Արթուր Կարճիկյան. Երեւան քաղաքի բոլոր միջոցառումները՝ մեկ հարթակում

27.12.2016 | 12:37 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

Արդեն 2 տարի է՝ երեւանցիներն ու քաղաքի հյուրերն ունեն երեւանյան մշակութային, ժամանցային եւ այլ միջոցառումների, իրադարձությունների «գրպանի» ուղեցույց:

Փորձելով լուծել ժամանցի կազմակերպման մշտապես ակտուալ խնդիրը՝ ծնվել է  գաղափար՝ ստեղծելու երեւանյան միջոցառումների կենտրոնացված հարթակ՝ Yerevan Events–ը, որն այսօր հայաստանյան ՏՏ ոլորտում ամենահաջողված բիզնես նախագծերից մեկն է:

Բիզնեսի անցած ճանապարհի, առանձնահատկությունների եւ առաջիկա ծրագրերի մասին Banks.am-ը զրուցել է «Սպրինտ Կենտրոն» ընկերության հիմնադիր, Yerevan Events նախագծի հեղինակ Արթուր Կարճիկյանի հետ:

- Ե՞րբ եւ ինչպե՞ս առաջացավ նախագծի ստեղծման գաղափարը։

- Լինելով ժամանցասեր՝ միշտ առնչվում էի խնդրի հետ՝ ուր գնալ երաժշտություն լսելու, լիցքաթափվելու, ընկերների հետ ժամանակ անցկացնելու, ինչ ֆիլմեր են այս պահին կինոթատրոններում ցուցադրվում եւ այլն: Վստահ եմ, որ ժամանցի կազմակերպումը միշտ եղել եւ մնում է ամենաակտուալ հարցերից մեկը, որի հետ բախվել են շատերը: Միտք առաջացավ ստեղծել երեւանյան միջոցառումների եւ իրադարձությունների կենտրոնացված հարթակներ՝ բջջային հավելվածներ եւ կայք, որոնք հնարավորություն կտային մարդկանց արագ եւ հեշտ գտնել ցանկալի միջոցառումը: Այդպես ստեղծվեց yerevanevents.am-ը:

- Որո՞նք են Yerevan Events նախագծի թիրախային խմբերը, ո՞ւմ համար է այն նախատեսված:

- Yerevan Events-ն ուղեցույց է երեւանյան մշակութային, ժամանցային, բիզնես եւ այլ միջոցառումներով, իրադարձություններով հետաքրքրվողների համար:

Նախագծի բջջային հավելվածները մշակվել են 2014թ. «Սպրինտ Կենտրոն» ընկերության կողմից: Հավելվածները հասանելի է IOS եւ Android օպերացիոն համակարգերով:

Ներբեռնելով Yerevan Events հավելվածը օգտատերերը կարող են տեղեկանալ Երեւանի մշակութային եւ ժամանցային անցուդարձի, կինոցուցադրությունների, տարատեսակ բիզնես իրադարձությունների եւ երեկույթների մասին, ծանոթանալ ինչպես առանձին հաստատության սպասվելիք, այնպես էլ տարբեր հաստատությունների կողմից կոնկրետ օրը նախատեսվող բոլոր միջոցառումներին: Հավելվածը նաեւ խնայում է օգտատերերի ժամանակը՝ նախապես կարճ հաղորդագրությունների միջոցով տեղեկացնելով միջոցառումների մասին:

Yerevan Events-ը հասանելի է հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով, ինչն օգտվելու հնարավորություն է տալիս ինչպես երեւանցիներին, այնպես էլ Երեւան այցելած զբոսաշրջիկներին:

Հավելվածում առկա գործիքների օգնությամբ կարելի է հեշտությամբ գտնել ցանկալի վայրը կամ միջոցառման տեսակը:

-Ո՞րն է նախագծի նպատակը, եւ ի՞նչ խնդիրներ է այն լուծում:

- Yerevan Events նախագիծն այս պահին առաջին եւ միակ միջոցառումների մասնագիտացված ուղեցույցն է, որում ներառված են Երեւանի գրեթե բոլոր միջոցառումները:

Yerevan Events-ի հարթակներում ներկայացված են երեւանյան թատրոնների ներկայացումները, ակումբային, փաբային համերգները, փարթիները, ինչպես նաեւ բոլոր կինոթատրոնների ֆիլմացանկերը եւ այլն: Վերջին ամիսներին մեզ մոտ արդեն ներկայացված են նաեւ կրթական եւ բիզնես միջոցառումներ:

Նախագծի ստեղծման հիմքում դրված է մեկ պարզ նպատակ՝ դառնալ կամուրջ միջոցառում կազմակերպողների եւ ժամանցասերների միջեւ: Այսինքն՝ օգնել կազմակերպությանը գտնել իր լսարանը, հանդիսատեսին, այցելուին եւ հակառակը՝ ժամանցասեր հասարակությանը տալ հնարավորություն գտնել, ընտրել ցանկալի միջոցառումը եւ մասնակցել:

Yerevan Events-ի հետ համագործակցող կազմակերպությունները մեր փաթեթային առաջարկների միջոցով կարողանում են ոչ միայն իրենց միջոցառումները ներկայացնել նախագծի հարթակներում (կայք, հավելվածներ, սոցիալական ցանցեր եւ այլն), այլ նաեւ օգտվում են մեր առաջխացման եւ ծանուցման այլ գործիքներից:

- Ի՞նչ կազմակերպությունների հետ եք համագործակցում:

- Մեր նախագծի նպատակն է ընդգրկել եւ ներկայացնել քաղաքային բոլոր միջոցառումները, ուստի մեր կոմերցիոն քաղաքականությունն է՝ հարթակը դարձնել հասանելի ամենափոքրերից մինչեւ խոշոր կազմակերպություններին:

Համագործակցության միակ նախապայմանն այն է, որ հավելվածում ներկայացված հաստատությունը պարբերաբար հանդես գա միջոցառումներով:

Yerevan Events նախագծին արդեն միացել են ավելի քան 50 կազմակերպություններ, այդ թվում՝ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Երեւանի պետական կամերային թատրոնը, Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը, Երեւանի մնջախաղի պետական թատրոնը, Խամաճիկների պետական թատրոնը, Երեւանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը, Ամերիկյան Համալսարանը, այնպես էլ Մոսկվա, Սինեմա Սթար, Կինոպարկ կինոթատրոնները, թանգարանները, երաժշտական ակումբներ, փաբեր, հյուրանոցներ ռեստորաններ եւ այլն: Մենք ունենք լուծումներ նաեւ պրոդյուսերական կենտրոնների համար՝ մեկանգամյա համերգների առաջխաղացում եւ գովազդ:

– Վերջերս թողարկել եք Yerevan Events-ի նոր տարբերակը, կնշեք, թե որոնք են առավելությունները։

- 2016 թվականը մեզ մոտ նորամուծություններով լի տարի էր: Մշակվեց մեր yerevanevents.am կայքը, եւ ամբողջությամբ թարմացվեցին հավելվածները: Նոր հավելվածներում ուղղվել են նախկին տեխնիկական բացթողումները եւ մոտեցումները: Այժմ կայքն ու հավելվածներն ամբողջությամբ հարմարեցված են օգտատերերի ցանկություններին: Գրանցվելով՝ օգտատերը կարող է ընտրել եւ հետեւել միայն իրեն նախընտրելի վայրերում տեղի ունեցող միջոցառումներին, ստանալ միայն ցանկալի ծանուցումները:

Ընտրելով ապագայում սպասվող որեւէ միջոցառում կամ միջոցառումներ՝ օգտատերը դրանից 3 ժամ առաջ կստանա հիշեցում: Բարելավվել է որոնման համակարգը, ներդրվել են միջոցառման առանձնացման ֆիլտրեր՝ ըստ տեսակի, ըստ օրվա: Նախագծի գաղափարը մեծ հաշվով նորամուծություն չէ, արտասահմանյան գրեթե բոլոր քաղաքներում կան նման նախագծեր, սակայն մեր առավելություններից է միջոցառումների հավաքագրման ավտոմատացումը. մարդկային գործոնը հասցված է նվազագույնի:

- Որքա՞ն ժամանակ ու ջանքեր են պահանջվել Yerevan Events-ը մշակելու համար, եւ ի՞նչ դժվարությունների հանդիպեցիք հարթակի ստեղծման ճանապարհին։

- Նախագծի զարգացման բարդություններից մեկը հիմնականում այն է, որ մշակութային ժամանցը սպասարկող պետական մշակութային կառույցների մեծ մասը դժվարանում են մարքեթինգային ծախսերին ուղղված ֆինանսական ռեսուրսներ տրամադրել: Մենք, իհարկե, մեր սոցիալական պատասխանատվության շրջանակներում մի մասի հետ սկզբնական շրջանում աշխատում ենք անվճար՝ փորձելով աջակցել  եւ ներկայացնել այդ կառույցներում անցկացվող միջոցառումներն ու իրադարձությունները:

Հաջորդ խնդիրը կապված է այդ կառույցների ղեկավար մարմինների՝ բարձր տեխնոլոգիաներին եւ առաջխաղացման ժամանակակից գործիքներին տիրապետման բացը: Ուստի դրանց նշանակությանը թերահավատորեն են վերաբերում: Մենք հասկանում ենք, որ այս ամենի համար պետք է ժամանակ եւ համառորեն գնում ենք առաջ՝ հավատալով, որ վաղ, թե ուշ՝ բոլորը գալու են դրան:

Ի դեպ, Yerevan Events-ը «Սպրինտ Կենտրոն» ընկերության նախագծերից մեկն է. «Սպրինտ Կենտրոն»-ը ավելի քան 7 տարի մատուցում է էլեկտրոնային մարքեթինգային եւ PR ծառայություններ: Մենք պատրաստ ենք այդ խնդիրները լուծել՝ պետական կառույցների հետ միասին կազմակերպելով դասընթացներ եւ առաջարկելով ամբողջ աշխարհում ընդունված եւ ապացուցված մարքեթինգային եւ PR լուծումներ այդ  կառույցների աշխատակիցների համար:

– Կարծում եք՝ Հայաստանում կա՞ր նման նախագիծ ստեղծելու պահանջարկը:

- Դեռ 2014թ. ուսումնասիրելով շուկան՝ հասկացանք, որ Հայաստանում մինչ այդ պահը չէր եղել ամբողջական եւ կենտրոնացված  հարթակ, որտեղ ներկայացված կլինեին միաժամանակ քաղաքի մշակութային, կրթական, ժամանցային եւ բիզնես միջոցառումները:

Օրվա ընթացքում տեղի էին ունենում բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ եւ իրադարձություններ, սակայն մեր քաղաքացիներն եւ հյուրերը դժվարությամբ էին կարողանում գտնել իրենց ցանկալի ներկայացումը, նախընտրած ֆիլմի ցուցադրության ժամը կինոթատրոնում, սիրված խմբի համերգը ինչ-որ ակումբում եւ այլն: Թերեւս միակ օգնականը Ֆեյսբուքն է եղել, սակայն ոչ բոլոր վայրերի միջոցառումներն են այնտեղ հասանելի եւ ոչ բոլորն են գրանցված:

Մենք ներկայացնում ենք միջոցառումներ՝ տարբեր նախասիրությունների տեր մարդկանց համար: Մեր հավելվածը եռալեզու է, ինչը զբոսաշրջիկներին նույնպես տալիս է հնարավորություն գտնել իրենց նախընտրած միջոցառումը կամ վայրը:

2014թ. ամռանը ստեղծված հավելվածի առաջին թողարկումը կարճ ժամանակում դարձավ սիրված ժամանցասերների շրջանում եւ տվյալ ժամանակահատվածի ամենաշատ բեռնվող հավելվածը Հայաստանի օգտատերերի շրջանում:

Իսկ գործընկերների տեսանկյունից՝ Yerevan Events-ն իրենց միջոցառումը թիրախային լսարանին ներկայացնելու եւ գովազդելու յուրօրինակ եւ արդյունավետ առաջխաղացման հարթակ է, որը մինչ օրս բացակայում էր:

- Ի՞նչ եք կարծում՝ տեխնոլոգիական լուրջ երկիր դառնալու համար հայաստանյան ՏՏ ոլորտն ունի՞ բավարար ներուժ:

- Վերջին տարիներին Հայաստանում ստեղծվել են ստարտափներ, որոնց հաջողությանը կամ պահանջարկին սկզբում քչերն էին հավատում, սակայն հիմնադիրների աշխատասիրության եւ ճիշտ բիզնես քայլերի շնորհիվ նրանք այս պահին համարվում են կայացած բիզնեսներ: Ուստի մենք նույնպես վստահ ենք, որ մեծ հաջողությունները դեռ առջեւում են: Ես նույնպես այն մարդկանց թվին եմ պատկանում, որոնք հավատում են, որ մեր ապագան մարդկային ինտելեկտի մեջ է, եւ այս ժամանակահատվածը Հայաստանի՝ համաշխարհային մեծ ՏՏ շուկա մտնելու համար է: Ուղղակի անհրաժեշտ է  համաշխարհային ՏՏ պահանջներին զուգահեռ քայլել եւ ինտեգրվել գործընթացներին:

- Ի՞նչ նորություններ են սպասվում եկող տարում:

- Ինչպես արդեն նշեցի, 2016թ. մենք ամբողջությամբ նորացրեցինք մեր հավելվածները եւ ստեղծեցինք yerevanevents.am կայքը: Գալիք տարում փորձելու ենք համագործակցել նաեւ բանկերի, առեւտրային ոլորտի կազմակերպությունների հետ, քանի որ նրանց կողմից կազմակերպված միջոցառումները նույնպես քիչ չեն եւ պահանջված են հասարակության կողմից: Նախատեսում ենք նաեւ հետաքրքիր տեխնիկական նորամուծություններ, որոնց մասին կցանկանայի խոսել դրանց ավարտից հետո:  

2017թ. կփորձենք գտնել ներդրողներ՝ այս բիզնես-մոդելը Հայաստանի սահմաններից դուրս այլ քաղաքներում կիրառելու համար, իսկ մեծ քաղաքների դեպքում, այն կապահովի առավել բարձր կոմերցիոն արդյունավետություն:

Դիտում՝ 51251
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo