ փոխում է իր բնութագիրը: Անկանխիկ հաշվարկները լայն տարածում են ստացել: Օրինակ, Շվեդիայի խոշոր բանկերի մասնաճյուղերում գործնականում բացակայում են կանխիկով գործարքները: Նույն Շվեդիայում քարտային վճարում սկսել են ընդունել անգամ Ստոկհոլմի մուրացկանները, քանի որ անցորդների մեծ մասն այլեւս կանխիկ գումար չի պահում:

Սրանք իրական քայլեր են՝ ուղղված անկանխիկ հասարակությանը:

Եթե վերադառնանք ուսումնասիրությունների հարցին, ապա ձեռքի տակ ունեմ բավական հեղինակավոր Accenture ընկերության իրականացրած հարցումների արդյունքները, համաձայն որոնց՝ բանկերի եւ ապահովագրական ընկերությունների հաճախորդների մեկ երրորդը հնարավորության դեպքում պատրաստ է իր հաշիվները տեղափոխել Google, Amazon եւ Facebook:

Ներկայիս աշխարհում բանկերը չեն մրցակցում բանկերի հետ: Իմ պատկերացմամբ՝ բանկերի հիմնական մրցակիցները տեխնոլոգիական հսկաներն են, սոցիալական ցանցերն ու առցանց հարթակները: Հենց նրանք են բանկային հատվածի իրական սպառնալիքը:

Apple-ն ու Samsung-ը հնարավորինս զարգացնում են իրենց վճարային ծառայությունները՝ Apple Pay-ն ու Samsung Pay-ը: Facebook Payments International-ն ունի եվրոպական բոլոր երկրներում էլեկտրոնային վճարումներ իրականացնելու արտոնագիր: Amazon-ն ունի ինչպես սեփական վարկային՝ Amazon Lending, այնպես էլ վճարային ծառայությունը՝ Pay with Amazon: Միայն Չինաստանում կես միլիարդ օգտատեր ունեցող Ant Financial ընկերությունը՝ Alibaba-ի ֆինանսական բաժանմունքը, Հարավարեւելյան Ասիայում բանկային գործունեություն  ծավալելու արտոնագիր ունի, այժմ էլ ցանկանում է ընդլայնվել Եվրոպայում: Շարունակե՞մ (ծիծաղում է - խմբ.):

Եվ սա ոչ թե ֆանտաստիկա է, այլ մեր նոր իրականությունը: Այս ֆոնին բրիտանական, ամերիկյան եւ անգամ ռուսական բանկերը փակում են իրենց մասնաճյուղերը: Վերջին 2 տարում բրիտանական բանկերը փակել են 1000 մասնաճյուղ: Սբերբանկը մեկ տարում կրճատել է 1,3 հազ. մասնաճյուղ: Հասկանալի է, որ բանկերն այս փուլում մտադիր չեն ամբողջությամբ հրաժարվել մասնաճյուղերից, սակայն դրանց ձեւաչափը զգալիորեն փոփոխվում է:

Այն ուսումնասիրությունների համաձայն, որոնց ես հակված եմ վստահելու, 2021թ. ավելի քան 2 մլրդ բջջային օգտատեր, որը կազմում է երկրագնդի հասուն բնակչության մեկ երրորդից ավելին, իր հեռախոսը կօգտագործի բանկային գործարքների համար, մինչդեռ այս տարի այդ ցուցանիշը 1,2 մլրդ էր:

- Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում այսուհետ աշխատանքը խոշոր կորպորատիվ հաճախորդների հետ:

- Հրաշալի պատկերացնում եմ: Մենք ավելացնում ենք նոր ծառայություններ, ձեւափոխում արդեն ունեցածները, ընդլայնում գործիքակազմն ու հնարավորությունները: EvocaTouch ծրագիրն ունիվերսալ է, նախատեսված է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար: Գործարքը կարելի է սկսել մի սարքավորումով, շարունակել՝ երկրորդով, եւ վերջացնել՝ երրորդով: Օրինակ, ընկերության հաշվապահությունը կարող է վճարային հանձնարարական կազմել իր գրասենյակից, ֆինանսական տնօրենը կարող է այն հաստատել իր սմարթֆոնով, իսկ ընկերության ղեկավարը՝ վերջնական հաստատել իր պլանշետով: Այնպես որ, կորպորատիվ հաճախորդների մասով մենք արդեն ունեցած ծառայությունները կհամալրենք եւ առավելագույնս հարմարավետ կդարձնենք:

- Ֆինտեխի ներդրման հետ կապված ծրագրերն ու նշմարվող քայլերը հայաստանյան բանկերի կողմից դիտարկվում են որպես հիմնական մրցակցային առավելություն: Ինչպիսի՞ն է լինելու Ձեր այցեքարտը տեխնոլոգիական մրցակցության ասպարեզում:

- Նորագույն, այդ թվում՝ ֆինանսական տեխնոլոգիաների ներդրումը չեմ համարում մրցակցային առավելություն: Դա անհրաժեշտություն է: Հակառակ դեպքում, ժամանակին փոփոխությունների անխուսափելիությունը չգիտակցած բանկերի անունները հնարավոր կլինի տեսնել միայն արխիվային տեղեկագրերում:

Իմ պատկերացմամբ՝ ֆինտեխի ներդրումը առաջին հերթին հարմարավետություն է, 24/7 ռեժիմով հասանելիություն, նվազագույն բյուրոկրատիա, ծառայությունների տրամադրում եւ ընդլայնում, որոնք արդեն դուրս են եկել ավանդական բանկային եւ ֆինանսական ոլորտներում ընդունված շրջանակից:

Իսկ գիտե՞ք, որ 2019թ. Ռուսաստանում անձնագիր կարելի է ստանալ Սբերբանկի մասնաճյուղերում, կամ որ Սինգապուրում բացակայում է թղթային փաստաթղթաշրջանառությունը: Վերջին անգամ ե՞րբ եք գնել ինքնաթիռի տոմս ավիակասսայից:

Կամ գիտե՞ք, որ չինական WeChat մեսենջերը, որն ունի ամսական շուրջ 1 մլրդ ակտիվ օգտատերեր, ստեղծել է հարթակ, որտեղ ներառված է գրեթե այն ամենը, ինչ անհրաժեշտ է մարդուն՝ գրանցվել բժշկի մոտ, տաքսի պատվիրել, ոստիկանությանը հայտնել դեպքի մասին, գնել ավիատոմս կամ կինոյի տոմս, պատվիրել սննդի առաքում եւ այլն:

Օրինակները շատ են: Ֆինտեխի ներդրման հնարավորություններն ու ոլորտները՝ եւս: Հայաստանյան շուկան հասունացել է եւ պատրաստ է ընդունել այն լուծումները, որոնք մարդկանց կյանքն ավելի հարմարավետ կդարձնեն:

- Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում բանկային համակարգի եւ հայաստանյան ՏՏ ընկերությունների համագործակցության առումով: Ի՞նչ եք կարծում՝ կկարողանա՞ն արդյոք ֆինտեխ ստարտափները միջնաժամկետ ապագայում դառնալ նորարարական լուծումների մատակարար բանկային հատվածի համար:

- Մի քանի ամիս առաջ բանկը մասնակցում էր «Ֆինտեխ եւ բանկինգ. համակեցությո՞ւն, թե՞ դիմակայություն» թեմայով կոնֆերանսի: Կարո՞ղ է արդյոք ֆինտեխը մրցակցել ավանդական բանկինգի հետ: Տարբեր գնահատականներով՝ աշխարհում արդեն շուրջ 10 հազ. ֆինտեխ ստարտափներ կան, եւ այդ թիվն անընդհատ աճում է: Ամեն դեպքում, ֆինտեխ արդյունաբերության ներկայացուցիչները կարծում են, որ նոր տեխնոլոգիաները պահանջված են դառնում ոչ այդքան արագ, իսկ ավանդական բանկինգը բավական դանդաղ է ներդնում ֆինտեխ ընկերությունների ստեղծած նոր գործիքները:  

Վազգեն Գեւորկյանը

Անձամբ ես համոզված եմ, որ ֆինտեխի եւ ավանդական բանկինգի համագործակցությունը ոչ միայն հնարավոր է, այլեւ անհրաժեշտ: Եվ գոյություն ունեն դրանց ինտեգրման եւ փոխգործակցության բազմաթիվ մոդելներ:

Ֆինտեխ լուծումների պոտենցիալը ես տեսնում եմ բանկերի ներքին գործընթացների պարզեցման եւ էժանացման, AML compliance-ի (փողերի լվացման դեմ պայքար) ոլորտում, ինչպես նաեւ բանկային ծառայությունները յուրաքանչյուր հաճախորդի պահանջներին եւ կարիքներին առավելագույնս համապատասխանեցնելու գործում:

Մենք՝ որպես բանկ, պատրաստ ենք դիտարկել նորարարությունների զարգացման երեք հնարավոր ուղիներից յուրաքանչյուրը՝ պատրաստի թիմի գնում շուկայում, սեփական լուծումների «աճեցում» «լաբորատորիաներում», համագործակցություն նորարարությունների արտաքին մատակարարների հետ: Բանկի հիմնական չափորոշիչն արդյունավետությունն է: Նման հաջողված ինտեգրացիայի օրինակ ստեղծելը իմ փոքրիկ երազանքն է (ծիծաղում է - խմբ.):

- Օգտվելով առիթից, կցանկանայինք լսել Ձեր կարծիքը կրիպտոարժույթների նկատմամբ սրընթաց աճող հետաքրքրության մասին: Հետագա զարգացումների ինչպիսի՞ սցենար կարելի է ակնկալել Հայաստանում:

- Ռոտշիլդների դինաստիայի հիմնադրին՝ Մայեր Ամշել Ռոտշիլդին վերագրում են հետեւյալ արտահայտությունը. «Տվեք ինձ երկրի փողերը տպելու եւ վերահսկելու հնարավորություն, եւ ինձ համար մեկ կլինի, թե ով է գրում օրենքները»: Սա, ըստ իս, փորձ է փողեր տպելու մենաշնորհից զրկելու Ազգային բանկերին: Թերեւս Ռոտշիլդի այս խոսքը շատերը բառացի են ընդունել (ծիծաղում է - խմբ.):

Կրիպտոարժույթների հետ կապված իրավիճակն ինձ մոտ ասոցացվում է Մահաթմա Գանդիի հայտնի խոսքի հետ՝ «Սկզբում քեզ չեն նկատում, հետո քեզ վրա ծիծաղում են, հետո քո դեմ պայքարում են, հետո դու հաղթում ես»: Սկզբում Կենտրոնական բանկերը փորձում էին չնկատել այս ֆենոմենը: Այնուհետ, երբ այն իրականություն դարձավ, որը հնարավոր չէր անտեսել, սկսեցին փորձեր կատարվել կրիպտոարժույթի շրջանառությունն օրենսդրորեն բլոկավորելու եւ արգելելու ուղղությամբ:

Այսօրվա դրությամբ աշխարհի 10 առաջատար բանկերը, այդ թվում՝ UBS-ը, DeutscheBank-ը, Santander-ը, աշխատում են սեփական կրիպտոարժույթի՝ USC (utility settlement coin)-ի ստեղծման ուղղությամբ: Էստոնիան էլ թողարկում է սեփական կրիպտոարժույթը՝ EstCoin-ը:

Անգլիայի բանկին չհաջողվեց խոչընդոտել վիրտուալ փողերի լայնորեն տարածումը, որով պայմանավորված բանկի ղեկավարությունը որոշեց «սանձել» այս ալիքն ու թողարկել կրիպտոարժույթի սեփական տարբերակը՝ RSC-ն: RSCoin-ը բիթքոինից տարբերվում է նրանով, որ վերահսկվում է Անգլիայի բանկի կողմից: Փաստացի, կրիպտոարժույթի գլխավոր ատրիբուտը՝ ապակենտրոնացումը, RSC-ի դեպքում բացակայում է:

Ի՞նչ է կրիպտոարժույթը: Էլեկտրոնային վճարային միջոց, որի թողարկումն ու հաշվառումն ապակենտրոնացված է: Նման համակարգերի գործունեությունը հիմնված է բլոկչեյն տեխնոլոգիայի վրա:

Իրականում սա հիմքերի խարխլում է, փողերի թողարկման փորձ՝ շրջանցելով Կենտրոնական բանկերը: Այն ծնում է բազմաթիվ անորոշություններ՝ կախված գնաճի, փողի զանգվածի եւ մնացած այլ հարցերի կարգավորման հետ:

Սակայն կրիպտոարժույթը ոչ միայն Կենտրոնական բանկերի հիմքերն է խարխլում: Բանկային հատվածի համար եւս կան բազմաթիվ թաքնված սպառնալիքներ: Թվային արժույթները, մասնավորապես՝ բիթքոինը, հնարավորություն են տալիս վճարումներ կատարել անմիջականորեն, ինչպես կանխիկի դեպքում է: Ավելին, այս արժույթներն ունեն բանկային փոխանցումների բոլոր առավելությունները, քանի որ նրանց միջոցով հնարավոր է ակնթարթորեն իրականացնել խոշոր գումարներով փոխանցումներ աշխարհի ցանկացած ծայրից: Մինչդեռ կրիպտոարժույթների հիմնական առանձնահատկությունն այն է, որ վճարումներ իրականացնելու համար չկա միջնորդի անհրաժեշտություն՝ առեւտրային բանկերի տեսքով: Եթե Կենտրոնական բանկերը թողարկում են սեփական թվային արժույթները, որոնք կլինեն համընդունելի, այս փողերը հնարավոր կլինի պահել էլեկտրոնային եղանակով՝ բանկային հաշիվներից դուրս: Այդպիսով, ֆիզիկական եւ իրավաբանական անձիք հնարավորություն կստանան փոխանցումներ իրականացնել անմիջապես՝ շրջանցելով առեւտրային բանկերին: Սա թույլ կտա արմատապես փոխել գոյություն ունեցող ֆինանսական համակարգը: Հենց այստեղ էլ թաքնված է բանկերի նկատմամբ սպառնալիքը:

Ակնկալում եմ, որ Հայաստանում մոտ ապագայում տեղական կրիպտոարժույթի ստեղծման փորձեր կկատարվեն:

- Պրն Գեւորկյան, նախատեսո՞ւմ եք ավելի հաճախ այցելել Հայաստան՝ մեկնարկած գործընթացը տեղում համակարգելու նպատակով:

- Հայաստանում հաճախ եմ լինում, 1-2 ամիսը մեկ անգամ՝ հաստատ: Նորագույն տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս մշտապես ներգրավված լինել աշխատանքային գործընթացում՝ նաեւ հեռավորության վրա: Անհրաժեշտություն չկա այս կամ այն գործընթացը համակարգելու համար անձնապես ներկա լինել:  

Գլոբալ առումով, եթե անհրաժեշտություն լինի, ես առանց երկմտելու կարող եմ տեղափոխվել Հայաստանում ապրելու, սակայն մեզ մոտ աշխատում է այնպիսի որակավորված եւ պատրաստված թիմ, որ ես կարող եմ ինձ թույլ տալ իրականացնել ոչ այդքան գործնական, որքան «հոգու» համար ուղեւորություններ, ինչպես դեպի Հայաստան, այնպես էլ այլ երկրներ:

Վազգեն Գեւորկյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը
Դիտում՝ 124502
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai