Վարդան Արամյան. ՓՄՁ-ն հարկային արձակուրդ ստանում է ոչ դասական իմաստով

04.04.2017 | 09:57 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Վարդան Արամյան #ֆինանսների նախարարություն #ՓՄՁ

Banks.am-ը զրուցել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հետ:

- Պրն Արամյան, ստվերային գործունեությունը ներկայում տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտներից է: Ի՞նչ գործիքակազմ է կիրառում կառավարությունն այս ուղղությամբ:

- Ստվերային տնտեսության դեմ պայքարի առաջին գործիքը կանխիկով գործարքների հնարավորինս սահմանափակումն է: Այնտեղ, որտեղ կա կանխիկ, կա նաեւ ստվերի մեծ հավանականություն. դժվար է պարզել, թե գումարը քանի անգամ է ձեռքից ձեռք անցել: Եթե ուշադրություն դարձնեք` գոյություն ունի հստակ կապ. այն երկրները, որտեղ դրամական զանգվածի մեջ կանխիկի մասնաբաժինը մեծ է, այնտեղ սովորաբար հարկահավաքման գործիքակազմը թույլ է:

Կանխիկ գործարքների դեպքում հարկային տեսուչները բախվում են դժվարությունների ստվերային գործարքներն իդենտիֆիկացնելու եւ այնտեղից գումարները դուրս բերելու ժամանակ: Գործարքները բանկային համակարգ տեղափոխելը կարեւոր պայման է:

Ստվերի դեմ պայքարի մյուս քայլը տնտեսվարողների գործարքներն էլեկտրոնային հարթակ տեղափոխելն է, ինչը, որպես հետեւանք, կնվազեցնի նաեւ կանխիկի օգտագործման գայթակղությունը: Եթե երկու տնտեսական գործակալներ գործարք են կնքում էլեկտրոնային հարթակում, տրամաբանական է, որ վճարումն էլ կատարվի անկանխիկ: Ֆիզիկապես իրար հանդիպելն ու գումարն առձեռն փոխանցելը լրացուցիչ ծախսեր է պահանջում եւ տվյալ պարագայում դառնում անիմաստ:

Մենք աստիճանաբար անցում ենք կատարում գործարքների էլեկտրոնայնացմանը: ԱԱՀ վճարողների համար հարկային հաշիվների դուրսգրումն արդեն պարտադիր կերպով իրականացվում է էլեկտրոնային համակարգով: Նախկինում տնտեսվարողները հաշիվները դուրս էին գրում թղթային տարբերակով, ինչը դժվարացնում էր ստուգողի գործը: Իսկ էլեկտրոնայինի դեպքում միաժամանակ տեսնում ես երկու կողմն էլ, ավտոմատ իդենտիֆիկացնում գործարքները եւ ավելի հեշտ բացահայտում ստվերայինները:

Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը ինչպես հարկահավաքման գործընթացներում, այնպես էլ պետական ֆինանսների կառավարման ոլորտում: Սա նաեւ թույլ է տալիս կրճատել այն լրացուցիչ աշխատուժը, որ ստիպված ենք պահել՝ յուրաքանչյուր գործարքի հետեւելու համար: Ֆինանսների նախարարությունն արդեն իսկ գանձապետական համակարգում իրականացրել է ՏՏ երկրորդ փուլի ներդրում՝ տեղային գանձապետարանները լիարժեք տեղափոխելով էլեկտրոնային հարթակ:

Նախկինում այս գործառույթներն իրականացնում էին աշխատակիցները, ինչը պարունակում էր որոշակի ռիսկեր՝ կապված կոռուպցիայի, գործարքն անհիմն ձգձգելու կամ չկատարելու հետ: Էլեկտրոնային հարթակի ներդրմամբ լուծեցինք այս հարցը` մարդկային միջամտությունը հասցնելով գրեթե 0-ի եւ, միաժամանակ, այդ աշխատուժը ներգրավեցինք այլ գործընթացներում:

- Բազմաթիվ փոքր ընկերությունների հաջողվում է գոյատեւել հարկերը մասամբ թաքցնելու հաշվին: Իսկ գնահատե՞լ եք ստվերի կրճատման հակառակ ազդեցությունը:

- Եթե բիզնեսը գոյատեւում է ստվերի հաշվին, ապա այն, միանշանակ, անմրցունակ է, վաղ թե ուշ՝ դա պարզվելու է: Իսկ եթե կառավարությունը միտումնավոր չի ցանկանում բացահայտել որեւէ ընկերության նման գործունեություն, նշանակում է` «բարուրում», պահպանում է այն, ինչը վտանգավոր երեւույթ է: Օրերից մի օր տեղի է ունենալու իրավիճակի փոփոխություն, եւ այդ ընկերությունը կորցնելու է իր ունեցած շուկան:

Ամենաճիշտ որոշումը ստվերը բացահայտելն է, որպեսզի ռեսուրսների վերաբաշխումն արդյունավետ լինի: Բացատրեմ` ինչու. ընկերությունը, լինելով ստվերում, մեկ այլ` ավելի առաջադեմ ընկերությունից խլում է նրա տնտեսական հնարավորությունները: Այլ հավասար պայմաններում շուկայում կմնար առավել մրցունակ ընկերությունը եւ հնարավորություն կունենար ընդլայնել իր գործունեությունը: Այս լրացուցիչ շրջանառությունը նրան կտար մասշտաբի էֆեկտ եւ շահույթը մաքսիմալացնելու հնարավորություն: Սակայն քանի դեռ կա ստվերում նրա հետ մրցակցող ոչ արդյունավետ ընկերություն, ապա վերջինս այդ տնտեսական հնարավորությունները խլում է ավելի արդյունավետ ընկերությունից։ Տնտեսական աճի բանալին այստեղ է:

Կառավարությունը որդեգրել է հետեւյալ քաղաքականությունը. չխանգարել այն ընկերություններին, որոնք ունեն աճի, մրցելու պոտենցիալ, ավելին, օգնել նրանց զարգանալ, իսկ ստվերում աշխատողներին պարտադիր բերել ազատ մրցակցային դաշտ: Մրցակցությունն է այն խթանը, որն անընդհատ ստիպում է բարձրացնել արտադրողականությունն ու որակը:

Փոքր ընկերություններին ստվերում թողնելու տարբերակը դիտարկելը, միանշանակ, սխալ է: Այլ բան է, որ փոքր բիզնեսի նկատմամբ վարչական բեռը պետք է համեմատաբար ցածր պահել, բայց ստվերը վատ երեւույթ է: Այն ընկերությունները, որոնք անարդյունավետ են, գոյատեւում են հովանավորչության կամ այլ ոչ շուկայական ճանապարհներով, ունեն երկու տարբերակ` փակվելու կամ լրջորեն մտածելու մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ: Միայն այս ճանապարհով կարող ենք ունենալ կայուն տնտեսական աճ, հակառակ պարագայում մեր զարգացման հիմքերը վտանգված են:

- Իսկ ավելի լավ չէ՞ սկսել հենց խոշորից:

- Միանշանակ: Խաղի կանոնները պետք է համընդհանուր լինեն բոլորի համար, սակայն ուշադրության կենտրոնում լինելու են խոշորները: Մեր նպատակը տնտեսության մեջ ռեսուրսների արդյունավետ վերաբաշխումն է, իսկ ամենաշատ ռեսուրսները կենտրոնացած են հենց խոշոր ընկերություններում, հետեւաբար` նրանց ավելի մեծ, բայց արդարացի պրիզմայի տակ ենք պահելու:
 
- ՓՄՁ-ների դերը հարկային եկամուտների ապահովման մեջ բավական փոքր է: Հնարավոր համարո՞ւմ եք այս ընկերություններին հարկային արձակուրդ տալու հեռանկարը:

- Իրականում ՓՄՁ-ներին հարկային արձակուրդ արդեն իսկ տրվում է: Կան մի շարք գործիքներ, որոնց միջոցով թեթեւացնում ենք միկրո եւ փոքր բիզնեսների բեռը, օրինակ` մինչեւ 18 մլն դրամ տարեկան շրջանառությամբ ընտանեկան բիզնեսին հարկերից ազատելը,  նորաստեղծ ՏՏ ընկերություններին տրամադրվող արտոնյալ հարկային ռեժիմը, իսկ տնտեսվարողների ներդրումային ծրագրերի շրջանակում ԱԱՀ-ի վճարման երկարաձգումը, ոչ այլ ինչ են, եթե ոչ հարկային արձակուրդ: Պարզապես այդ արձակուրդը տրամադրվում է նպատակային: Հարկային եւ մաքսային պարտավորությունների գծով «արտոնություններ» ենք տրամադրում այն ընկերություններին, որոնց գործունեությունն ուղղված է արտաքին պահանջարկի բավարարմանը, որոնք ներմուծում են նոր տեխնոլոգիաներ, իրականացնում ներդրումային ծրագրեր, բացում նոր աշխատատեղեր (գոյություն ունեն ծրագրերի գնահատման նմանատիպ 10 ցուցիչներ): Իհարկե, դասական իմաստով սա կարող է հարկային արձակուրդ չհամարվել, սակայն նույն փիլիսոփայության ներքո է:

Այս մեխանիզմով 1500 տնտեսվարողի արդեն տրամադրել ենք նմանատիպ արձակուրդներ՝ պետական բյուջեի 61 մլրդ դրամի եկամուտ ժամանակավոր զիջելով ՓՄՁ-ին, եւ դա արդյունք տալիս է: Մենք մոնիտորինգ ենք իրականացնում պետական աջակցություն ստացած ընկերություններում, որպեսզի վերջինները չշեղվեն նախապես ներկայացրած ծրագրից:

- Պրն Արամյան, վերջերս ասուլիսի ժամանակ նշել էիք, որ տարեսկզբին տնտեսության աշխուժացմանը որոշակիորեն նպաստել են նաեւ ՀՀ ԱԺ ընտրությունները: Կասեք, թե ի՞նչ չափով են դրանք անդրադարձել հունվար-փետրվար ամիսներին արձանագրված  6,2%  տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա:

- Ընտրությունների նախաշեմին, սովորաբար, հանրության վարքագիծն ավելի աշխույժ է դառնում: Սա ընդհանրական երեւույթ է եւ ճիշտ է ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Քաղաքական ուժերն ու ընտրական գործընթացում ներգրավված այլ անձիք ամիսներ առաջ սկսում են նախապատրաստվել ընտրությունների.  տպարաններում պատվիրում են բուկլետներ, պաստառներ, պատրաստում, վճարում են գովազդային հոլովակների ու հաղորդումների համար,  քարոզչության շրջանում ավելի հաճախ այցելում են մարզեր, օգտվում են տարբեր ծառայություններից՝ վճարելով դրանց դիմաց եւ այլն:

Այս շարժը բնորոշ է նախընտրական ժամանակահատվածին եւ տեղի չի ունենում այլ  հավասար պայմաններում: Այսինքն` ոմանք կատարում են ծախսեր, որոնք դառնում են եկամուտ մյուսների համար, վերջիններն էլ լրացուցիչ պահանջարկ են ներկայացնում այլ տնտեսվարող սուբյեկտների ապրանքների եւ ծառայությունների նկատմամբ,  ուստի եւ նկատվում է տնտեսության որոշակի աշխուժացում, ինչն էլ արտացոլվում է նաեւ տնտեսական ցուցանիշներում:

Ընտրությունները սովորաբար ազդում են մարդկանց եւ տնտեսվարողների վարքագծի վրա շատ կարճ ժամանակահատվածում. սա արտացոլվում է միայն սպառման ավելացման ձեւով եւ ունի ազդեցության փոքր լագ:

Սակայն այստեղ ամենակարեւոր «մեխը» դրա ազդեցության չափն է: Սխալ կլինի ասել, թե տարվա առաջին ամիսներին արձանագրված 6,2% տնտեսական ակտիվության ցուցանիշը բացառապես պայմանավորված է նախընտրական գործընթացներով: Այդ ի՞նչ ծախսումներ պետք է կատարվեն զուտ ընտրությունների գործոնով պայմանավորված, որ ամբողջովին ապահովեն 6,2% բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշը:

Հետեւապես, ցուցանիշին նպաստող գործոնների առյուծի բաժինը մեր գործողություններն են, ինչպես նաեւ մեր տնտեսական տեսլականին ադեկվատ տնտեսվարողների եւ հանրության վարքագիծը: Կառավարությունը տնտեսության առողջացմանն ուղղված հարկային եւ մաքսային բարեփոխումներ է իրականացրել, որոնք դրականորեն են ազդել տնտեսվարողների ինչպես ներկա վարքագծի, այնպես էլ սպասումների վրա: Համոզված եմ, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը հիմնականում կառուցվածքային գործոններով  է պայմանավորված:

Իհարկե, կա քաղաքական գործընթացներով պայմանավորված աշխուժացման ազդեցության փոքր մաս եւս: Այսինքն` եթե տնտեսական աճն ամբողջովին պայմանավորված լիներ ընտրություններով, ապա մենք ապրիլ-մայիս ամիսներին պետք է ականատեսը լինենք տնտեսական ակտիվության ցուցանիշի գահավիժմանը: Ես վստահ եմ, որ նման բան չի կարող տեղի ունենալ:

- Կարելի՞ է արդյոք վստահել վիճակագրական տվյալներին` հաշվի առնելով, որ դրանք կազմվում են տնտեսվարողների ներկայացրած վիճհաշվետվությունների հիման վրա, որոնք չեն ճշգրտվում ՊԵԿ-ի բազայով:

- Գոյություն ունի վիճակագրության ոսկե կանոն, ըստ որի՝ այն պետք է պահպանի ռեսպոնդենտների տրամադրած միկրոմակարդակի ներքին տեղեկատվության գաղտնիությունը եւ երբեք դրանք ադմինիստրատիվ կերպով չկիրառի տնտեսվարողի դեմ. նպատակը տնտեսական իրավիճակը հնարավորինս ճիշտ արտացոլելն է: Դրա համար, սովորաբար, վիճակագրական մարմիններն անկախ են լինում եւ չեն ունենում ադմինիստրատիվ լծակներ: Չի բացառվում, որ տարբերություններ լինեն տնտեսվարողի՝ վիճակագրական մարմնին եւ հարկայինին տված տեղեկատվությունների միջեւ:

Ընդ որում, որքան արդյունավետ իրականացվի հարկահավաքման վարչարարությունը, ու ստվերը բերվի ֆորմալ դաշտ, այնքան հարկայինի եւ վիճակագրության բազաները կմոտենան իրար, եթե կան ստվերի պատճառով երկու գերատեսչություններին ներկայացվող հաշվետվությունների միջեւ տարբերություններ:

Հաճախ մարդիկ ասում են, որ եթե վիճակագրությամբ գնահատվել է ստվերը, ուրեմն կառավարությանն այն հայտնի է եւ ցանկության դեպքում կարող է բերվել օրենսդրական դաշտ: Իրականում դա այդպես չէ: ՀՆԱ-ն հաշվարկելիս տարբեր վիճակագրական մեթոդների միջոցով գնահատվում է տնտեսության ոչ ֆորմալ հատվածը, որտեղ եւս ստեղծվում է նոր արժեք: Այն ներառում է ինչպես ստվերը, այնպես էլ տնային տնտեսությունների արտադրած ապրանքները, որոնք այլ հավասար պայմաններում ուրիշի կողմից պատրաստվելու դեպքում վճարովի կլինեին: Զարգացող երկրներում, սովորաբար, ՀՆԱ-ի շուրջ 20-30%-ը կազմում է տնտեսության ոչ ֆորմալ հատվածի՝ վիճակագրական մեթոդիկայով գնահատված արժեքը:

Վարդան Արամյանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը

Դիտում՝ 8909
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo