Ֆինանսական Համակարգի Հաշտարար


Ֆինանսական Համակարգի Հաշտարար

Ֆինանսական շուկայում Ձեր իրավունքների պաշտպանը

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Գրասենյակն (այսուհետ` Գրասենյակ) անկախ կառավարման համակարգով կառույց է, որի հիմնադիրը ՀՀ կենտրոնական բանկն է: Գրասենյակը ստեղծվել է 2008 թվականի հունիսի 17-ին ընդունված «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն: Այն սկսել է իր մասնագիտական գործունեությունը 2009 թվականի հունվարի 24-ից:

Հաշտարարի գրասենյակը ստեղծվել է հիմք ընդունելով կառույցի արդյունավետությունն ապահովող հանրորեն ճանաչված գործունեության սկզբունքները: Այդ սկզբունքները ներառում են` Անկողմնակալություն, Թափանցիկություն, Արդյունավետություն, և Արդարություն:

Գրասենյակի նպատակը ֆինանսական ոլորտում ֆիզիկական անձ սպառողների իրավունքների և շահերի պաշտպանությունն է, նրանց պահանջների արագ, արդյունավետ և անվճար քննությունը, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը և ֆինանսական միջնորդության ավելացումը:

Սպառողը կարող է ներկայացնել բողոք/պահանջ ՀՀ տարածքում գործող հետևյալ ֆինանսական կազմակերպությունների դեմ`

  • Բանկեր
  • Վարկային կազմակերպություններ
  • Ապահովագրական ընկերություններ
  • Ապահովագրական բրոքերներ
  • Ներդրումային ընկերություններ
  • Գրավատներ
  • Արտարժույթի առքուվաճառք իրականացնող անձանց
  • Արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառք իրականացնող անձան
  • Դրամական փոխանցումներ իրականացնող անձանց:

Գրասենյակը իրավասու է քննելու ֆիզիկական անձանց պահանջ-բողոքները, եթե հիմք համարվող գործողությունները կամ անգործությունը տեղի են ունեցել 2008թ.-ի օգոստոսի 2-ից հետո և Հաշտարարին դիմել են ֆինանսական կազմակերպությանը դիմելուց ոչ ուշ, քան 6 ամիս հետո: Գույքային պահանջը չպետք է գերազանցի 10 մլն. դրամը և այդ պահանջը պետք է նախապես ներկայացված լինի ֆինանսական կազմակերպությանը:

Հաշտարարին դիմելով հաճախորդը ոչինչ չի կորցնում, քանի որ Հաշտարարի ծառայություններն անվճար են, իսկ քննության գործընթացը պարզ է և կարճ`առանց քաշքշուկների, չկա իրավապաշտպանի անհրաժեշտություն, հաշտարարի որոշումը չի կրում պարտադիր բնույթ, և հաճախորդը միշտ կարող է դիմել դատարան, եթե համաձայն չէ Հաշտարարի որոշման հետ:

Հաշտարարը վստահելի է քանի որ ունի անկախ կառավարման համակարգ, ֆինանսավորվում է ֆինանսական կազմակերպությունների կողմից, ստանում է օրենքով սահմանած բարձր աշխատավարձ, ինչը ապահովում է անկողմնակալ որոշումների կայացում: Պարբերաբար հրապարակվող հաշվետվությունները ապահովում են Հաշտարարի գրասենյակի գործունեության թափանցիկությունը: Հաճախորդներին միշտ տրվում է բանավոր լսումների հնարավորություն, որտեղ կողմերը կարող են բերել համապատասխան դիրքորոշումներ և գալ մեկ ընդհանուր հայտարարի:

Հաշտարարն իրավասու չէ քննել պահանջը, եթե նույն պահանջի վերաբերյալ առկա է դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վճիռ, կամ պահանջը արդեն գտնվում է դատարանում կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում:

Պահանջների օրինակներ, որոնք Հաշտարարն իրավասու է քննել`

  • Սպառողը իրականացրել է դրամական փոխանցում, որի ուշացման հետևանքով կրել է դրամական կորուստ
  • Սպառողը ապահովագրել է իր մեքենան և վթարի ժամանակ վնասել է այն, իսկ ապահովագրական ընկերությունը հրաժարվում է փոխհատուցել վնասը
  • Սպառողի վարկային հաշվից (օրինակ պլաստիկ քարտով) գանձվել է գումար, որի մասին նա տեղյակ չէ
  • Սպառողի կարծիքով վարկային կազմակերպությունը կամ բանկը սխալ է հաշվարկել իր վարկի տոկոսագումարները/ամսեկան մարումների չափը:

Պահանջների օրինակներ, որոնք Հաշտարարն իրավասու չէ քննել`

  • Սպառողը պահանջում է, որպեսզի բանկը հետաձգի իր վարկային պայմանագրով նախատեսված տոկոսների մարման ժամկետը
  • Սպառողը ապահովագրական պատահարի ժամանակ տուժած երրորդ անձ է, պահանջում է հատուցում, սակայն ապահովագրական ընկերության հետ չի գտնվում պայմանագրային հարաբերություններում
  • Վարկային կազմակերպությունը կամ բանկը հրաժարվում է վարկ տրամադրել
  • Սպառողը հանդիսանում է լուծարված, սնանկ ճանաչված կազմակերպության ավանդատու, պարտատեր և այլն:
Հաշտարար Փիրուզ Սարգսյան
Հասցե 0010, Երևան, Վազգեն Սարգսյանի 26/1, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ, 411 սենյակ
Հեռախոս (10) 58 23 22, 58 23 21
Ֆաքս (10) 58 24 21
Էլ. փոստ info@fsm.am
Վեբ. կայք http://www.fsm.am
Արժույթ
NASDAQ OMX
Արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքները: 30.07.2010

USD 370.16 - 0.25
GBP 578.34 - 1.13
EUR 482.95 - 1.29
RUR 12.24 - 0.04