Քրիստիան Բարբիեր. «Իբիս»-ը լրացնում է Հայաստանում երեքաստղանի հյուրանոցների պակասը

11.05.2017 | 14:25 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Իբիս #Քրիստիան Բարբիեր
Banks.am-ը զրուցել է Երեւանում «Իբիս» հյուրանոցային կենտրոնի ղեկավար Քրիստիան Բարբիերի հետ:

- «Իբիս»-ը Երեւանում առաջին հյուրանոցն է, որ կառուցվել է զրոյից եւ համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Ինչպե՞ս ծագեց Հայաստանում հյուրանոց հիմնելու գաղափարը:

- Իրականում սա երկարաժամկետ նախագիծ է, որը հյուրանոցի սեփականատեր Accor Russia-ն մեկնարկել էր դեռ 2008-ին: Այն ժամանակ դեռեւս հստակ չէր, թե արդյոք երեքաստղանի հյուրանոցը կաշխատի եւ կգտնի իր տեղը հայաստանյան շուկայում: Կարծում եմ՝ այն փաստը, որ հյուրանոցը գործարկվել է եւ արդեն որոշակի հաջողություն արձանագրել, վկայում է, որ շուկան արդյունավետ ուսումնասիրվել է, եւ նախագիծն արդարացված է:

Մենք բացվել ենք մի քանի ամիս առաջ, ավելի ճիշտ՝ դեկտեմբերի 30-ին: Մինչ օրս հյուրընկալել ենք մի քանի հազար մարդու: Բացման դեռ առաջին տարին է, հաճախորդների իրական շարժը սկզբում դանդաղ կլինի, սակայն ապագայում ակնկալում ենք տարեկան 6 հազ-ից ավելի մարդ հյուրընկալել:

Հյուրանոցն ունի 255 սենյակ, բոլորը ստանդարտ եւ հարմարեցված երկու անձի համար, այսինքն՝ տեսականորեն միաժամանակ կարող ենք ընդունել ավելի քան 500 հյուրի:

Ինչպես նշեցիք, «Իբիս»-ը Հայաստանում առաջին նախագիծն է, որը կառուցվել է հենց հյուրանոց դառնալու համար, եւ մենք հետեւում ենք Accorhotels-ի բոլոր ստանդարտներին, այդ թվում՝ հակահրդեհային, ձայնամեկուսացման եւ սեյսմակայունության: Սա նշանակում է, որ մեր հյուրերը ստանում են ոչ միայն հարմարավետություն, այլեւ ապահովություն:

- Ի՞նչ եք կարծում, Հայաստանում առկա՞ է երեքաստղանի հյուրանոցների բավական պահանջարկ: Ովքե՞ր են Ձեր թիրախային հաճախորդները:

- Կարծում եմ՝ պահանջարկ կա, եւ ես միակը չեմ, որ այդ կերպ է մտածում: Այդ մասին են վկայում նաեւ զբոսաշրջային գործակալությունների կողմից «Իբիս»-ի ջերմ ընդունելությունը: Նրանք ուրախ են վերջապես Հայաստանում ունենալ երեքաստղանի տարբերակ, այն էլ՝ միջազգային ստանդարտներին համապատասխան:

Հյուրանոցի բացումը ողջունել է նաեւ կորպորատիվ հատվածը. որոշ միջազգային կազմակերպություններ ունեն հստակ ստանդարտ՝ իրենց աշխատակիցներին տեղավորելու երեքաստղանի հյուրանոցում, եւ դրա բացակայության պայմաններում ստիպված են օգտվել ավելի թանկ տարբերակներից, ինչը զգալիորեն ավելացնում է նրանց ծախսերը: «Իբիս»-ը Երեւանի համար լավ լուծում է եւ, կասեի, ներկայիս միակ լուծումը սեգմենտում:

Շուկայում մեր վերջնական տեղը գտնելու համար ժամանակ է պետք: Աշխարհում գնալով ավելանում է էկոնոմ զբոսաշրջիկների թիվը, Հայաստանում դրան են նպաստում իրանական շուկայի բացումն ու Ռուսաստանի քաղաքացիների՝ դեպի Հայաստան ներքին անձնագրերով ճամփորդելու հնարավորությունը: Հետեւաբար, վստահ կարող եմ ասել, որ էկոնոմ հյուրանոցների նկատմամբ ձեւավորվում է կայուն պահանջարկ:  

Ինչ վերաբերում է հաճախորդների թիրախավորմանը, այս հարցի նկատմամբ մեր մոտեցումն այնքան էլ խիստ չէ: «Իբիս»-ի առանձնահատկությունն է կենտրոնանալ կոնկրետ հաճախորդի վրա: Եթե վերցնենք սեգմենտավորումն Արեւմտյան Եվրոպայում, Ֆրանսիայում, այն հիմնովին կտարբերվի Ինդոնեզիայից: Եթե ցանկանում ենք հաջողության հասնել, պետք է մեր քաղաքականությունը հարմարեցնենք տեղի շուկային:

-Ի՞նչ խոչընդոտների եք առերեսվել հյուրանոցը հիմնելիս: Հե՞շտ էր Հայաստանում ներդրում կատարելը:

- Վստահ եմ, որ հեշտ չէր նախագիծը սկսելը: Կատարվում էր բավական խոշոր ներդրում եւ պետք է համոզված լինեինք, որ այն արագ հետ կգնվի, քանի որ շուկան գնալով ընդլայնվում է, մրցակիցներն էլ՝ ավելանում:

Ըստ իս՝ մեր գլխավոր մարտահրավերն ապագայի անորոշությունն է, այսինքն՝ այն ամենը, ինչը կարող է խոչընդոտել բիզնեսի զարգացումը: Մենք գործունեություն ենք ծավալում մի երկրում, որը դեռեւս քիչ հասանելի է տրանսպորտի եւ հեռահաղորդակցության տեսանկյունից, ինչը նաեւ ազդում է ավիատոմսերի գների վրա: Բացի այդ, չպետք է մոռանանք անցած տարվա ապրիլյան դեպքերը: Հետեւաբար, եթե անգամ շուկան շատ խոստումնալից է, կան որոշ ռիսկեր, որոնք պետք է միշտ նկատի ունենալ:

- Ի՞նչ կարող եք ասել Հայաստանում հյուրանոցային բիզնեսի առանձնահատկությունների մասին:

- Կարծում եմ՝ Հայաստանին ներդրումներ են անհրաժեշտ զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու համար: Առաջին հերթին, պետք է համոզված լինել, որ ենթակառուցվածքները բավարար մակարդակի վրա են, ինչը նշանակում է, որ պետք է աշխատել ճանապարհների, կամուրջների կառուցման ուղղությամբ, Հայաստանում զարգացնել ավելի շատ զբոսաշրջիկներ ընդունելու կարողությունը:

Բացի այդ, շահագրգիռ կողմերի միջեւ առկա է երկխոսության պակաս. սա վերաբերում է ոչ միայն հյուրանոցներին եւ կառավարությանը, այլեւ զբոսաշրջային գործակալություններին, որոնց եւս պետք է ներառել քննարկումներում:

Ապագայում ես կդիտարկեի հյուրանոցների դասակարգումը: Ներկայում այնքան էլ պարզ չէ՝ որն հյուրանոցն է 2, 3, 4 կամ 5-աստղանի: Կարծում եմ՝ ավելի շատ վերահսկողություն է անհրաժեշտ այս առումով, ինչպես մյուս երկրների դեպքում է, որպեսզի հյուրանոցների մատուցած ծառայությունները թափանցիկ լինեն հյուրերի համար:

Հայաստանում առաջիկա տարիներին հյուրանոցների թիվը կաճի, հետեւաբար, կավելանա նաեւ լավ անձնակազմի նկատմամբ պահանջը: Մինչդեռ այսօր հմուտ եւ վերապատրաստված անձնակազմի պակաս կա: Հյուրանոցները զգալի գումար եւ ժամանակ են ծախսում աշխատողների կրթման վրա, որն անմիջականորեն իրենց պարտականությունը չէ: Հայաստանում պետք է հիմնվեն այնպիսի դպրոցներ, որոնք կտրամադրեն բազային տեսական կրթություն, իսկ հյուրանոցները կհամագործակցեն նրանց հետ՝ զարգացնելու դրա գործնական մասը: Մեզ, օրինակ, անհրաժեշտ է ցածր օղակի անձնակազմ՝ ընդունարանի աշխատակիցներ, բարմեններ, մատուցողներ եւ անգամ խոհարարներ:  

Լավ կողմն այն է, որ հայերը շատ ջերմ են, նրանք հյուրասեր են, ինչը մեծ առավելություն է զբոսաշրջության եւ հյուրանոցային ոլորտի զարգացման համար:

- Իսկ ի՞նչ կասեիք շուկայի մրցակցության մասին:

- Հայաստանում այս շուկան վերջերս շատ արագ է զարգանում: Ինչպես նկատում եք, անընդհատ հայտնվում են միջազգային բրենդի նոր հյուրանոցներ: Հետեւաբար, մրցակցությունը գնալով սրվում է: Զարգանում է նաեւ հյուրատնային բիզնեսը: Երեւանում շատ են այն տարբերակները, երբ անհատները զբոսաշրջիկներին կացարան են առաջարկում: Նրանք եւս ինչ-որ առումով մեր մրցակիցներն են:

Հատկանշական է, որ Հայաստանում պասիվ սեզոնին հյուրանոցների առաջարկը բավական մեծ է, եւ ընդհակառակը, այն չի բավականացնում ակտիվ սեզոնին. խնդիրը հավասարակշռության մեջ է: Շուկան դեռեւս մեծ կախվածություն ունի զբոսաշրջային գործակալություններից: Սակայն կարծում եմ, որ մոտ ապագայում այս միտումը կփոխվի՝ հյուրանոցների ամրագրման էլեկտրոնային հարթակների տարածմանը զուգահեռ:

- Որո՞նք են «Իբիս Երեւան»-ի կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերը:

- Կարճաժամկետում՝ լինել լավագույնը, երկարաժամկետում՝ լինել լավագույնը եւ մնալ լավագույնը (ժպտում է- խմբ.): Իսկ եթե ավելի լուրջ՝ մենք պետք է մեր տեղը գտնենք շուկայում, ավելի զարգանանք, այնպես անենք, որ մարդիկ գիտակցեն, թե ինչ ծառայություններ է ապահովում «Իբիս»-ը: Եվ ապագայում, երբ արդեն հյուրանոցը հաջողության հասնի, զարգացնել նույն ծառայությունները նոր վայրերում:

Մեր բիզնես մոդելը հետեւյալն է. մենք երեքաստղանի հյուրանոց ենք, որը համարվում է էկոնոմ սեգմենտի մաս: Սակայն մարդիկ պետք է հասկանան, որ «երեք աստղը» չի նշանակում հարմարավետության պակաս: Մենք առաջարկում ենք որակ, պահպանում խիստ ստանդարտները, ունենք հատուկ դիզայն, հարմարավետ մահճակալներ, սմարթ հեռուստացույցներ՝ միջազգային ալիքներով: Բացի այդ, մեր աշխատակազմը լավ վերապատրաստված է եւ սիրալիր, նրանք գիտեն, թե ինչ ընթացակարգերի պետք է հետեւեն արտակարգ իրավիճակներում: Մեր հաճախորդը գիտի, որ քնած է Երեւանի ամենաապահով շենքերից մեկում:

Աշխարհում կա ավելի քան 1000 «Իբիս» հյուրանոց. մեր ամենամեծ առավելությունն այն է, որ երբ դու ոտք ես դնում «Իբիս», արդեն գիտես՝ ինչ որակ պետք է ակնկալել: Մենք էժան հյուրանոց չենք, սակայն ոչ էլ թանկ ենք: Մենք առաջարկում ենք լավագույն գինը՝ մեր ծառայություններին համապատասխան:

Քրիստիան Բարբիերի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը
Դիտում՝ 144306
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai