Հովհաննես Ազիզյան. ՀՀ-Իրան կապերից սպասելիքները միայն դրական են

19.01.2017 | 10:42 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը խթան դարձավ հայ-իրանական առեւտրատնտեսական հարաբերությունները նոր լույսի ներքո դիտարկելու եւ վերաիմաստավորելու համար:

Ի՞նչ կարող է հայ գործարարն առաջարկել իրանցի սպառողին, ի՞նչ ակնկալել հարեւան երկրի հետ տնտեսական կապերի ընդլայնումից եւ արդյոք արդարացվա՞ծ է դրա շուրջ առաջացած ոգեւորությունը: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ Banks.am-ը զրուցել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի հետ:

- Պրն Ազիզյան, անցած տարվա հոկտեմբերին Թեհրանում կայացավ հայկական ապրանքների ցուցահանդես, իսկ դեկտեմբերին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնական այցի շրջանակում Երեւանում կայացավ «Հայաստան- Իրան» գործարար համաժողովը: Ի՞նչ արդյունքներ տվեցին այս միջոցառումները:

- Հոկտեմբերին կայացած էքսպոյի շրջանակում իրանական շուկային ներկայացվեց հայկական ապրանքների լայն սպեկտր. արդյունքում առնվազն պարզ դարձավ, որ հարեւան երկրի ընկերությունների եւ սպառողների մոտ բավական մեծ հետաքրքրություն կա մեր ապրանքների, հատկապես` ոչ ալկոհոլային խմիչքների, հանքային ջրերի, շոկոլադի եւ հրուշակեղենի նկատմամբ:

Ցուցահանդեսի հաջող անցկացումը թույլ տվեց գիտակցել, որ շատ ոլորտներում Իրանի հետ համագործակցության ընդլայնումը իրատեսական է եւ իրականանալի: Ձեռք բերվեցին նաեւ պայմանավորվածություններ հետագա գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ:

Միեւնույն ժամանակ, բացահայտվեցին այն հիմնական ընթացակարգային խոչընդոտները, որոնց ուղղությամբ պետք է աշխատանքներ տարվեն: Վեր հանված խնդիրների հնարավոր լուծումները քննարկվեցին «Իրան-Հայաստան» գործարար համաժողովի ժամանակ` ինչպես լիագումար, այնպես էլ մասնավոր ընկերությունների երկկողմ (B2B) քննարկումների միջոցով:

Իրանի եւ Հայաստանի միջեւ կապերի խորացման նկատմամբ հետաքրքրությունը երկկողմ է: Այս մասին վկայում է նաեւ այն փաստը, որ բիզնես համաժողովին, ի սկզբանե, ակնկալվում էր 20-30 իրանական ընկերությունների մասնակցություն,  սակայն վերջում այս թիվը հասավ մոտ 100-ի: Իրանական կողմից ներկա էին լուրջ ընկերություններ, իսկ պետական հատվածը՝ ի դեմս Իրանի առեւտրի եւ արդյունաբերության պալատի, ներկայացված էր նախագահի մակարդակով:

- Որո՞նք են հայ-իրանական առեւտրատնտեսական կապերի ընդլայնման հիմնական խոչընդոտները:

- Հայաստան-Իրան առեւտրային կապերի աշխուժացման կարեւորագույն խնդիրներից է ապրանքների սերտիֆիկացման հարցը: Ինչպես գիտենք, հարեւան երկրում գործում են սերտիֆիկացման առանձնահատուկ համակարգեր, ինչպես, օրինակ, իսլամական աշխարհում ընդունված «հալալ» ստանդարտը, որի պահանջներին համապատասխանեցումն ու սերտիֆիկացումը, երբեմն, դժվարություններ է առաջացնում հայկական բիզնեսի համար: Այս խնդրի լուծման նպատակով Իրանի նախագահի այցի ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանում հիմնել «հալալ» սննդամթերքի գրասենյակներ, որոնք տեղում կստուգեն ապրանքի արտադրության պայմաններն ու կտրամադրեն համապատասխան սերտիֆիկատներ:

Կան նաեւ այլ խոչընդոտներ, ինչպես, ասենք, Իրանի վարած մաքսային քաղաքականությունն է, բարձր մաքսատուրքերի կիրառումը, որը նպատակ ունի պաշտպանել ներքին շուկան: Այս հարցի լուծումը կտրվի ԵԱՏՄ-Իրան ազատ տնտեսական համաձայնագրի կնքման փուլում, որի ժամանակ կփորձենք առաջ քաշել մեր արտադրողներին առավել հետաքրքրող ապրանքացանկերի նկատմամբ իջեցված մաքսատուրքերի կիրառման հարցը:

Մյուս կարեւոր խնդիրը տրանսպորտային ոլորտում Իրանի հետ փոխհարաբերությունների կարգավորումն է, որին կնպաստի մեր բեռնատար եւ մարդատար ավտոմեքենաների մուտքի դյուրացումը:  

Խնդիրներ են առկա նաեւ բանկային փոխանցումների մասով. չնայած Իրանն արդեն միացել է SWIFT համակարգին, այդուհանդերձ, թղթակցային հաշիվների հետ կապված դեռեւս կան բարդություններ: Ներկայում դրամական փոխանցումներն այս երկրի հետ իրականացվում են երրորդ երկրում գործող ընկերությունների հաշիվների միջոցով: Սա ավելի շուտ ոչ թե երկկողմ կարգավորման առարկա է, այլ Իրանի նկատմամբ դեռեւս գործող սանկցիաների հետեւանք: Իրանի նախագահի այցի ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ երկու երկրների Կենտրոնական բանկերն ավելի ինտենսիվ աշխատեն եւ փորձեն լուծումներ գտնել: Հարցը քննարկվել է նաեւ հայաստանյան երկու բանկերի` Հայբիզնեսբանկի եւ Յունիբանկի հետ:  Հուսանք՝ խնդիրը կկարգավորվի տեսանելի ապագայում, քանի որ բիզնես գործառույթներն առանց կանոնավոր ֆինանսական հոսքերի չեն կարող պատշաճ իրականացվել:

Երկկողմ հետաքրքրությունը երբեւէ անհետեւանք չի մնում. մեր խնդիրն է ստեղծել համապատասխան դաշտ եւ հնարավորինս վերացնել առկա խոչընդոտները:

-  ՀՀ տնտեսության ո՞ր ոլորտներն են առավել գրավիչ իրանական ներդրումներ ներգրավելու տեսանկյունից, եւ ի՞նչ կարող է հայ արտադրողն առաջարկել իրանցի սպառողին:

- Իրանական կողմին բավական գրավիչ է Հայաստանում համատեղ ձեռնարկություններ հիմնելու հեռանկարը, ինչը նրան թույլ կտա ստացված արտադրանքն առանց մաքսատուրքերի ու լրացուցիչ վճարների վաճառել ԵԱՏՄ շուկայում:

Ընդ որում, Իրանն առավելապես հետաքրքրված է Հայաստանում արտադրության վերջին փուլի (հավաքման աշխատանքների, փաթեթավորման եւ այն) կազմակերպմամբ` հիմնական արտադրական պոտենցիալը թողնելով սեփական երկրում: Այս համատեքստում գլխավորապես դիտարկվում են դեղագործության ոլորտն ու գյուղտեխնիկային սպասարկող մեխանիզմների արտադրությունը:

Ինչ վերաբերում է Հայաստանից Իրան արտահանմանը, ապա ներկայում քննարկումներ են ընթանում ոչ ալկոհոլային խմիչքների, հանքային ջրի, ինչպես նաեւ ոսկյա զարդերի արտահանման ավելացման ուղղությամբ: Ի դեպ, այս հարցում Իրանում գործում են որոշ սահմանափակումներ (արգելվում է ոսկյա իրերի 300 գ-ից ավել ներմուծումը), որոնք իրանական կողմը դեռեւս պատրաստ չէ լիովին վերացնել:

Իրանական շուկա արտահանվելու պոտենցիալ ունեն նաեւ հայկական արտադրության շոկոլադն ու ծխախոտը:

Իրանի հետ մեր հարաբերությունների խորացման կարեւոր նախաձեռնություններից է նաեւ Մեղրիի ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) հիմնումը. այն տարբերվելու է Հայաստանում գործող մյուս 2 ԱՏԳ-ներից, քանի որ չի ունենալու հատուկ ոլորտային ուղղվածություն:

- Մինչ Հայաստանի` ԵԱՏՄ-ին անդամակցությունը շատերը ոգեւորվածությամբ նշում էին, թե շուտով մեր առջեւ բացվելու է հսկայական շուկա, եւ արտահանումը կտրուկ աճելու է. սպասելիքները, կարելի է ասել, չարդարացան: Հիմնավորվա՞ծ եք համարում Իրանի հետ հարաբերությունների շուրջ տիրող ոգեւորությունը:

- Բոլորս էլ հասկանում ենք, որ ԵԱՏՄ հիմնական շուկան Ռուսաստանն է: Եթե համեմատենք 2016թ. 10 ամիսների Հայաստանի արտահանման ծավալները, կտեսնենք, որ նախորդ տարվա համեմատ դեպի Ռուսաստան արտահանումն աճել է  50-55%-ով, իսկ 2014թ. համեմատ աճը կազմել է 20%, այն դեպքում, երբ 2014թ. Հայաստանը դեռեւս ԵԱՏՄ անդամ չէր, իսկ Ռուսաստանում իրավիճակը բավական լավ էր: Ընդ որում, աճ է արձանագրվել նաեւ ԵԱՏՄ մյուս անդամ երկրների հետ առեւտրում, որոնց հետ նախկինում գրեթե առեւտուր չունեինք:

Ցանկացած միավորմանն անդամակցումն անհետեւանք չի կարող մնալ: ԵԱՏՄ անդամակցությունը մեզ տվել է մասշտաբի էֆեկտից օգտվելու հնարավորություն՝ 3-միլիոնանոց շուկան դարձնելով 180-միլիոնանոց, որից ստացվող օգուտը պահանջում է ժամանակ: Բիզնես որոշումներն արագ չեն ընդունվում, եւ 1-2 տարում զգալի արդյունքի ակնկալումն իրատեսական չէ: Այդուհանդերձ, 2017թ. արդեն ականատես կլինենք արտահանման եւ ներդրումների շոշափելի աճի:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու է Իրանի հետ հարաբերությունների շուրջ ոգեւորվածությունն այդքան մեծ, նշեմ, որ հենց ինքը՝ Իրանը, բավական մեծ ակտիվություն է դրսեւորում Հայաստանի հետ կապերի խորացման հարցում: Հայաստանը նրա  միակ սահմանակից երկիրն է, որ ԵԱՏՄ անդամ է: Այսինքն` իրանական կողմը Հայաստանը դիտարկում է ոչ թե որպես 3-միլիոնանոց շուկա, որը նրան դժվար թե հետաքրքրեր, այլ դեպի 180-միլիոնանոց շուկա մուտքի բանալի:

Մյուս կողմից, ակնկալում ենք, որ ապագայում Իրանի հետ ունենալով ազատ տնտեսական համաձայնագիր` լրացուցիչ հնարավորություն կստեղծվի մեր ապրանքը մրցունակ պայմաններով Իրան արտահանելու համար:

- Ըստ Ձեզ` որքանո՞վ է հայկական ապրանքը մրցունակ Իրանում:

- Մրցունակությունը բազմաշերտ գաղափար է: Օրինակ` ՌԴ շուկայում կարող ենք ասել, որ հայկական ապրանքը մրցունակ է, չնայած որ թանկ է: Մեր ապրանքը գտնվում է հիմնականում պրեմիում սեկտորում: Այդ տեսանկյունից եթե նայենք` սպառողը գնում է մեր արտադրանքը, քանի որ այն ճանաչված է եւ լավ որակ ունի: Նույն կերպ հայկական ապրանքը մրցունակ է Իրանում:

Իրանցի մեծաթիվ զբոսաշրջիկները, գալով Հայաստան, տեղում ծանոթանում են մեր արտադրանքին եւ դառնում դրա պոտենցիալ քարոզողը: Իրանը մոտ 80-միլիոնանոց շուկա է, որտեղ կարող է իր տեղը գտնել նաեւ հայկական արտադրանքը:

Նախնական գնահատականներով՝ Իրանի հետ առեւտրային կապերի ակտիվացումից ակնկալում ենք, որ 2017թ. անցած տարվա համեմատ դեպի այս երկիր արտահանումը կաճի մոտ 30%-ով`առանց էլեկտրաէներգիայի արտահանման: Իսկ ընդհանուր արտահանումը դրա հաշվին կավելանա 4-5%-ով:

Հայաստան-Իրան հարաբերություններից սպասելիքները միայն դրական են: Դրանք զարգացման մեծ պոտենցիալ ունեն, ինչը, հուսով եմ, առավելագույնս կյանքի կկոչվի:

Հովհաննես Ազիզյանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը

Դիտում՝ 9938
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo